Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու րոպե խոսելու արվեստը

Նոյեմբեր 18,2015 10:00

Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը երեկ ԱԺ-ում արտահերթ ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով, մասնավորապես, առաջարկվում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ սահմանափակել հարց տալու եւ պատասխանի տեւողությունը՝ 2-ական րոպե, իսկ արձագանքների համար՝ 1-ական րոպե: Նպատակն այն է, որ գործադիրին հնարավորինս շատ հարցեր ուղղվեն:

Երկու րոպեն քիչ ժամանակ չէ, գրավոր տեքստի վերածած՝ համակարգչային մեկ էջից մի փոքր պակաս. այդ ընթացքում հնարավոր է բազմաթիվ ամփոփ մտքեր արտահայտել: Բայց ես կասկածում եմ, որ այդ նախագիծը կընդունվի, որովհետեւ առաջարկն արտաքուստ «տեխնիկական» է, բայց ընդունվելու դեպքում այն փոքրիկ «մշակութային հեղափոխություն» է առաջացնելու՝ թեկուզ խորհրդարանական մակարդակով: Որովհետեւ այդպիսով կհաստատվի, որ մարդիկ հարց են տալիս՝ ինչ-որ բան իմանալու համար, եւ պատասխանում են՝ որոշակի տեղեկատվություն հաղորդելու նպատակով: Նման մոտեցումը սուր հակասության մեջ է մտնում հայ հասարակական մտքի ավանդույթների հետ:

Պատգամավորները հարց են տալիս՝ իրենց ցույց տալու համար, նախարարները պատասխանում են՝ խնդիրը «ցրելու» ու «սվաղելու» նպատակով: Բայց ոչ միայն պատգամավորներն ու նախարարները չեն կարողանում «հարցնել ու պատասխանել» երկու րոպեում, այլեւ մեր մնացած հայրենակիցներից շատերն են զուրկ այդ կարեւոր ունակությունից: Քանի՛ գործիչ կամ փորձագետ գիտեմ ես, որ մի հարցին պատասխանելիս 15 րոպեից պակաս չի կարող խոսել:

Խնդրի արմատները մեր «ավանդական»՝ դեռեւս 19-րդ դարից եկող աշխարհընկալման եւ դրանից բխող՝ մեր կրթական համակարգի մեջ են: Տասնամյակներ շարունակ դպրոցում հայոց լեզվի ուսուցչուհիները երեխաներին սովորեցնում են «գեղեցիկ» շարադրություններ գրել, ինչը նշանակում է՝ գրել երկարաշունչ, ճռճռան, բարդ ստորադասական նախադասություններ, եւ շատ ցանկալի է, որ այնտեղ լինեն «բազմաչարչար», «մազապուրծ», «ծվարել» եւ նման այլ «հայրենասիրական» լալահառաչ բառեր: Դպրոցի տասը տարիների կարծրատիպը իր անջնջելի հետքն է թողնում մարդկանց մտածելակերպի վրա: Չէ՞ որ լեզուն մտածողության արտացոլումն է. եթե մարդը չի կարող իր մտքերն արտահայտել սեղմ, հակիրճ, ուրեմն նրա միտքն ի վիճակի չէ կենտրոնանալ որեւէ առարկայի վրա եւ անվերջ թռիչքներ է գործում թեմայից թեմա: Դպրոցում չեն սովորեցնում կազմակերպված մտածել: Հակառակը՝ սովորեցնում են «հառաչել»:

Ահա եւ ստացվում է, որ երբ պաշտոնյան կամ մեկնաբանը (տվյալ դեպքում դա նույնն է) պետք է խոսի, ասենք, դպրոցական սննդի խնդիրների մասին, նա անպայման սկսում է հեռվից. «Հայ ժողովուրդը դժվարին եւ խոտոր ճանապարհ է անցել: Դեռեւս Տիգրան Մեծի ժամանակ…»:

…Ի դեպ, այդ կարծրատիպն է պատճառներից մեկը, թե ինչու բանասերներից սովորաբար լավ լրագրողներ չեն ստացվում: Բացառությունները՝ չհաշված:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30