Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Դավոյան. «Մոնթեին ասացի, որ պետք է գնաս Ղարաբաղ» (Տեսանյութ)

Հունվար 28,2016 13:08

Հունվարի 28-ին «Հայելի» ակումբը հյուրընկալել էր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին: Նա խոսեց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի մասին, նաեւ այն թեմայով, թե ինչ է ակնկալում հասարակությունը բանակից:

Ռազմիկ Դավոյանն ասաց, որ միշտ բանակի հանդեպ բացառիկ ուշադրություն է ունեցել, Խորհրդային տարիներից ինքն ունի «Սահմանապահ զորքերի գերազանցիկի մեդալ»: «Մեր բանակի կազմավորման սկզբնական օրերից Երկրապահ կամավորականները եւ այն ջոկատները, որ ստեղծվեցին, փառապանծ գործ արեցին: Հետագայում զուգահեռաբար բանակի կազմավորման համար մեծ մտահոգություններ կային:

Իմիջիայլոց, Մոնթե Մելքոնյանի հետ իր սիրած աղջկա՝ Սեդայի միջոցով, որը հետագայում նրա կինը դարձավ, նամակագրական կապ էինք պահում: Երբ Մոնթեն տեղափոխվեց Փարիզից Հարավսլավիա, որտեղ ապրում էր, ասել էր՝ եթե Ռազմիկը հրավիրի, Հայաստան կգամ: Եվ իսկապես Մոնթեն եկավ, ապա Սեդայի հետ եկավ մեր տուն: Երեկոները նստում- զրուցում էինք իր գրքից, իմ որդին՝ Մհերը նրա գրքի առաջին խմբագիրն էր: Մոնթեն ինձ ասում էր՝ ի՞նչ պետք է անեմ, ասացի՝ պիտի գնաս Ղարաբաղ ու գնաց: Հետո երբ եկավ, ասաց, որ մեծ մղում կա երիտասարդների մեջ, բայց պատրաստ չեն, ասաց, որ ուզում է գնալ այնտեղ ու պատրաստել իրենց»,-պատմեց բանաստեղծը:

Նաեւ հիշեց, թե ինչպես էին ամեն օր երիտասարդների խմբեր էին մոտենում «Ղարաբաղ» կոմիտեի շենքին ու ցանկություն հայտնում գնալ Ղարաբաղ. «Զենք էին ուզում, բայց այդքան զենք չկար, ու նրանց տարերային ուղարկելն արդարացված չէր լինի»:

Նրա ձեւակերպմամբ, մեր բանակը զորավորներից է տարածաշրջանում եւ այդպես էլ ներկայանում է աշխարհին բոլոր պարամետրերով:

Ինչ վերաբերում է բանակի հետ կապված ինչ-ինչ դժգոհություններին, Ռազմիկ Դավոյանը չցանկացավ այդ մասին խոսել. «Այդպիսի մանրամասնություններ ինձ մի հարցրեք, որովհետեւ զորակոչվելու խնդիրներին խառնված չեմ եղել: Մեր ժողովուրդը եւ բանակը միասնական մի մարմին լինելու անհրաժեշտություն ունեն, ինչը ինձ ոգեւորում է: Այսօր ծնողները չեն ուղարկում իրենց երեխաներին անհայտություն, զինվորների հետ ծնողների հանդիպումներ պարբերաբար լինում են… Ես չեմ կարող ասել, թե ամեն ինչ իդեալական է, օրինակ, տեսնում եմ զինվորների անհատական պատրաստվածության խնդիր: Մի խոսքով, դրանք ինձ վերաբերող հարցեր չեն, բանաստեղծը սպայական կազմի պատասխանատուն չէ, պաշտպանության բանակի հրամանատարությունն է: Իհարկե, չեմ ժխտում, որ այդ տեսակ բաներ էլ են լինում, բայց ինքս մասնակից ու տեղյակ չեմ, մեկնումեկը չի ասել, որ ինձ բանակից ազատելու համար իրենից փող ուզեց»:

 

Նա խոստովանեց, որ որպես բանաստեղծ վերջին տարիներին ավելի քիչ է այցելել զորամասեր, բայց հիշում է իր այցելությունը տարիներ առաջ Խոջալուի տանկային դիվիզիա. «Այդ զինվորների հետ հետո հանդիպեցի, նրանց համար խոստովանահոր դերում էի, Խոջալուի տանկային դիվիզիայի բակը այդ երեխաները դարձրել էին վարդաստան»:

Բանաստեղծը մաղթեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների՝ բանակից խուսափող տղաները խելքները գլուխները հավաքեն, հասկանան, որ հայրենիքից թանկ բան չկա: Դավոյանի խոսքով, «Եթե նրանց հայրերը բարձրաստիճան պաշտոնյաներ են, դա չի նշանակում, որ մայրերն էլ են բարձրաստիճան պաշտոնյա»:

Բանակի կազմակերպվածությունն ըստ բանախոսի, այսօր ավելի մեծ է. «Սկզբնական շրջանում եղած թերություններն այսօր վերացել եւ մեղմացել են: Բանակը քաղաքականության հետ գործ չունի, այն ազգի պաշտպանությունն է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031