Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորյա կենաց

Դեկտեմբեր 26,2015 10:00

Հայաստանում ընդունված է տխուր, դժբախտ, տառապած լինելը: Ոչ միայն ընդունված է, այլ նաեւ խրախուսելի է: Եթե դու այդպիսի տեսք եւ վարք ունես, քեզ հանդիպողները դա համարում են «որակի նշանի» նման մի բան, դա հարգանքի արժանի, գովելի երեւույթ է: Տառապող մարդու մասին խոսում են ակնածանքով, կիսաշշուկով՝ այնպես, կարծես նրա տառապանքը ինչ-որ նվաճում է կամ առաքինություն: «Բա իմացար»՝ ու գնում է դժբախտության երկարուձիգ պատմությունը՝ համապատասխան մեկնաբանություններով եւ լեզվի ճպճպոցներով:

Եվ հակառակը՝ ժպտացող, հաջողակ, ապահովված մարդկանց Հայաստանում թարս են նայում` երջանիկ, ժպտացող, կայացած լինելը պարտադիր արժանանում է կասկածամիտ, հերսոտ հայացքների մեկնաբանությունների: «Էս ի՞նչ է եղել, որ երջանիկ ես: Բա էս անտեր երկրում երջանիկ լինելու ի՞նչ հիմքեր կան: Կամ ձեւեր է թափում, կամ էս ժողովրդի թշնամին է»: Դու պետք է կիսես բոլորի տառապանքը, դժգոհությունը, ձանձրույթը, որպեսզի դառնաս գորշ, անդեմ զանգվածի մի մասը եւ բոլորի հետ եփվես համընդհանուր տառապանքի կաթսայում:

Դա, իհարկե, հիմնական «թրենդն է», որը հատուկ է գլխավորապես ավագ սերնդին: Ընդ որում, տառապած տեսք կարող է ունենալ թե միլիոնատեր օլիգարխը եւ թե նպաստով ապրող գործազուրկը, ինչն ապացուցում է, որ նյութական բարիքներն այստեղ «համադարման» չեն: Այն երիտասարդությունը, որին ես տեսել եմ այս տարվա ամռանը Բաղրամյան փողոցում, ինչպես նաեւ (տեսագրությամբ), «Սիսթեմ օֆ ա Դաունի» եւ Քանյե Ուեսթի համերգին, այդ ստանդարտից դուրս են՝ նրանք չեն ամաչում երջանիկ լինելուց, չեն վախենում սիրելուց, չեն վախենում հրապարակավ ծիծաղելուց:

Քիչ թե շատ հայտնի մարդկանց ամուսնության լուրը, որը պետք է որ միայն երջանկության մաղթանքների առիթ դառնա, առաջացնում է թույն ու թարախ: Տրամաբանությունը, հավանաբար, հետեւյալն է՝ ինչո՞ւ նրանք պետք է երջանիկ լինեն, երբ ես տառապում եմ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դու, անկախ քո կյանքի հանգամանքներից, նույնպես կարող ես երջանիկ լինել: Գլխավոր պատճառը, թե ինչու այդպես չէ, «շրջապատի պահանջներն են», հերսոտ հայացքները, որոնք քո միջավայրում ուղեկցում են երջանիկ եւ կայացած մարդկանց: Այդ «տառապանքի մշակույթն» է, որ քեզ ստիպում է քայլել այս կյանքում խեղճ ու դժբախտ տեսքով:
Դա, իմ կարծիքով, հարմարվողականության ամենաբարձր դրսեւորումն է: Պետք չէ տուրք տալ այդ մշակույթին, թունոտ հայացքներն ու մեկնաբանությունները չպիտի որեւէ մեկին ստիպեն, որ նա հրաժարվի կյանքի հաճույքը զգալուց: Եթե մի նժարին դրված է «հասարակական կարծիքը», իսկ մյուս նժարին՝ քո ուրախությունն ու երջանկությունը, ապա ակնհայտ է, թե ինչն է ավելի գերադասելի:
Չվախենաք երջանիկ լինելուց՝ սա է իմ ամանորյա մաղթանքը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Ամանորյա կենաց»
    ……………
    խորագիրը արդէն բաւարար է, լիովին

    անուշ լինի՜ ՜
    (թէեւ յստակ է որ դու խմող անձ չես, եղբայրս…)

    ողջ ու առողջ մնաս,
    միշտ հանգիստ մնաս,
    համայն ընտանեօք եւ բոլոր սիրելիներով

    ինչպէս նաեւ «Առաւօտ»-ի ամբողջ անձնակազմի անդամները
    իրենց բոլոր հարազատներով

    սէր, համերաշխութիւն եւ խաղաղութիւն
    (հայերի միջեւ, աշխարհի տարածքին )

    Հ.

    • Տիգրան says:

      Հ.Շ. ե՞րբվանից ես սկսել Առավոտ կարդալ….առաջներում չկայիր, հիմա Արամ Աբրահամյանից ավելի շատ ես լինում Առավոտում…

  2. Արսեն says:

    Ա. Աբրահամյանը ինչպես միշտ՝ «համեստ» է։ Համեստ է նաև իր Ամանորյա ԿԵՆԱՑՈՒՄ։
    Տրամաբանությունը ինչպես միշտ՝ ավարտին չհասցված։
    Եվ այսպես….
    ……«Հայաստանում ընդունված է տխուր, դժբախտ, տառապած լինելը: Ոչ միայն ընդունված է, այլ նաեւ խրախուսելի է:…հաջողակ, ապահովված մարդկանց Հայաստանում թարս են նայում` երջանիկ, ժպտացող, կայացած լինելը պարտադիր արժանանում է կասկածամիտ, հերսոտ հայացքների մեկնաբանությունների: »….
    Շատ ճիշտ է։ Ւսկ ինչ է դրանից հետևում? Արդյուք՝ դրանից հետևում, որ եթե դու եթե դու, այդ մթնոլորտում հաջողացնես «երջանիկ» լինել, քեզ թարս չեն նայելու?…)))… Ւհարկե՝ ոչ։
    Չես ուզում ….«կիսես բոլորի տառապանքը, դժգոհությունը, ձանձրույթը, որպեսզի դառնաս գորշ, անդեմ զանգվածի մի մասը եւ բոլորի հետ եփվես համընդհանուր տառապանքի կաթսայում:»….?
    «Համընդհանուր տառապանքի կաթսայից» դուրս ցատկի և փախի, կաթսայից (Հայաստանից) փախի, ոչ թե մնա կաթսայում և աշխատիր «երջանիկ» լինել…
    Դրությունը նման է նրան, որ, ասենք հնարավոր է բանտում ոջիլից ազատվել? Ոչ, հնարավոր չէ։ Եթե հանկարծ, ինչ-որ հրաշքով, ինչ-որ մեկը՝ կիրառելով հիգինեայի բոլոր պահանջները, մի պահ ոջիլից ազատվի էլ, մնացածը հո ոջլոտ են? Ազատվածին անմիջապես նորից կվարակեն։ Միակ ձևը՝ բանտից փախլելն է։ Փախիր, թեկուզ փախնելուց ոջլոտ էլ լինես, բանտից դուրս մաքրվելու ես՝ ՄԻԱՅՆ 1 ԱՆԳԱՄ, և էլ չես վարակվելու, որովհետև՝ ազատության մեջ՝ ոջլոտ մարդ չկա։ ՄԻԱՅՆ ԴՈՒ ԵՍ։
    Ւսկ եթե մնում ես բանտում և ուզում ես ոջլոտ չլինել՝ ամբողջ կյանքդ զբաղվելու ես միայն դրանով։ Անընդհատ վարակվելու ես, և աշխատելու ես մաքրվել…. և չես կարողանալու…. Արժի արդյոք կյանքը նվիրել դրան?
    Մի վախեցեք՝ երջանիկ լինել, եթե կկարողանաք…. իսկ դժբախտներին հանգիստ թողեք, մեռնող հիվանդի մահճակալի մոտ երջանիկ լինելը՝ անբարոյականություն է։ Թողեք հիվանդը խաղաղությամբ մեռնի, իսկ դուք երջանիկ եղեք՝ հիվանդանոցի պատերից դուրս։
    Համարձակ…. Ձեր «Հայրենիքից» դուրս՝ մի ամբողջ աշխարհ կա, ԿԵՆԴԱՆԻ ԱՇԽԱՐՀ…. Մի վախեցեք… Դուրս եկեք դժբախտների մեռնող աշխարհից…
    Ձեր կենացը…))))…

  3. Սեդրակ Պապիկյան says:

    Կենաց լինելու համար շատ երկար է, տխուր նախաբանով, օրվա հետ մի տեսակ չբռնող:
    Առավոտը լույս ու արև պիտի բերի:

  4. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լավն էր: Անմահական ասացվածք՝ լացը լաց է բերում:

    Երբ ես դեռ Հայաստանում էի ապրում , իմ հարազատներից ոմանք ինձ միշտ ասում էին՝ «լացի,որ քեզնից փող չուզեն»:

    Ով չի փորձում երջանիկ լինել, նա հասարակության ուսերին բեռ է:

  5. Լավատես says:

    Ինչքան էլ ուրիշի երկրի քաղաքացի ենք, ինչքան էլ տեղացիները մեզ լավ են վերաբերվում ու նման բաներ, մեկ է, մենք ստեղ հյուր ենք, բայց հերիք է համարենք մեզ ուրիշի երկրի լիիրավ տերն ու մի բան էլ ավել տեղացիներից, որովհետեւ տեղացիներից ավելի աշխատասեր ենք ու նման բաներ, մենք հյուրից վերածվում ենք այլասերված հյուրի, որը կոչվում է քոչվոր։ Կարճ ասած, եկեք հարգենք տեղացիների իրավունքը սեփական տանը սեփական օրենքներ ունենալու ու սեփական մշակույթ ունենալու, մեր միջից հոգեվոր քոչվորին բնաջնջենք, ով հոգեբանությամբ քոչվոր է, նա հայ չի, էդ քոչվոր ոչ հայերին ստիպենք ընդունեն հյուրի հոգեբանությունը ոչ իր տանը ու հայ էությունը վերականգնեն։ Դա կարեւոր է ոչ միայն դրսի հայերի համար, այլ հատկապես ներսի հայերի ու առավել հատկապես մեր հայ ախպար եղբայրների համար։

  6. hay says:

    Շնորհավոր Նոր Տարի։
    Էդքան երկար կենաց չի լինում

  7. Վ.Խոտանան says:

    Իսկ ինչ երջանկություն պիտի լինի մի վայրում, որտեղ բոլորովին անտեսվում են հոգևոր կյանքն ու նրա օրենքները, որտեղ անընդհատ քարոզվում են արծաթասիրությունը, հեշտասիրությունն ու փառասիրությունը: Վայ մեզ, եթե մեզ երջանիկ է դարձնում Քանյի Ուեսթը և <>, և ոչ թե ձգտումը ապրելու Քրիստոսի պատգամներով: Դրախտը մեր մեջ պիտի լինի, և ոչ թե մեր շուրջը:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031