Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ աշխատում են ուրիշի փոխարեն

Դեկտեմբեր 24,2015 10:18

70-ական թվականներին, երբ Աջափնյակի կամրջի կանգառում ավտոբուսի էինք սպասում, եւ տրանսպորտը գալիս էր 30-40 րոպե ուշացումով, ուղեւորները հարձակվում էին եկած ավտոբուսի վարորդի վրա, թե` «էս ո՞ւր էիր, մեռանք սպասելով»: Վարորդն էլ արդարանում էր` «ես իմ ժամանակին եկել եմ, խոսացեք նրա վրա, ով չի եկել»: Եվ այդ արդարացման մեջ որոշակի տրամաբանություն կա` ինչո՞ւ մեղադրել նրան, ով իր հնարավորությունների չափով աշխատում է, եւ ոչ թե նրան, ով ընդհանրապես չի աշխատում:

Այս ամռանը Բաղրամյան փողոցի ցույցերի ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր ցուցարարներին բացատրություն տալիս, թե ինչպես է ՀԷՑ-ում աուդիտ անցկացվելու, երբ եւ որքան է թանկանալու էլեկտրաէներգիան: Իհարկե, փոխոստիկանապետի կրթությունը, պատրաստվածությունը թույլ են տալիս այս հարցի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն ունենալու: Մյուս կողմից՝ ոստիկանն իրավասություն չունի նման հարցեր պաշտոնապես պարզաբանելու, բայց երբ ուրիշ ոչ ոք (նախագահի ելույթից առաջ) ոչինչ չէր պարզաբանում, ցուցարարների եւ ընդհանրապես հասարակության պետական պաշտոնական աղբյուրը Վալերի Օսիպյանն էր: Մեղադրել գնդապետին, որ նա (բնականաբար, իր ծառայության խնդիրներից ելնելով) այս թեմաներով զրուցում էր ցուցարարների հետ, ինձ թվում է, արդար չէ:

Մենք գտնվում ենք պատերազմի՞, թե՞ հրադադարի մշտական խախտումների իրավիճակում` այդ մասին, իմ կարծիքով, հասարակությանը պետք է հայտնեն ոչ թե զինվորականները, այլ արտաքին քաղաքական գերատեսչությունը, որովհետեւ պատերազմը քաղաքական խնդիր է, քաղաքականության շարունակությունն է (Կարլ ֆոն Կլաուզեւից): Կա եւս մի ասույթ, որի հեղինակը ֆրանսիացի դիվանագետ Թալեյրանն է. «Պատերազմը չափից դուրս լուրջ գործ է, որպեսզի վստահվի զինվորականներին»:

Բայց քանի որ մեր արտգործնախարարությունն այս հարցում լռում է, իսկ մեր` հայաստանցիներիս հիմնական հույսը ՊՆ-ն է, պատերազմի մասին խոսում է այդ գերատեսչության մամուլի խոսնակը: Որ վիճակը պատերազմական է՝ ես համաձայն եմ, բայց մի բան է, երբ դրա մասին ասում եմ ես, մեկ այլ բան` պաշտոնատար անձը: Եվ այդ անձը պետք է հանդես գա քաղաքական ղեկավարության կողմից: ԱԳՆ-ի փոխարեն խոսում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. մեղադրել նրան դրա համար` նույնն է, ինչ մեղադրել վարորդին, որն իր ավտոբուսը քշում է, երբ մնացածը չեն քշում:

Կարծեմ, առիթ եմ ունեցել գրելու, որ 1992-94 թվականների պատերազմի ժամանակ նախագահականում ամենշաբաթյա բրիֆինգներ էին տալիս այն ժամանակվա ՀՀ նախագահի մամուլի խոսնակները՝ Ռուբեն Շուգարյանը, այնուհետեւ` ես: Իսկ ԱԳՆ-ում նույն ռեժիմով աշխատում էր Արամ Սաֆարյանը: Կարո՞ղ էինք մենք սխալվել` այդքան հաճախ խոսելով: Իհարկե, կարող էինք եւ սխալվում էինք: Երբ պետք էր, մեզ ուղղում էին, բայց բոլոր դեպքերում վստահում էին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
    Փնտրեցի ձեր տված մամուլի բրիֆինգները և ոչ մի բան չգտա։ Հղումները չեք տա? Ցանկանում եմ՝անձամբ տեսնել՝ ինչքանն եք սխալվել, և եղել է արդյոք տարբերություն ՀՀՇ-ի ժամանակ մամուլի քարտողար՝ Ա. Աբրահամյանի, ևասենք ՀՀԿ խոսնակ Շարմազանովի միջև?
    Նշված ամբողջ ժամանակ (92-94թ) ՀՀ բնակիչ եմ եղել, բայց չեմ հիշում՝ Ա. Աբրահամյանի ոչ մի բրիֆինգ։ Այն ժամանակ դա հեռուստացույցով ցույց չէին տալիս?

  2. Հ.Շ. says:

    նկատի ունենալով որ, ըստ երեւոյթին (cf. Արսենի վկայություն/մեկնաբանությունը), այդքան ել հանրածանոթ չէին Խմբագրի կապերը նախնական – հետագային յաւերժապէս տխրահռչակ դարձած – վարչակարգին հետ (եւ մինչեւ իսկ իր պաշտօնը, անոր մէջ), աւելի արժեք եւ արժանիք է ստանում վերեւի իր սրտբաց, անկեղծ եւ հանդուգն բացայայտումը, չասելու համար խոստովանությունը. թեկուզ խորապէս վիճելի է այդ անցեալի նկատմամբ իտէալականացման ջանքը, սակայն այդ ալ վերագրենք կարօտախտին, ինչպէս նաեւ յարատեւ հաւատարմութեան, ինչ որ ինքին վատ բաներ չեն. սակայն, նվազագոյնը՝առ ի յարգանք ռազմաճակատի երեխաներին, հարկաւոր է նշել թէ այդ նոյն նախնական վարչակարգի էական սխալների եւ սայթաքումների պատճառով է որ այսօր պատերազմը շարունակվում է. եւ այդ՝ միակ ծանր հետեւանքը չէ անոր այդ շեղումներին, թէեւ անոնցմէ ամէնէն մահացուն է, բառացիօրէն. (անշուշտ, ըստ սահմանումի, խօսնակը յանցանք չունի այդ ուղղութեամբ. նոյնիսկ ընդհակառակն, ինք ալ առաջին գիծի զոհերից է այդպիսի մի վարչակարգի)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031