Լրահոս
Օրվա լրահոսը

«3 հատ սպեցնազի բրիգադ է ձևավորել իր աթոռը պահելու համար՝ սահմանային մեր բնակիչներին ասելով՝ թքած ունեմ ձեզ վրա»․ Սեյրան Օհանյան

Ապրիլ 29,2024 21:21

«Երբ Արցախն ու Հայաստանը միասնական, ինտեգրված համակարգ էին, Արցախը հանդիսանում էր ՀՀ-ի զրահաբաճկոնն ու սաղավարտը։ Երբ այս զրահաբաճկոնն ու սաղավարտը չկան, մենք մերկ ենք։ Տավուշի գործողությունները դրա մասին են խոսում, որ մենք հիմա ավելի խոցելի ենք»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկման հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա համոզմամբ՝ Արցախի հարցի՝ անընդհատ բարձրացրած պահելը այլընտրանք չունի, և դա անհրաժեշտություն է․ «Եթե այսօրվա ՀՀ իշխանությունները հրաժարվում են Արցախի հարցը բարձրացված պահելուց, նրանք ևս մեկ անգամ փորձում են ապացուցել իրենց ապազգային, ապիկար, դավաճանական կեցվածքը մեր հայրենիքի մի հատվածի նկատմամբ։ Արցախի հարցը փակ չէ»։

Սեյրան Օհանյանը, հղում կատարելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությանը, նշեց, որ դրանով սահմանված է՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անելու են կանխելու բռնագաղթեցումն Արցախից․ «Դա չեն արել ՀՀ իշխանությունները, ինչը խոսում է այն մասին, որ նրանք լեգիտիմ չեն»։

Նա կարևորեց Արցախի սուբյեկտայնության մասին խոսելը ու նշեց. «Ովքեր նսեմացնում են Արցախի ՊԲ-ի գործողությունները՝ այդ տասնամյա շրջափակման հերոսություններն ու քաջագործությունները, նրանք իրական դավաճաններն են։ Այս առումով խոսում ենք հավաքական հետվերադարձի երաշխիքների մասին։ Մենք պետք է կարևորենք նաև Արցախի կառավարման համակարգի գործունեությունը։ Մեր բոլորի խնդիրն է նաև օգնել Արցախի այսօրվա ղեկավարությանը»։

Սեյրան Օհանյանն ասաց, որ Արցախի նախագահին առաջարկել է՝ Արցախի կառավարությունը պետք է համապատասխան ռազմավարություն մշակի․ «Մենք իրենց պետք է օգնենք փորձագետներով՝ նաև միջազգայի փորձագետներով։ Գործող ձևաչափով կամ այլ ձևաչափով բանակցություններն այլընտրանք չունեն։ Մենք հակառակ գործող իշխանություններին՝ մի քանի շեշտադրում ենք անում․ ցույց տանք, որ կարող ենք ռազմաքաղաքական իրավիճակն ավելի հստակ գնահատելով՝ որոշել ներքին ու արտաքին սպառնալիքները, դրանից ելնելով առաջնահերթությունները՝ բանակի համալրման առումով։ Բանակի ժամանակակից խնդիրների առաջադրումն ու նախապատրաստությունն առաջնահերթ է, քան ոստիկանապետության կառուցումը։

Օրինակ՝ էդ կարմիր, սև բերետավորների փոխարեն, եթե մարդը մտածում է իր երկրի մասին, ինքը երեք հատ սպեցնազի բրիգադ կձևավորեր, որոնք կտեղակայեր մեր այսօրվա սահմանին՝ ամենավտանգավոր տեղերում։ Ինքը երեք հատ սպեցնազի բրիգադ է ձևավորել իր աթոռը պահելու համար՝ ուղղակի սահմանային մեր բնակիչներին ասելով՝ կներեք արտահայտությանս համար, թքած ունեմ ձեզ վրա․ ինձ համար կարևորն աթոռն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930