Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայիս սահմանադրական փոփոխությունները՝ հեղափոխությո՞ւն, թե՞ պետական հեղաշրջում

Դեկտեմբեր 03,2015 14:00

Նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մոտենում է հանգուցալուծման, մինչդեռ ժողովրդի մեծամասնությունն անտեղյակ է, թե ինչ սահմանադրություն է ընդունվում եւ որն է այդ բարդ փաստաթղթի փոփոխությունների բուն առիթը:

Հիմա անդրադառնանք այդ սկզբունքային հարցերին՝ դիտարկելով սահմանադրություն հասկացությունը, նրա ընդունելու, փոփոխելու եւ փոխելու կարգը: Ըստ արտահայտման ձեւի՝ սահմանադրությունը լինում է գրված եւ չգրված, ըստ այդմ, երբ սահմանադրական բնույթի կարեւոր հարցերը կարգավորվում են մեկ միասնական ակտով, համարվում է կոդիֆիկացված (օրինակարգված) կամ՝ գրված, իսկ եթե հիշյալ հարցերը կարգավորվում են մի քանի գրված ակտերով, առկա է ոչ օրինակարգված կամ չգրված սահմանադրություն: Ի դեպ, այդ ժողովածուում կարող են ներառվել նաեւ դատական որոշումներ եւ սովորույթային նորմեր (Մեծ Բրիտանիա, Նոր Զելանդիա, Իսրայել):

Ըստ սահմանադրությունը ընդունելու եւ փոփոխելու կարգի, տարբերվում են՝ ճկուն եւ կարծր սահմանադրություններ: Ճկուն սահմանադրությունը ընդունվում է ինչպես պետության սովորական օրենքներն են, իսկ կարծր սահմանադրությունը ընդունվում եւ փոփոխվում է ավելի բարդացված կարգով, քան պետության սովորական օրենքները, ինչը թելադրվում է պետության պայմաններից եւ այլ պատճառներից (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն եւ այլն): Մեր սահմանադրությունը նույնպես կարծր է, պահանջվում է Ազգային ժողովի ձայների մեծամասնությունը, այնուհետեւ դրվում է հանրաքվեի, իսկ ընդունված է համարվում, երբ կողմ են քվեարկել քվեարկողների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը (հոդված 111-113): Այդ թիվը մեկ երրորդ էր, սակայն Ռ. Քոչարյանի օրոք 2005թ. սահմանադրական փոփոխությունների կեղծված հանրաքվեով դարձվեց մեկ քառորդ եւ զգալիորեն թուլացվեց բարդեցված արգելքը: Օրինակ, եթե ներկայումս հանրաքվեի մասնակիցների թիվը 2 մլն 500 հազար քաղաքացի է, ապա մեկ երրորդի եւ մեկ քառորդի տարբերությունն ավելի քան 200 հազար քաղաքացի է կամ ընտրող:

Ահա Քոչարյանի բարեգործությունը կամ օժանդակությունը ներկայիս սահմանադրությունը հեշտ ու հանգիստ անցկացնելու համար (հետո ասում են՝ իրար հետ վատ են):
Ըստ գործողության բնույթի, սահմանադրությունը լինում է ժամանակավոր եւ մշտական: Առաջինի գործունեության ժամկետը սահմանափակ է, իսկ երկրորդինը՝ անսահմանափակ: Ըստ պետության քաղաքական տարածքային բաժանման՝ լինում են ունիտար եւ ֆեդերալ (ԱՄՆ, Ռուսաստանի Դաշնություն):

Ըստ ձեւավորված քաղաքական ռեժիմի, սահմանադրությունները դասակարգվում են՝

ա) դեմոկրատական, որի պարագայում երաշխավորվում է անձի իրավունքների եւ ազատությունների լայն շրջանակ, ապահովվում է քաղաքական կուսակցությունների ազատ ձեւավորումը եւ գործունեությունը, պետական մարմինները ընտրվում են:

բ) ավտորիտար, ինչը սահմանափակում է քաղաքական կուսակցությունների գործունեությունը, ներկայացուցչական մարմինների լիազորությունները, քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները:

գ) տոտալիտար կամ ֆաշիստական, ինչը ապահովում են մեկ կուսակցության ինքնիշխանությունը եւ ամրապնդում նրա գաղափարախոսությունն ու ծրագիրը:

Սահմանադրությունը ընդունելը, փոփոխելը եւ փոխելը

Գոյություն ունի սահմանադրությունը ընդունելու հետեւյալ եղանակները.
ա) դեմոկրատական, երբ սահմանադրությունը ընդունելու նպատակով ստեղծվում է հատուկ Սահմանադիր ժողով, օրինակ՝ Բուլղարիա (1991թ.), երբ ընդունվում է պառլամենտի կողմից (Չինաստան՝ 1982թ., Վրաստան՝ 1998թ.):
Հաճախ սահմանադրությունը ընդունվում է հանրաքվեի միջոցով (Ֆրանսիա՝ 1958թ., Բելառուս՝ 1996թ., Հայաստան՝ 1991թ.):

բ) Մոնարխիստական, երբ մոնարխը կամ թագավորը միակողմանի ակտով սահմանադրությունը նվիրում են «հավատարիմ» ժողովրդին (Հորդանան՝ 1982թ., Սաուդյան Արաբիա՝ 1992թ.):

Սահմանադրությունը փոփոխելու երկու եղանակ գոյություն ունի: Ամենատարածվածը նախկին դրույթը հասարակ կարգով նոր հավաստմամբ հեռացնելն է կամ նորմի հիմնական տեքստում լրացում մտցնելը: Այս տարբերակում փոփոխությունները եւ լրացումները չեն կարող փոխել սահմանադրության գլուխների, ենթագլուխների եւ հոդվածների հաջորդականությունը կամ համարակալումը, այլեւ ավելացվում է պրիմ ցուցիչը:
Հաջորդ եղանակի պարագայում գործող տեքստում նոր դրույթ է ավելացվում՝ առանց հանելու հին նորմը, որը դադարել է գործելուց (ձեւական մնում է): Սովորաբար սահմանադրությունները փոխվում են պետության կյանքում արմատական փոփոխություն կատարվելու եւ քաղաքական ուժերի նոր դասավորության արդյունքում, սահմանադրությունում նախատեսված կարգով:

Սահմանադրությունը փոխելու արտակարգ եղանակը

Այս տարբերակի հիմքը օրենսդրական արտակարգ ակտն է, որը փոխկապակցված է լինում պետությունում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ, որոնք են հեղափոխությունը եւ պետական հեղաշրջումը:

Հիմա գործող սահմանադրությունը եւ նրա տեքստում փոփոխություններ մտցնելու նախագիծը համադրենք դիտարկված սահմանումների հետ:
Չնայած 2005թ. սահմանադրական փոփոխությունները ստվեր գցեցին, բայց գործող սահմանադրությունը օրինակարգված կամ գրված, ընդունելու եւ փոփոխելու առումով կարծր, մշտապես գործող, ունիտար եւ դեմոկրատական սահմանադրություն է, այսինքն՝ համապատասխանում է ժողովրդավարական չափանիշներին:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի մի շարք դրույթներ, ըստ ձեւավորված քաղաքական ռեժիմի.

1. ինքնին տոտալիտար բնույթ ունեն, այսինքն՝ սահմանափակում են քաղաքական կուսակցությունների գործունեությունը եւ ամրապնդում մեկ կուսակցության ինքնիշխանությունը, նրա պարտադիր գաղափարախոսությունն ու ծրագիրը:
Այդ հանգամանքը շեշտադրված է նախագծի 89 հոդվածում՝ «կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորում», ընտրությունն էլ փուլերով հավաստմամբ: Հիմա հետեւենք, թե այդ «կայուն մեծամասնությունը» մետաստազի նման ինչպես է տարածվում պետության մարմնի տարբեր տեղերում.

ա) Ազգային ժողովի հիմքը այդ «կայուն մեծամասնությունն» է, հետեւաբար ԱԺ նախագահը լինելու է նրա պարագլուխը կամ ներկայացուցիչը (նախագծի 4-րդ գլուխ, 88-122 հոդված):

բ) Վարչապետը, ով ըստ նախագծի պետության գլուխն է, նշանակվում է 89 հոդվածի կարգով «խորհրդարանական մեծամասնության» ներկայացրած թեկնածուին (նախագծի 149 հոդված):

գ) Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից, պատգամավորների մեկ երրորդի առաջադրմամբ, հասկանալի է՝ նորից «կայուն մեծամասնություն» (նախագծի 125 հոդված):

Սրանք պետության օրենսդիր եւ գործադիր մարմիններն են, որոնց իրավասության մեջ է մտնում զինված ուժերի, ուժային մարմինների ղեկավարների եւ այլն նշանակումը, այսինքն՝ «կայուն մեծամասնության» նոմենկլատուրան է:

2. Նախագծի դրույթները հակասում են գործող սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված ժողովրդի ինքնիշխանության սկզբունքին (ինչը փոփոխության ենթակա չէ), այսինքն՝ ժողովրդին զրկում են պետության գլխին ուղղակի ընտրելու իրավունքից: Իմիջիայլոց, մեր պետության պայմանները (մուսուլմանական երկրներով շրջափակված լինելը) եւ այլ պատճառները (Արցախի չկարգավորված խնդիր) թելադրում են ունենալ ուժեղ նախագահական ինստիտուտ եւ գրագետ ու տրամաբանող նախագահ:

3. Ըստ սահմանադրությունը ընդունելու եւ փոփոխելու կարգի՝ հանրաքվեի դրված նախագիծը ինքնին նոր սահմանադրության նախագիծ է, քանզի գործ ունենք ավելի քան 200 փոփոխությունների հետ, ըստ որում՝ հաջորդականության եւ համարակալման խախտմամբ ավելացվել է 9 գլուխ եւ ավելի քան 100 հոդված, որոնց ուժով ամբողջությամբ փոխվում է պետության քաղաքական հիմքը եւ ողջ կառավարման համակարգը, իսկ գործող սահմանադրությունից մնում է կամ նոր սահմանադրությանն է անցնում կառուցվածքը, տերմինաբանությունը եւ ֆրազեոլոգիան (դարձվածաբանությունը) եւ մի քանի հոդվածներ: Օրինակ, ԱՄՆ-ի 200 տարվա վաղեմություն ունեցող սահմանադրությունում մինչեւ օրս կատարվել է 27 փոփոխություն: Այն ունի ընդամենը 7 հոդված՝ իր բաժիններով:

Փոփոխությունները դասակարգված են առանց հոդվածների համարակալումը խախտելու, իսկ սահմանադրությունը փոփոխելու համար պահանջվում է Կոնգրեսի երկու պալատների երկու երրորդ ձայների մեծամասնությունը եւ նահանգների օրենսդիր ժողովի երեք քառորդի վավերացումը: Այսինքն՝ 30 նահանգի (մեզ մոտ երկվորյակ նախագահները մոնարխի նման, երբ ուզում են, իրենց «լավ» սահմանադրությունը նվիրում են «հավատարիմ» հայ ժողովրդին՝ կեղծելու միջոցով), մեզ արաբի տեղ են դրել:

Ներկայիս սահմանադրական փոփոխությունները ինքնին սահմանադրական ռեֆորմ է, այսինքն՝ հեղափոխություն կամ պետական հեղաշրջում:

Բացի դրանից, ռեժիմը ժողովրդից թաքցնում է փոփոխությունների բուն դրդապատճառը եւ նրա գաղափարախոսները դա վերագրում են երկրում խորը ճգնաժամերի առաջացումը՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչություն, մարտի 1-ի իրադարձություններ, կամ պետության կյանքում արմատական բարեփոխումներ կատարելուն: Այս փաստարկումները սուտ են, քանզի հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի սպանդը ինքնուրույն հանցագործության դեպքեր են (ռեժիմը պարտակել է պատասխանատուներին) եւ որեւէ պատճառական կապ չունեն սահմանադրությունը փոփոխելու հանրահայտ հիմքերի հետ, իսկ ավտորիտար եւ տոտալիտար սահմանադրության պարագայում աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը կամ սոցիալական ճգնաժամն ավելի է խորանալու, ահագնանալու է կոռուպցիան, իսկ պետությունը դառնալու է խոցելի: Իրականում սահմանադրական փոփոխությունների նպատակը քաղաքական ուժերի նոր դասավորությունն է, այսինքն՝ իշխող քաղաքական կուսակցության՝ ՀՀԿ-ի ինքնիշխանության ամրապնդումը եւ իշխանության հավերժացումն է:

Անդրադառնանք հանրաքվեին:

Իմ պատկերացմամբ՝ հանրաքվեն վտանգված է, քանզի հանրաքվեին մասնակցողների պաշտոնական թիվը՝ 2 մլն 500 հազար քաղաքացի, ուռճացված է եւ անարդար ռեժիմը նորից քվեն կեղծելու ահագին ռեզերվ է ստեղծել (օրինակ, այս պարագայում հանրաքվեն կայացած կհամարվի, եթե մասնակցել են 620 հազար քաղաքացի կամ ընտրողների մեկ քառորդը, որի 50 տոկոսի սահմանը ռեժիմը կարող է հաղթահարել): Ռեժիմի նենգ մտադրությունը խափանելու միակ միջոցը դա միասնաբար եւ համախմբված հանրաքվեի քվեարկությանը գնալը կամ մասնակցելն է եւ որքան ժողովրդի մասնակցությունը մեծ լինի, հանրաքվեն կեղծելն անհնարին կդառնա, իսկ տոտալիտար սահմանադրությունը կմերժվի (օրինակ, եթե հանրաքվեին մասնակցեն 1 մլն 500 հազար քաղաքացի, ապա հաղթահարելու սահմանը դառնում է 750 հազար կողմ քվե, ինչը ռեժիմը չի կարող հաղթահարել, անպայման կպարտվի): Ամբողջ խնդիրը նրանում է, որ ի տարբերություն խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, ժողովուրդը սահմանադրության հանրաքվեին այնքան էլ կարեւորություն չի տալիս (քաղաքակիրթ երկրներում հակառակն է):

Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է այդ հույժ կարեւոր փաստաթղթի կամ Մայր օրենքի ընդունելու կամ փոփոխելու քվեարկությանը մասնակցել եւ արտահայտել իր կամքը: Կարծում եմ, հանրաքվեն բոյկոտելը սխալ է, հեշտանում է ռեժիմի գործը, իսկ անհնազանդությունների գնալը ծայրահեղ միջոց է, ուստի ընդդիմությունը պետք է համախմբվի եւ ընտրատեղամասերում հուսալի հսկողություն սահմանի ընտրակեղծիքները խափանելու եւ վերահաշվարկի իրավունքը ձեռքից բաց չթողնելու համար: Թե չէ՝ նորից ձեռնասուն գնալու ենք աղոթելու:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Իրավաբան, Մոսկվա

Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
02.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031