Շուտով դարձյալ կհնչի առաջին զանգը, և Քաշաթաղի կրթօջախները ևս կընդունեն իրենց սաներին: Շրջանի մի շարք դպրոցների շենքերն ունեն նորոգման, բարեկարգման, ընդլայնման կարիք: Սակայն շինարարական աշխատանքներ այժմ ընթանում են մի քանիսում;
Վերջերս «Քաշաթաղի հանրակրթական հաստատությունների տնօրենություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Սահակյանի հետ այցելեցի Վուրգավան, Արծվաշեն, Փակահան համայնքներ, որոնց կրթօջախներում իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Վուրգավանը շրջկենտրոն Բերձորից մոտ 40կմ հարավ է: Շրջանի առաջին բնակավայրերից է. դպրոցը գործում է 1997 թվականից; Երկհարկանի շենքի հիմնանորոգումը կայանում է ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» կազմակերպության կողմից, հանգանակած միջոցներով: Կազմակերպության համանախագահներ՝ ամուսիններ Ստեփան Սարգսյանի և Նելլի Մարտիրոսյանի ջանքերով կատարվում է հանգանակություն, որն էլ օգտագործվում է դպրոցական շենքերի հիմնանորոգման նպատակներով: Նույն ձևով անցած տարի իրականացավ Լեռնահովիտի դպրոցի շենքի հիմնանորոգումը:

Կարդացեք նաև
Արծվաշենի գյուղական համայնքում դպրոցը գործում է 1998-ից՝ փոքր և հարմարեցված շենքում: Այս տարի ընթացիկ վերանորոգումների շրջանակում հնարավոր եղավ շինարարական աշխատանքներ իրականացնել դպրոցին կից երկհարկանի կիսակառույցում, որի առաջին հարկում կգործի 8 դասասենյակ: Հովհ. Սահակյանի հետ ծանոթացանք կատարված աշխատանքներին: Երկրորդ հարկի շինարարությունը կշարունակվի եկող տարի, իսկ առաջին հարկում ներքին հարդարման աշխատանքներ էին ընթանում: Շինարարներից Յուրիկ Ծատրյանը տեղեկացրեց, որ արդեն 20 օր է, ինչ այստեղ են, կատարել են ամրացման աշխատանքներ, շինանյութի պակաս չունեն:
Անդրանիկ Դալլաքյանը Մայիս և Մանվել եղբայրների հետ Կովսականից են եկել: Ասաց՝ կհասցնեն սեպտեմբերի 1-ին հանձնել առաջին հարկը: Կարապետ Պետրոսյանն Աղանուսից է, և միասին ձգտում են ժամանակին ավարտել նախատեսած աշխատանքները: Սկսել են նաև տանիքը կապելու աշխատանքները, որը կատարում են առավոտյան, քանի որ բարկ արևի տակ դժվար է աշխատել թիթեղի հետ:
Հովհ. Սահակյանը նշեց, որ երկրորդ հարկում կկառուցվի հանդիսությունների դահլիճ, իսկ աշակերտների և դասարանների ավելանալու դեպքում` նոր դասասենյակներ կավելացվեն: Առաջին հարկում, բացի դասասենյակներից, կգործի նաև գրադարան:

Զոհրաբ Ըռքոյան


















































