Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Ղարաբաղը վերջին անգամ երևի սկսել են հանձնել 1980-ականների սկզբից»

Նոյեմբեր 11,2015 20:12

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը որևէ կապ չունի այն բոլոր մեկնաբանությունների հետ, հատկապես Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ, որոնք ծավալվում են այս օրերին:

Պարոն Մինասյանը նման հրապարակումները համարում է սպեկուլյացիա: Aravot.am-ի հետ զրույցում Ղարաբաղը հանձնելու մասին պնդումներին ի պատասխան պարոն Մինասյանը հեգնեց. «Ղարաբաղը վերջին անգամ երևի սկսել են հանձնել 1980-ականների սկզբից, երբ մենք դեռ  Ղարաբաղը լիովին չունեինք: Այսպիսի խոսակցություններ տեղի են ունենում նմանատիպ ամեն հանդիպումից հետո: Լավրովի այցը ղարաբաղյան հակամարտության հետ կապ չունի: Պարզապես կան ԶԼՄ-ներ, որոնք համարելով, որ Ղարաբաղի հարցը  ամենազգայուններից է, դրա վրա սպեկուլյացիա են անում: Լավրովի այցը ավելի շատ կապ ուներ Մերձավոր Արևելքի քննարկումների, սիրիական ճգնաժամի հետ: Ի վերջո` բոլորն էլ հասկանում են, որ ՀՀ-ն չնայած բավականին սուղ միջոցների և ռեսուրսների, սիրիական կոնցեպտում ավելի քան շահագրգռված երկիր է. կա հայ-թուրքական համայնք, կան հայկական ջոկատներ, որ կռվում են այդ թվում նաև կառավարական զորքերում:

Մյուս կողմից այն, որ ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերությունները գտնվում են ամենավատ աստիճանին սառը պատերազմից հետո, խոսել այն մասին, որ ՌԴ-ն չգիտեմ ինչ պատճառով ուզում է այնպես անել, որ հայերը հանձնեն Ղարաբաղը, Հայաստանը թուլանա, այս համատեքստում այդ մարդիկ կամ պարզապես քաղաքական պատվեր են կատարում, կամ շարունակում են մնալ մոլորության մեջ: Չեմ կարծում, որ որևէ զարգացում դրական, թե բացասական առումով, կարող է հանգեցնել Ղարաբաղի հանձնմանը»:

Պարոն Մինասյանը պարզաբանեց, որ ռուսական «Կոմերսանտը» իրենից ևս պարզաբանում է վերցրել այդ հարցով, և հղում կատարելով չորս կամ հինգ անանուն աղբյուրների, Ղարաբաղը հանձնելու մասին վերլուծություն է կատարել, որը հեռու է իրականությունից. «Միգուցե ՌԴ ԱԳՆ-ի ինֆորմացիոն բաժինը փորձում էր ասել, որ Լավրովի այցը հաջող է ստացվել, բայց իրենց մոտ ուղղակի տարօրինակ մի նյութ ստացվեց»:

Մեր դիտարկմանը՝ ներկայիս աշխարհում այնքան անակնկալ զարգացումներ են լինում, օրինակ՝ ԵԽԽՎ-ի ընդունած խայտառակ զեկույցը, ապա ի՞նչ երաշխիքներ, որ մի օր էլ նման իրավիճակի հետ գործ կունենանք, պարոն Մինասյանը պատասխանեց. «Գոյություն ունեցող ռազմաքաղաքական բալանսը, Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը, ապա նման բան հնարավոր չէ: Բոլորը լավ գիտեն, որ այն դեպքում, երբ կողմերից ոչ մեկ պատրաստ չէ լուրջ փոխզիջումների, ինչ-որ մեկի վրա ազդելով՝ իրենք կունենա ավելի վատ իրավիճակ, քան ունեն այս պահին: Որևէ ձևով այդ տարածքների փոփոխություններով հակամարտությունը չի լուծվում, նախ դա հնարավոր էլ չէ, ինչո՞ւ պիտի հայերը 25 տարվանից հետո որոշեն, որ այսօր պիտի գնան միակողմանի զիջումների»:

Դառնալով ԵԽԽՎ-ի զեկույցի մասին մեր հիշատակմանը՝ պարոն Մինասյանն ասաց. «Նախ այդ զեկույցը չի ընդունվել, հետո ՄԱԿ-ում բազում բանաձևեր են ընդունվել, որտեղ պահանջում են հայկական զորքերը դուրս բերել Ղարաբաղից: Ոչինչ չի փոխվել, 1990-ականներին դրան կոնկրետ ժամկետներ էլ կային: Այնպես որ, նախադրյալներ չեմ տեսնում, որ կարող են նման զարգացումներ լինել»:

Հետաքրքրվեցին՝ ՀՀ-ԵՄ նոր մակարդակի բանակցություններն այս անգամ ՀՀ-ի համար օգտակար արդյունքներ կունենա՞ն, ՌԴ-ն դա թույլ կտա՞, պարոն Մինասյանը պատասխանեց. «Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՌԴ-ն էլ պիտի շահագրգռված լինի, քանի որ ՀՀ-ն, լինելով ԵԽ անդամ երկրներից, ԵՄ-ի հետ համագործակցության նոր ձևաչափ կնքելով կարող է լինել լավ օրինակ ՌԴ-ԵՄ հարաբերությունների համար: ՌԴ-ն ավելի շատ շահագրգռված պիտի լինի այդ համագործակցությամբ: Համենայն դեպս այս պահին որևէ ներվայինություն այդ առումով Ռուսաստանի կողմից չեմ տեսնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30