Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Սանդոյան. «Պատերազմող պետությունը պետք է ունենա մոբիլիզացիոն ինստիտուտներ». «168 ժամ»

Հոկտեմբեր 15,2015 11:48
Sandoyan

Ազգային ժողովն անցած քառօրյա նիստերի ժամանակ հավանության արժանացրեց Սահմանադրության նոր նախագիծը հանրաքվեի դնելու մասին հարցը, եւ օրեր անց Սերժ Սարգսյանի հրամանագրով հանրաքվեն նշանակվեց դեկտեմբերի 6-ին: Թե ինչպե՞ս կազդի այս փոփոխությունները տնտեսության վրա, «168 ժամկ» զրուցեց տ. գ. թ., պրոֆեսոր, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանի հետ

– Պարոն Սանդոյան, ի՞նչ եք ակնկալում սահմանադրական փոփոխություններից։

– Տնտեսագիտության տեսանկյունից եթե դիտարկենք, ապա իմ շատ սուբյեկտիվ կարծիքով՝ կա 4 վտանգ։

Առաջինը՝ այն երկրներում, որտեղ դեռ կայացած չեն տնտեսությունը, ինստիտուտները, հարաբերությունները հիմնվում են շատ հաճախ ոչ ֆորմալ ինստիտուտների և արժեքների վրա, նման փոփոխությունները երկրորդական են, ավելի կարևոր է ինստիտուտների կայացումը։ Իսկ այս անցումային փուլում ինստիտուտները կարող են կայանալ, երբ կա ուղղահայաց կառավարման կառուցվածք՝ օժտված որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու հնարավորություններով։

Երկրորդ. ինչպե՞ս կարող է զարգանալ գործընթացը։ Ասում են՝ անցում են կատարում խորհրդարանական համակարգի, սակայն, իմ կարծիքով՝ այն, ինչ ուզում ենք անել, խորհրդարանական չէ։ Ավելի շատ, պայմանականորեն ասված, կուսակցական համակարգ է, որտեղ իշխող կուսակցությունը, ինչպես ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ-ն էր, կարող է շատ լուրջ կայուն ռեսուրս ձեռք բերել և կառավարել ամբողջ երկիրը։

Մենք չունենք կուսակցականության կայացած ինստիտուտ, չունենք մշակույթ, մեզանում կուսակցությունները կուսակցություն չեն, դրանք իշխանությունը ներկայացնող ուժ են, որտեղ հավաքագրվում են բոլոր այն մարդիկ, որոնք ունեն պաշտոն կամ ձգտում են պաշտոնի, դրանք վերջում դառնում են միասնական ինչ-որ մի ինստիտուտ, որ ունեն բոլոր հնարավոր ռեսուրսները՝ և ֆինանսական, և իշխանական, ու շատ դժվար է ազատվել այդ համակարգից, որովհետև չկա կուսակցական մրցակցություն այնպես, ինչպես մեր տնտեսությունում չկա մրցակցություն, գերիշխող դիրք են գրավում մի քանի տնտեսվարողներ։ Սա շատ վտանգավոր է։ Մենք չունենք ավանդական կուսակցություններ, որոնք հարյուրավոր կամ տասնյակ տարիներ գործել են, բնակչությունը տարանջատում է մեկը մյուսից։ Օրինակ՝ ես չեմ կարող գտնել որևէ լուրջ տարբերություն ՀՀԿ-ի, նախկինում՝ ԲՀԿ-ի, որ հիմա հայտնի չէ, թե ինչ է դարձել, ՕԵԿ-ի կամ մյուսների գաղափարախոսությունների միջև։ Տարբերությունը միայն անձինք են, որոնց եթե հանենք, մնացածը հայտնի չէ։ Միակը խոշոր կուսակցություններից, որ կարծես թե տարբերվում է, ՀՅԴ-ն է, որը, սակայն, ես կուզենայի տեսնել ժողովրդավարական, սոցիալիստական կուսակցություն, որովհետև նրանց 100-ամյա պատմությունն այդ հենքի վրա է կայացել։ Բայց, ցավոք, ՀՅԴ-ն Հայ Դատից այն կողմ ազգային որևէ այլ գաղափարախոսություն չի փորձել վերջին տարիներին զարգացնել։ Մնացած այլ կազմավորումներն անվանել կուսակցություն՝ ես կվախենայի։

Մենք այս դաշտում ձևավորում ենք մի նոր կառուցվածք, որտեղ հայտնի չէ, թե ինչ սկզբունքով է լինելու մրցակցությունը՝ ընտրությունները։ Գաղափարների պայքար չկա, և մենք մեղավոր չենք, այլ երկրներում դա դարերի ընթացքում է ձևավորվել։

Այսինքն՝ մենք ԱԺ դերն ուժեղացնում ենք, իշխանական լծակները մեծամասամբ տեղափոխում ենք վարչապետի ինստիտուտ, թողնում ենք ընդամենը մեկ առաջնային մանդատով օժտված ինստիտուտ՝ ԱԺ-ն, երկրի նախագահի և վարչապետի ինստիտուտները դառնում են ածանցյալ, բայց օժտված լիարժեք գործառույթներով։

Սակայն 2 փուլով ընտրվող ԱԺ-ի գործոնն էլ լավ հասկանալի չէ և, կարծես, նպատակ ունի ապահովելու ՀՀԿ-ի կայուն իշխանություն։ Բնական է, որ ՀՀԿ-ն ցանկություն ունի պահպանել ու ամրապնդել իր դիրքերը։ Ցանկացած երկրում ցանկացած ուժ ձգտում է դրան, և այստեղ խնդիր չկա։ Խնդիրն այդ կոնստրուկցիայի մեջ է, թե ինչպես պետք է մրցակցեն քաղաքական մյուս ուժերը։ Արդյունքում, օրինակ, Վրաստանում ժամանակից շուտ անցան այս մոդելին, և ո՞վ է այսօր Վրաստանի Հանրապետությունում այն անձը, որ համարվում է երկրի ղեկավար, չկա այդ մարդը։ Վրաստանի նախագահն անհասկանալի դեր ունեցող պայմանական ֆիգուր է, վարչապետն ավելի լայն իրավունքներ ունի ու օժտված է գործադիր իշխանությամբ, բայց միանձնյա ղեկավար չէ։ Եվ ո՞վ է այսօր Վրաստանի թիվ 1 անձը՝ Բիձինա Իվանիշվիլին, ով ոչ մի պաշտոն չի գրավում, ուղղակի տանը նստած՝ բոլոր լծակներն իր ձեռքում են, իսկ ձախողելու դեպքում ոչ մի պատասխանատվություն չի կրում։ Սա՝ երրորդ վտանգը։

Եվ չորրորդ՝ մենք պատերազմող պետություն ենք, որի մասին մոռանում ենք։ Պատերազմող պետությունը պետք է ունենա մոբիլիզացիոն ինստիտուտներ և ռեսուրսներ, այսինքն՝ պետք է լինի մեկը, ով կարող է և իրավունք ունի մի վայրկյանում որոշումներ կայացնել։ Այլապես, անհրաժեշտության դեպքում, մինչև ԱԺ-ն հավաքվի, օրերով քննարկեն, մենք կարող ենք մի տարօրինակ իրավիճակում հայտնվել։ Այնինչ, մենք ունենք ռիսկեր, որոնք պահանջում են միանձնյա ղեկավարի առկայություն։

Համամիտ եմ, որ այդ միանձնյա ղեկավարը չունենա շատ մեծ իշխանություն, դրան պետք է լինեն լուրջ հակակշիռներ, օրինակ՝ անհամեմատ խիստ զարգացնել և ուժեղացնել ԱԺ-ի դերը, կամ վարչապետը հենց ինքը երկրի նախագահը լինի։ Այս հակակշիռները կստեղծեին այն, ինչի մասին մենք այսօր խոսում ենք, որ իբր նախագահականից անցնեք խորհրդարանականի, լավ կլինի։ Բայց այս նախագիծը խորհրդարանական չի նշանակում, այլ կիսավարչապետական համակարգ է, բայց կրկին վարչապետն ու նախագահը կախված են ԱԺ-ից, ԱԺ-ն էլ կախված է իշխող կուսակցությունից, որն էլ՝ մի մարդուց, ով Իվանիշվիլիի նման կարող է տանը նստել ու կառավարել երկիրը։ Չեմ կարծում, որ այսօր մենք դրան պատրաստ ենք, ես ռիսկեր եմ տեսնում։

 

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031