Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Լարսում հերթերը չեն վերանում. ո՞ւր մնաց «կանաչ միջանցքը». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 05,2015 12:05

 Վերին Լարսի անցակետում կուտակումները վերջին տարիներին սովորական են դարձել

Դրանք չնայած երբեմն-երբեմն թուլանում են, այնուհանդերձ խնդիրը մշտապես այժմեական է մնում։ Հերթական անգամ այն սրվեց անցած մի քանի օրերին, երբ մեծացավ թուրքական ապրանքներով բեռնված մեքենաների հոսքը, որոնք շարժվում են դեպի ռուսական շուկա։
Ինչպես հայտնի է, Վերին Լարսը Հայաստանը ԵԱՏՄ երկրների եւ արտաքին աշխարհի հետ կապող հաղորդակցության միակ ցամաքային ուղին է։ Թվում է, թե նոր տնտեսական տարածքին անդամագրվելուց հետո հայկական բեռների տեղափոխման համար պայմանները կբարելավվեն՝ հաշվի առնելով ոչ միայն հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների նոր մակարդակը, այլեւ այս երթուղու նշանակությունը Հայաստանի արտաքին առեւտրափոխանակումների իրականացման գործում։
Առավել եւս, որ խնդիրները կապված են առաջին հերթին անցակետի ռուսական հատվածի հետ եւ հիմնականում տեխնիկական են։ Այնպես որ, ցանկության դեպքում դրանք շատ արագ կարող են լուծվել։
Նոր տնտեսական տարածքին Հայաստանի անդամագրումից անցել է ութ ամիս, սակայն այդ առումով գրեթե ոչինչ չի փոխվել։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հայկական փոխադրողները մշտապես բախվում են խցանումների հետ՝ ստիպված լինելով օրեր շարունակ սպասել իրենց հերթին։ Սա լուրջ խնդիր է հատկապես այս շրջանում, երբ Հայաստանից մեծ քանակությամբ գյուղմթերք է արտահանվում ռուսական շուկա։
Դժվար չէ պատկերացնել, թե մի քանի օր շարունակ խցանումների մեջ մնալուց հետո որքան կարող է տուժել գյուղմթերքների ապրանքային տեսքը։ Չհաշված, որ արտահանողները ֆինանսական զգալի կորուստ են ունենում։
Մի բան, որ բնականաբար թանկացնում է արտահանումը՝ նվազեցնելով նաեւ դրանց մրցունակությունը։ Մանավանդ վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացման համար առանց այդ էլ խնդիրները քիչ չեն՝ կապված ինչպես ռուբլու կտրուկ արժեզրկման, այնպես էլ սպառողների գնողունակության անկման հետ։
Մինչդեռ տարեսկզբին հայտարարվում էր, թե անցակետում Հայաստանից ուղեւորվող բեռների համար կբացվի հատուկ, այսպես ասած, «կանաչ միջանցք», որպեսզի արագացված ընթացակարգերով իրականացվի հայկական հոսքերի սպասարկումը։
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամագրվելուց հետո դա միանգամայն տրամաբանական կլիներ։ Նոր տնտեսական տարածքի ստեղծումը ենթադրում է, որ անդամ երկրների միջեւ ինչպես առեւտրային, այնպես էլ հաղորդակցության հարաբերությունները պետք է հնարավորինս հեշտ եւ պարզեցված լինեին։ Բայց դա առայժմ չի կարելի ասել վրաց-ռուսական սահմանային անցակետի դեպքում։ Հայաստանյան բեռնափոխադրողները նույն կերպ են անցնում անցակետը, ինչպես, ասենք, թուրքականները։

Վասակ Թարփոշյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930