Լրահոս
Օրվա լրահոսը

Ալմա Աթայի եւ Պրահայի փաստաթղթերի իրավական բնույթը եւ առաջացրած հետեւանքները

Ապրիլ 08,2024 12:30

Սահմանազատումը որ քարտեզով են կատարելու եւ որն է դրա հիմքը կամ՝ պայմանագիրը

Գործող իշխանությունների կամ «նիկոլիզմի» օրոք Հայաստանը եւ Արցախը վավերացրել են անվերապահ կապիտուլյացիայի երկու ակտ, որոնցով արյունով ազատազրկված բոլոր տարածքները եւ հայկական Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանին:

Դրանից հետո Ադրբեջանն օգտվելով Հայաստանի թուլությունից՝ ներխուժել է ՀՀ-ի սուվերեն տարածքը եւ տիրացել ավելի քան 900 քկմ տարածք, հիմա էլ պահանջում է անկլավներ, իսկ հաջորդը լինելու է Սյունիքի միջանցքը:

ՀՀ իշխանությունները ներկայացրած նոտան ընդունելու նախապատրաստական գործողություններ են սկսել: Օրինակ, վախեցած վարչապետը դռնեդուռ ընկած՝ պսպղուն մետաղից պատրաստված Հայաստանի մակետը ցուցադրում է իր քաղաքացիներին, թե մակետի որ մասն են կտրտվելու թշնամուն հանձնելու համար, եւ ահաբեկում պատերազմով:

Սա նշանակում է, որ սահմանազատման փուլում նոր կապիտուլյացիա է սպասվում: Տրամաբանական հարց է ծագում. սահմազատումը որ քարտեզով են կատարելու, եւ որն է դրա հիմքը կամ՝ պայմանագիրը:

Նիկոլ Փաշինյանը հաճախ վկայակոչում է Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի պայմանագիրը, եւ դրա հիմքով կնքված Պրահայի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի համաձայնագիրը: Նաեւ նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է ճանաչվել Ալմա Աթայի փաստաթղթով:

Փորձենք դիտարկել Ալմա Աթայի եւ Պրահայի փաստաթղթերի էությունը, նրանց իրավական բնույթը եւ առաջացրած հետեւանքները:

Ալմա Աթայի փաստաթուղթ -Միջազգային պայմանագիր չէ, այլեւ հռչակագիր է, ըստ որի՝ նախկին ԽՍՀՄ կազմի տասնմեկ հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարները հավաքվել են Ալմա Աթայում, եւ այդ օրը հայտարարել ԽՍՀՄ, որպես պետության սուբյեկտ գոյությունը դադարելու եւ Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու մասին: Հռչակագրում նշվել է, որ ԱՊՀ-ն պետություն չէ եւ ուղերձ է արվել, որ նորանկախ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ հարգում են սահմանների անփոփոխելիությունը՝ հիմք ընդունելով նախկին խորհրդային հանրապետությունների վարչական տարածքները:

Բացատրեմ, որ հռչակագիրը (հունարեն declaration- հայտարարություն) նշանակում է.

ա/ սահմանադրական իրավունքում՝ իրավական նորմատիվ ակտի անվանում, որը նպատակ ունի նրան տալ հանդիսավոր բնույթ եւ ընդգծել նրա կարեւոր նշանակությունը,

բ/ միջազգային իրավունքում նշանակում է հանդիսավորության ակտ ընդհանուր նպատակների եւ սկզբունքների, կողմերի համաձայնության դրսեւորում,

գ/,որպես իրավանորմատիվ ակտ նրա առանձնահատուկ հատկանիշը նրանում է, որ ընդհանուր բնույթ ունի, իսկ նրա դրույթները հստակ չեն եւ պահանջվում է լրացուցիչ օրենսդրական կարգավորում:

Այսինքն, Ալմա Աթայի հռչակագիրը պարտավորություններ չառաջացնող առոչինչ փաստաթուղթ է:

Պրահայի փաստաթուղթ-Այս փաստաթուղթը, որը ստորագրվել է Պրահայում, դա Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների միջեւ տեղի ունեցած բանակցությունների կամ խոսակցելու, հատկապես, Ն. Փաշինյան-Ռ. Էրդողան երկկողմ մեկ ժամ տեւած հանդիպման արդյունքն է, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը համախոհ լինելով ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի հռչակագրի դրույթներին, հայտարարել են, որ փոխադարձ ճանաչում են մեկը մյուս պետության տարածքային ամբողջականությունը:

Ըստ էության, այս փաստաթուղթը, որի միջազգային, իրավական օբյեկտը սահմանային հարցերի կարգավորմանն է վերաբերվում, գրավոր երկկողմ միջազգային համաձայնագիր է, եւ ի տարբերություն Ալմա Աթայի հռչակագրի, առաջացնում է իրավունքներ եւ պարտավորություններ:

Ըստ այդմ, հայկական կողմը՝ հանձին Ն. Փաշինյանի, պարտավորվել է փակել Լեռային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը եւ թողնել Ադրբեջանի ներքին գործը: Այսինքն, ՀՀ առաջին նախագահի բնորոշմամբ, ազգադավը առոչինչ եւ պարտավորություններ չառաջացնող փաստաթղթի հիմքով դարերի պատմություն ունեցող հայկական Լեռնային Ղարաբաղը, առանց ժողովրդի կամարտահայտության, ինքնակամ եւ անհատույց հանձնել է Ադրբեջանին:

Այդ հայտարարությունը նման է ապրանքի մաքսային հայտարարության գործարքին:

Այս համաձայնագրով Ադրբեջանը կամ Ալիեւը պարտավորություններ չունեն, այլ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի ինքնավար հանրապետության նկատմամբ, որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ձեռք են բերել տիրապետման եւ տնօրինման իրավունքներ:

Իսկ հայտարարությունը հրապարակվելուց հետո Ի. Ալիեւը բանավոր հայտարարել է. «ԼՂ-ի հայ բնակչությունն Ադրբեջւանի կազմում կունենա նույն իրավունքները, որը ունեն ադրբեջանցիները եւ կապրեն ավելի բարեկեցիկ»:

Բայց նենգ եւ խորամանկ երկու դիվանագետները, երբ անփորձ, դիվանագիտությունից անտեղյակ Ն. Փաշինյանից կորզեցին ԼՂ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու հայտարարությունը կամ՝ օժանդակությունը, ուխտադրուժ ներխուժեցին ԼՂ տարածքը եւ մեկ օրում գրավեցին, այնուհետեւ, որպես Ադրբեջանի ներքին գործ, կալանավորեցին «Արցախի ինքնահռչակ հանրապետության» քաղաքական եւ ռազմական ղեկավարներին, հայրենասեր Ռուբեն Վարդանյանին եւ այլ անմեղ անձանց, ահաբեկչություններ կատարելու, շինծու մեղադրանքներով, եւ լուծարեցին նրա քաղաքական ու պետական կառույցները, ինչպես նաեւ ենթակառույցները:

Նկատենք, որ չնայած հիշյալ միջազգային համաձայնագրին մասնակցել են երկու կողմեր եւ միջնորդներ, սակայն ըստ էության միակողմանի միջազգային իրավական ակտ է կամ նոտացիա/հայտագրում/, որի դեպքում հայտագրող պետությունը միակողմանի իր վրա է վերցնում միայն պարտավորություններ: Օրինակ, զորքերը դուրս է հանում, հատուցում է վնասները, վերադարձնում է գերիներին, տարածքներ է զիջում եւ այլն:

Հետեւաբար, Ն. Փաշինյանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին է հանձնել նոտացիայով կամ՝ հայտագրումով միակողմանի եւ անհատույց: Պրահայի հայտարարությունը ըստ հետեւանքների ինքնին դավաճանական փաստաթուղթ է եւ հայ ժողովուրդը չպետք է համակերպվի եւ հանդուրժի տեղի ունեցածը, այլ միջազգային իրավական նորմերին համահունչ պետք է վիճարկի նվաստացուցիչ, միակողմանի ակտը անվավեր ճանաչելու համար:

Հիշեցնենք, որ Պրահայի բանակցությունները, որի արդյունքում ընդունվել է հայտարարությունը, ոչ պաշտոնական մասնակցել են նաեւ ՀՀ արտաքին դեպարտամենտի ղեկավար Արարատ Միրզոյանը եւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, կամ՝ հայտնի դիվանագետները:

Խրթին «խաղաղության պայմանագրի» դրույթները կատարելու համար կողմերը հենվել են կամ հիմք են ընդունել Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի փաստաթուղթը, ապա սահմանազատումն իրականացնելիս պետք է առաջնորդվեն հռչակագրի հրապարակման պահին գոյություն ունեցող քարտեզով, այդ պահին անկլավները ՀՀ պետական սահմանում են:

Պրահայի փաստաթուղթը նաեւ սահմանազատման եւ սահմանագծման ուղեցույցն է, որով Ադրբեջանն այժմ պահանջում է նոր տարածքներ կամ՝ անկլավներ, որին ՀՀ իշխանությունները կողմ են: Հետեւաբար, սպասվում է նոր կապիտուլյացիա եւ այն խափանելու համար պետք է Ն. Փաշինյանը եւ նրա ղեկավարած վարչախումբը օր առաջ հեռացվեն զբաղեցրած պաշտոններից՝ այն էլ օրինական կարգով:

Այս գործիքակազմը դժվար է.

առաջին-ՀՀ Սահմանադրության 157 եւ 158 հոդվածների ուժով նրանց հեռացնելն անհնար է, որովհետե ՔՊ-ն ԱԺ-ում բացահայտ առավելություն ունի:

երկրորդ- Ն. Փաշինյանը երբեք կամովին հրաժարական չի ներկայացնելու:

Իմ պատկերացմամբ, Ն. Փաշինյանի կողմից առոչինչ փաստաթղթի հիմքով եւ Պրահայի դավաճանական հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղն առանց ժողովրդի կամարտահայտության ինքնակամ Ադրբեջանին հանձնելը, որը հանգեցրել է ծանր հետեւանքների, լուրջ եւ ծանր հանցագործություն է, հետեւաբար, ժողովուրդը համախմբվելով պետք է պահանջի, որպեսզի տեղի ունեցած հանցանքը օրինական եւ համակողմանի հետաքննվի:

Եվ որքան էլ ուժայինները Ն. Փաշինյանի դրածոները լինեն, ապացույցները հզոր են անկասկած, քրեական վարույթ է նախաձեռնվելու: Հետեւաբար, օրենքի այդ ուժով առանց անհամաչափ գործողությունների հնարավոր է նրանց հեռացնել: Սա դժվար գործ չէ, այլ յուրաքանչյուր ֆիզիկական անձ կամ քաղաքացի, այդ թվում Արցախից բռնատեղահանվածները, իրավաբանական անձը, ինչպես նաեւ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կարող են կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին հաղորդում ներկայացնել պետական մարմիններին՝ դատախազությանը, ոստիկանությանը, քննչական կոմիտեին, ԱԱԾ-ին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173 հոդված):

Իմիջիայլոց, ըստ ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի (Սահմանադրական դատարանի լիազորությունները) ամրագրված է. «Մինչ միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը»: Արդյո՞ք Պրահայի պայմանագրով պահպանվել է այդ կարգը:

Ընթերցողին ներկայացնեմ նաեւ Ալմա Աթայում հռչակագիրը հրապարակվելուց հետո ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից «Զերկալո» թերթի հատուկ թղթակցի հետ հարցազրույցի մանրամասներ: Թղթակցի հարցին առաջին նախագահը գրագետ պատասխանել է, որ՝ «Այսօր ընդունված հռչակագիրը քաղաքական ընդհանուր բնույթ ունի, որովհետեւ չկա եւ չէր էլ կարող լինել առանձին դետալներ»:

Այնուհետեւ պատասխանելով ԱՊՀ պետությունների վերաբերմունքը ԼՂ հանրապետության դիմումին՝ իրեն ԱՊՀ ընդունելու մասին, պատասխանել է. «Ռուսաստանի նախագահ Ելցինը հայտարարեց, որ նախկին ինքնավարության շարքից, մասնավորապես, Գագաուզիայից եւ Լեռնային Ղարաբաղից ունենք խնդրադիմումներ ԱՊՀ ընդունվելու մասին», եւ ընդգծել է. «Ապագայում անհրաժեշտ է քննարկել այդ հարցերը: Ես չեմ կարծում, որ դրանք պատահական են, որովհետե ինքնավարության կարգավիճակն այսպես թե այնպես պետք է ամրագրվի ԱՊՀ փաստաթղթում»:

Ինչպես նկատվեց Ալմա Աթայի հռչակագրի դրույթներով, ոչ թե ԼՂ-ն ճանաչվել է Ադրբեջանի տարածքային մաս, այլեւ քննարկվել է ԼՂՀ-ի դիմումը իրեն ԱՊՀ ընդունելու մասին: Հետեւաբար, Ն. Փաշինյանի հայտարարությունը, թե ԼՂ-ն Ադրբեջանի տարածք է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրով, ակնհայտ սուտ է: Ստախոս անձը չի կարող պետության ղեկավար լինել:

Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
06.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Նման հպանցիկ մոտեցմամբ կարելի է ամեն բան էլ հիմնավորել, և կարիք չկա անգամ անվանդ ներքո գրել «իրավաբան, Մոսկվա», Մոսկվան էլ բավական էր։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930