Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀՀ-ն 2 տարի առաջ կատարված ագրեսիան վիճարկեր ՄՔԴ-ում, ապա Արցախի ողբերգությունը տեղի չէր ունենա

Մարտ 16,2024 12:00

Արցախի ցեղասպանությունը Միջազգային քրեական դատարանում քննելու տարբերակները

Ցեղասպանություն հանցագործությունը միջազգային բնույթ ունի եւ նրա համար պատասխանատվություն է նախատեսված «Ցեղասպանություն հանցագործությունը նախականխելու եւ պատժելու մասին» 1948 թվականի դեկտեմբերի 9-ի Նյու Յորքի կոնվենցիայով ռւ Միջազգային քրեական դատարանի 1998 թվականի Հռոմի ստատուտով: Այդ հանցագործությունը ամրագրված է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածում:

Փորձենք դիտարկել ցեղասպանություն հանցագործության քրեաիրավական էությունը:

Ցեղասպանություն հանցագործության անմիջական օբյեկտը համարվում են այն հասարակական հարաբերությունները, որոնք ուղղված են ապահովելու ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի անդամների գոյության պայմանները, ինչպես նաեւ նրանց կյանքի եւ առողջության անվտանգությունը: Լրացուցիչ օբյեկտը նրանց իրավունքներն ու ազատություններն են:

Հանցագործության օբյեկտիվ կողմը ներառում է այն գործողությունները, որոնք ուղղված են ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի լրիվ կամ մասնակի ոչնչացնելուն: Ըստ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, դրանք են.

-Խմբերի անդամների սպանությունը

-Խմբերի անդամների առողջությանը ծանր վնաս պատճառելը

-Մանկաբուծությունը հարկադրաբար խոչընդոտելը կամ կանխելը

-Խմբի անդամների երեխաներին հարկադրաբար այլ անձանց հանձնելը

-Դիտավորությամբ կյանքի այնպիսի պայմաններ ստեղծելը, որոնք ուղղված են խմբի անդամների կյանքի ֆիզիկական ոչնչացմանը:

Հանցագործությունը համարվում է ավարտված այն պահից, երբ կատարվել է թվարկված գործողությունների որեւէ էպիզոդ:

Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորության ձեւով եւ հատուկ նպատակով:

Հանցագործության սուբյեկտ համարվում է 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը:

Կոնվենցիայով ամրագրված ցեղասպան գործողությունները Արցախում կատարվե՞լ են, թե՝ ոչ

Հիշեցնեմ, որ միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ինչպես նաեւ գերտերությունները պատշաճ կարգով չգնահատեցին Արցախը հայաթափելու Ադրբեջանի հանցավոր գործողությունները, այլ կոծկելով փաստական տվյալները, հայտարարեցին, որ տեղի ունեցածը էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն չեն:

Ըստ իս, Արցախում տեղի ունեցածը, ինչը հանգեցրեց հայաթափմանը, ըստ էության համարվում են Կոնվենցիայում շեշտադրված այն գործողություններին, որոնք դիտվում են, որպես ցեղասպանություն:

1.Ադրբեջանի կողմից Արցախի տեւական շրջափակումը եւ Լաչինի միջանք փակելը գործողությունները, ինքնին, կանխամտածված, ազգային եւ այլ խմբերի անդամների, կամ Արցախի ժողովրդի կյանքը ֆիզիկական ոչնչացնելու համար այլ պայմաններ ստեղծելն է (կոնվենցիա c կետ):

2.Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 18-ին ահաբեկչության դեմ օպերացիայի պատրվակով Արցախի տարածք զինված ներխուժումը, որը ուղեկցվեց հարյուրավոր արցախցիների սպանություններով, եւ այլ վայրագություններով, իրենց բնույթով ազգային եւ այլ խմբերի, կամ Արցախի բնակչությանը դիտավորյալ սպանությամբ, ինչպես նաեւ նրանց առողջությանը լուրջ վնաս հասցնելու միջոցով լրիվ կամ մասնակի ոչնչացնելու դրսեւորում է (կոնվենցիա a, b կետեր):

3.Արցախի ժողովրդի կյանքի ֆիզիկական ոչնչացնելու համար այլ պայմաններ ստեղծելը կամ հումանիտար աղետը եւ նրա բնակչությանը կյանքից զրկելը դրանք հարկադրանքի միջոցներ էին, որի հետեւանքով Արցախի բնակչությունը լքեց իր պատմական բնակության վայրը՝ հայրենիքը:

Ցեղասպանության հանցագործության ընդդատությունը եւ քննարկման կարգը

Հաագայի միջազգային դատարանը քրեական արդարադատություն իրականացնող առաջին միջազգային մարմինն է: Այն ստեղծվել է 1998թ. հունիսի 16-ի Հռոմի ստատուտի հիմքով, իր աշխատանքը սկսել է 2002թ. հունիսից, գտնվելու վայրը՝ Հաագա:

Միջազգային քրեական դատարանի/ ՄՔԴ/ յուրիսդիկցիայի կամ իրավասության մեջ մտնում են քննելու հետեւյալ հանցագործությունները:

-ցեղասպանություն

-զինվորական հանցագործություն

-մարդկության դեմ ուղղված հանցագործություն

-ագրեսիա:

Համաձայն Հռոմի ստատուտի 13-րդ հոդվածի՝ ՄՔԴ-ն իր յուրիսդիկցիան կարող է իրականացնել հետեւյալ դեպքերում, եթե.

-Հռոմի ստատուտի մասնակից պետությունը իրադրությունը հանձնել է ՄՔԴ-ի քննարկմանը:

– ՄՔԴ-ին իրադրությունը քննարկման է ուղարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը:

-ՄՔԴ-ի դատախազն իր նախաձեռնությամբ նախաձեռնել է քրեական վարույթ:

Պարզաբանենք մանրամասները:

Դատարանի իրավասության մեջ մտնում են միայն այն հանցագործությունները, որոնք կատարվել են ստատուտի անդամ պետության տարածքում, եւ եթե կատարողը այդ պետության քաղաքացի է: Հետեւաբար, եթե տարածքային եւ անհատական հիշյալ տարրերը բացակայում են, ապա դատարանը չի կարող գործել: Սակայն, ըստ ստատուտի, առկա են երկու բացառություններ.

1.Եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի դրույթների հիմքով ստատուտի մասնակից չհանդիսացող պետության տարածքում տեղի ունեցած իրադրության վերաբերյալ ընդունել է բանաձեւ, այն ուղարկել ՄՔԴ-ի քննարկման համար:

2.Եթե ստատուտի 12-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ստատուտին ոչ մասնակից պետությունը միջնորդություն է ներկայացրել ՄՔԴ-ի քարտուղարության նախագահին դատարանի իրավասության մեջ ներառելու կոնկրետ կատարված հանցագործությունը:

Արցախում կատարված ցեղասպանությունը Հայաստանը կարո՞ղ է վիճարկել ՄՔԴ-ում, թե՝ ոչ

Չնայած ՀՀ-ն 2024 թվականի փետրվարի 1-ից համարվում է Հռոմի ստատուտի մասնակից պետություն, սակայն իր նախաձեռնությամբ չի կարող Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը վիճարկել ՄՔԴ-ում, որովհետեւ վարչապետ Փաշինյանը 2022 թվականի Պրահայի համաձայնագրով հայկական Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժանելի մասը կամ՝ տարածքը:

Այս իրադրությունում հանցագործությունը կատարվել է Ադրբեջանի տարածքում եւ կատարողները եղել են նրա քաղաքացիները: Հետեւաբար, բացակայում են տարածքային եւ անհատական տարրերը, որի դեպքում, ՄՔԴ-ն չի կարող գործել: Ըստ այդմ, Արցախում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները ՄՔԴ-ում կարող են քննվել երկու դեպքում.

Առաջին, եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունի կատարվածը Միջազգային քրեական դատարանի քննությանը ուղարկելու մասին (Ստատուտի 13-րդ հոդվածի 2-րդ կետ):

Երկրորդ, եթե ՄՔԴ-ի դատախազը իր նախաձեռնությամբ քրեական գործ նախաձեռնի (Ստատուտի 13-րդ հոդված, 3-րդ կետ):

Իմիջիայլոց, հիշյալ տարբերակները ՀՀ-ն կարող էր նախաձեռնել մինչեւ Արցախում ողբերգական ծանր հետեւանքներ վրա հասնելը, երբ Ադրբեջանը կանխամտածված փակեց Լաչինի միջանցքը, նպատակ ունենալով հումանիտար աղետի կամ սովի միջոցով ֆիզիկապես ոչնչացնել Արցախի բնակչությանը (Ցեղասպանության ավարտված հանցագործություն): Մինչդեռ, իշխանությունները նախընտրեցին խնդիրը վիճարկել ՄԱԿ-ի միջազգային դատարանում, որը քրեական վարույթ նախաձեռնելու եւ քրեական պատիժ կիրառելու իրավասություններ չուներ, եւ արդյունքում Ադրբեջանը չկատարեց այդ դատարանի որոշումը:

Ֆրանսիայի նախաձեռնությամբ ԼՂ-ի իրավիճակը քննարկվեց նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, սակայն ցավոք, երբ Արցախում ողբերգությունն ավարտվել էր եւ հարցի վերաբերյալ որեւէ բանաձեւ կամ հայտարարություն չընդունվեց:

Ի դեպ, Արցախում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները ՄՔԴ-ի յուրիսդիկցիայի ուժով քննելու, եւ Ադրբեջանին կամ նրա պարագլուխ Ի. Ալիեւին եւ մյուս հանցակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելը սպառված չէ: Եվ եթե ՀՀ իշխանությունները ցանկություն կամ կամք դրսեւորեն, կարող են բանեցնել հիշյալ երկու տարբերակները:

Սակայն դրա փոխարեն, նրանք ստրկաբար, չոքել են Իլհամի առաջ եւ մուրում են անհեթեթ «խաղաղության պայմանագրի» վավերացում, չգիտակցելով, որ թուրքը կարող է այսօր ստորագրել այդ պայմանագիրը, իսկ հաջորդ օրը նենգաբար հարձակվել՝ հայ ազգը ոչնչացնելու համար:

Օրինակ, Ադրբեջանը 2020 թվի նոյեմբերի 9-ին վավերացրեց եռակողմ համաձայնագիրը, այնուհետեւ 2022 թվականին զինված ներխուժեց ՀՀ սուվերեն տարածքը, կյանքից զրկելով ավելի քան երկու հարյուր զինծառայողների, օկուպացրեց ավելի քան 200 քկմ տարածք:

2023 թվականի սեպտեմբերի 18-ին դավադրաբար հարձակվեց Արցախի Հանրապետության վրա եւ այն գրավեց մեկ օրում:

Ասեմ, որ 2022 թվականի ՀՀ -ի սուվերեն տարածքը օկուպացնելն ագրեսիա հանցագործություն է եւ ընդդատյա է ՄՔԴ-ի յուրիսդիկցիային, բայց ՀՀ իշխանությունները մինչեւ օրս ՄՔԴ-ին դիմելու որեւէ գործողություն չեն նախաձեռնել, այլ՝ խոնարհ հետեւում են Իլհամի եւ Էրդողանի հայակործան հրահանգներին եւ պահանջներին:

Եթե ՀՀ-ն երկու տարի առաջ կատարված ագրեսիան վիճարկեր ՄՔԴ-ում, ապա Արցախի ողբերգությունը տեղի չէր ունենա (Հանցավոր անտարբերություն եւ քրեական հետապնդելի արարք):

Օրեր առաջ էլ Իլհամ Ալիեւի հրահանգով կյանքից զրկվեցին սահմանապահ չորս զինծառայողներ, որի առնչությամբ նա լկտիաբար հայտարարեց, որ «մեխում է դագաղի վերջին մեխերը», բայց ՀՀ-ն կատարվածին համարժեք չարձագանքեց:

Անկասկած, ստեղծված աղետալի իրավիճակի պատճառը իշխանությունների անգործությունն է, հետեւաբար, շարունակվող կործանարար աղետները կանխելու համար անհրաժեշտ է օրենքի ուժով վարչապետ Ն. Փաշինյանին եւ նրա վարչախմբին հեռացնել զբաղեցրած պաշտոններից, իսկ նրանց գործած քրեական հետապնդելի արարքները հետաքննել համակողմանի:

Իմ պատկերացմամբ, Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին վարչապետ Ն. Փաշինյանի արարքը ինքնին համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածի հանցագործության կազմի հատկանիշներին (Պաշտոնատար անձի կողմից իշխանության կամ ծառայողական լիազորությունների անցնելը): Ըստ էության, նա կատարել է այնպիսի արարք, որը չի բխում ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասություններից (ՀՀ սահմանադրության 152-րդ հոդված):

Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
15.03.2024

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031