Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղեկատվության ազատության ոլորտում ամենագլխավոր խնդիրը հրապարակային աշխատելու մշակույթի բացակայությունն է». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2015 19:45

Գեւորգ Հայրապետյանը համարում է՝ հարցումներին ուշացումով պատասխանելը եւս խնդիր է

«Եթե նախկինում մերժումներն էին ամենաշատը, այսօր արդեն ոչ, ըստ էության, պատասխաններն են, լղոզված պատասխանները»,- հոկտեմբերի 23-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում օրենսդրություն եւ պրակտիկա» թեմայով կլոր սեղանի ընթացքում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը:

Նա նշեց, որ կառավարության՝ հոկտեմբերի 15-ին ընդունած տեղեկատվության տրամադրման նոր կարգը այս խնդրին հստակ լուծում է տվել՝ կարգը հստակ պահանջ է դրել, թե ինչպես պետք է պատասխանել հարցմանը, օրինակ՝ եթե հարցերը համարակալված են, ապա պատասխանն էլ պետք է համարակալված լինի, ոչ թե մեկ նախադասությամբ: Տեղեկատվության տրամադրման նոր կարգը ուժի մեջ է մտնելու 2016 թվականի հունվարի 1-ից:

Լիանա Դոյդոյանի խոսքերով՝ կարգը էլեկտրոնային հարցումների խնդիրն է լուծում եւ հունվարի 1-ից հետո ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր, ե՛ւ էլեկտրոնային հարցումները կհամարվեն  պաշտոնական տեղեկություն ստանալու հարցումներ եւ պետք է նույն ընթացակարգով նրանց պատասխան տրվի. «2003 թվականին «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, երբ ընդունվեց, այս հարցը բաց մնաց, այդքան առաջնահերթ չէինք համարում, տարածում չկար, բայց այս տարիների ընթացքում նախարարությունները նույնիսկ չեն մերժում եւ լրագրողները գիտեն եւ այդ պրակտիկան լուրջ ձեւավորված է առանց իրավական հիմքերի էլեկտրոնային հարցումները ուղարկվում են եւ պատասխանները գալիս են, այսինքն՝ պրակտիկան կար, բայց իրավական հիմքը չկար»:

Լիանա Դոյդոյանը տեղեկացրեց, որ այդ կարգով յուրաքանչյուր մարմին պետք է տեղեկատվության տրամադրման համար համապատասխան պաշտոնյա ունենա: Կարգը պահանջում է նաեւ, որ այդ մարդկանց տվյալները հրապարակվեն կայքերում, որպեսզի մարդիկ կարողանան գտնել այդ պատասխանատու անձի տվյալները եւ իրենց հարցերը ուղղել նրանց:

Տեղեկության տրամադրման նոր կարգով խրախուսում է նաեւ պրոակտիվ տեղեկատվության տրամադրում. «Լինում է՝ հասարակական կազմակերպությունը մյուսից անկախ նույն տեղեկությունը ստանալու հարցումներն են ուղղում տվյալ գերատեսչությանը: Կարգը ի՞նչ է ասում, եթե հինգ անգամ նույն հարցումը ստացվում է, կապ չունի՝ ումից, պարտավոր եք «Հաճախ տրվող հարցեր» բաժին ունենաք, եւ ամփոփելով այս հարցումը եւ իր պատասխանը հրապարակել: Այսինքն՝ մենք յուրաքանչյուր գերատեսչության կայքում ունենալու ենք մի բաժին, որտեղ նախ ստուգելու ենք արդյոք մեր հարցերի պատասխանը կա՞ այնտեղ, թե՞ ոչ, որը հանրային մեծ հետաքրքրություն է վայելում, նոր կարող ենք դիմել այդ տեղեկությունը ստանալու համար: Սա հեշտացնում է եւ օպերատիվ է դարձնում»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գեւորգ Հայրապետյանը նշեց, որ իրավիճակը հանգեցրել է նրան, որ պետական մարմինները սկսել են կարողանալ ցույց տալ, թե իրենք լավ են աշխատում. «Հիմա իրենք հասկացել են, որ հենց չեն պատասխանում ահավոր խոցելի են եւ սկսել են պատասխաններ տալ, բայց այդ պատասխանները լղոզված են, խորամանկ են, թեմայից շեղում են, ընդհանրապես ուրիշ բանի մասին են, մեկ-մեկ էլ լինում են ոչ թե դիտավորյալ շեղող, այլ որ համապատասխան փորձառության, գիտելիքի պակաս կա այդ մարմնում, գիտի զուտ գրագիտությունն է իմաստը»:

Գեւորգ Հայրապետյանը տեղեկատվության ազատության ոլորտում ամենագլխավոր խնդիրը համարում է հրապարակային աշխատելու մշակույթի բացակայությունը. «Որոշ պաշտոնյաներ դեռ ունեն սովետական մտածելակերպ այն մասին, որ պաշտոնը իրենց սեփականությունն է, իրենք, երբ դառնում են պաշտոնյա, այդ ոլորտը իրենց սեփականությունն է եւ այլն: Թեեւ կարող են շատ պրոգրեսիվ լինել, բայց մեկ-մեկ իրենց այդ սովետականությունը խանգարում է»:

Նա նշեց, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը այս տարի ուղարկել է 253 հարցում, դրանից 155-ին ստացել են ժամանակին եւ լիարժեք պատասխան, 48-ին պատասխանել են լիարժեք, բայց ուշացումով. «Սա խնդիր է, որովհետեւ դիմում են մարդիկ, որոնք ունեն խնդիր, ուզում են լուծել այդ տեղեկության միջոցով կամ դիմում են մարդիկ, որոնք ուզում են ինչ-որ բանից օգտվել կամ էլ լրագրողները ու Հ/Կ-ները, որոնք հանրային շահ են պաշտպանում: Հենց տեղեկությունը ուշացրեցին խնդիրը կարող է իր իմաստը կորցնել կամ հանրային շահը երկար ժամանակ մնալ չպաշտպանված կամ խախտված»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031