Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացասական զարգացում է, որ Փերինչեքը հաղթող է ճանաչվել»

Հոկտեմբեր 19,2015 15:00

Ըստ թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի՝ ՄԻԵԴ-ի որոշման վրա ազդեցություն չէր կարող ունենալ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը

Հոկտեմբերի 15-ին հայկական եւ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի Մեծ պալատի վճիռն էր: Եվրոպական բարձրագույն դատարանի որոշումը հօգուտ թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի էր: Նա հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ:

Գործում Հայաստանը ներգրավված էր որպես երրորդ կողմ: Վճիռը հայտարարելու օրը ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվեց, որ Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացրած բոլոր պահանջները բավարարվել են: Ի հակառակ դրան՝ Թուրքիան պետական մակարդակով՝ ի դեմս արտգործնախարարության, հայտարարեց, որ ըստ վճռի՝ 1915 թվականի իրադարձությունները իրավական քննության առարկա են, եւ տեղի ունեցածի վերաբերյալ տարբեր կարծիքների արտահայտումը պաշտպանվում է խոսքի ազատությամբ: 1915 թվականի դեպքերը որեւէ կերպ հնարավոր չէ համեմատել Հոլոքոստի հետ:
Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով ՄԻԵԴ-ի վճռի մասին՝ նշեց. «Եթե պատմական արդարության մասին ժխտելը խոսքի ազատության շրջանակներում է դիտվում, արդեն բացասական զարգացում է դառնում, եւ կարող է լինել նախադեպային»: Գործի հետ կապված իրավական գնահատականներ թուրքագետը չի տալիս, ասում է՝ գործը միջազգային իրավագետների քննության կարիք ունի, սակայն մասնագիտական աչքով նկատում է այս գործում քաղաքական շարժառիթները:
«Առավել հետաքրքիր է թուրքական կողմի դիրքորոշումն այս հարցում եւ այն, որ այս գործը Թուրքիայում համարում էին ազգային գործ: Այս վճիռը թուրքական մեդիան ներկայացրեց որպես ազգային հաղթանակ: Պետք է հիշել, որ Փերինչեքին թույլատրվեց մասնակցել դատավարության Թուրքիայի արտգործնախարարության որոշմամբ: Թուրքական դատարանը արգելել էր նրան լքել երկրի տարածքը: Այնպես որ՝ պետք է հասկանանք, որ Փերինչեքի գործով Թուրքիան ցույց է տալիս, որ իր ժխտողական քաղաքականությունը շարունակական է եւ պետական մակարդակով է աջակցում Փերինչեքին»:
Պարոն Պետրոսյանը սպասելի է համարում այն հանգամանքը, որ Եվրադատարանը նույն կերպ չի վերաբերում Հոլոքոստին եւ Հայոց ցեղասպանությանը, ասում է՝ այդ վերաբերմունքը տարիների ավանդույթ ունի:

Դատախազության տարածած հայտարարության մասին եւս թուրքագետը խոսելիս նշում է, որ եթե իրավական տեսանկյունից ենք նայում, գուցե վճիռը դժգոհության առիթ չպետք է ունենա. «Բայց այնուամենայնիվ, որ Փերինչեքը հաղթող է ճանաչվել, բացասական զարգացում է»:

Այս տարի աշխարհի ուշադրությունը գրավեց Հայոց ցեղասպանությունն իր 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներով, մեկ դար առաջվա կատարվածը շատ երկրների կողմից ճանաչվեց որպես ցեղասպանություն. այս հանգամանքը, ըստ թուրքագետի, չէր կարող եւ չունեցավ ուղղակի ազդեցություն ՄԻԵԴի վճռի վրա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031