Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեքվիեմ ողջերի համար. Ռազմիկ Դավոյանի պոեմի նոր հրատարակությունը

Մայիս 18,2023 13:00

«Այս «ՌԵՔՎԻԵՄԸ» ողջերի համար է». ընթերցողի սեղանին է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի նոր՝ ամբողջական հրատարակությունը։ Երեք տարի պոեմի հրատարակությունն արգելված էր։ Եվ միայն առաջին անգամ 1969 թվականին է լույս տեսել՝ ենթարկվելով Խորհրդային շրջանի գրաքննությանը, որն էլ մի շարք անհարկի փոփոխությունների պատճառ է հանդիսացել։ Մասնավորպես խմբագիրը նվազագույն միջամտությամբ ժամանակաձեւեր ու բառեր է փոխել, այդպիսով խախտելով բանաստեղծական տողի ներքին ռիթմն ու տրամադրությունը, խեղելով ամբողջ բովանդակությունն ու խորհուրդը։

Սակայն 1997 թվականի հրատարակությունը ելակետ դարձավ. բացի այն, որ մեկտեղվել են «Ռեքվիեմի» առաջին եւ երկրորդ մասերը, շտկվել են նաեւ գրաքննության հետեւանքով առաջին հրատարակության մեջ տեղ գտած շեղումները։ Հատկանշական փաստ է, որ 60-ականներին «Ռեքվիեմի» առաջին մասի ձեռագիր տարբերակն անհետացել է։ Սակայն պատճառն ակնհայտ չէ։

Մեզ հետ զրույցում բանաստեղծի կինը՝ լեզվաբան, թարգմանչուհի, գրքի կազմող Արմինե Թամրազյան-Դավոյանն ասաց, որ վերջին տարիներին բանաստեղծը «Ռեքվիեմի» ամբողջական հրատարակությունը տեսնելու ցանկություն ուներ, բայց ցավոք, չհասցրեց։ Սակայն հավատարիմ մնալով Ռազմիկ Դավոյանի ցանկությանը՝ պահպանվել են գրքի առաջին հրատարակության Էմիլ Պետրոսյանի ձեւավորումն ու Սերո Խանզադյանի գրած առաջաբանը։

«Ռազմիկ Դավոյանի պոեմը շեշտակի բնույթ ունի՝ քարանձավաբնակ մարդուց մինչեւ հրթիռ ստեղծող ուղեղը։ Այս «Ռեքվիեմ»-ը ժանրի սկզբնական պատյանի մեջ չի մնացել, պատռել է եկեղեցական դոգմատիզմի զրահը, դարձել մարդկայնորեն մտերիմ, թաթախվել թախծի քնարերգությամբ, որ, իմ կարծիքով, պոեզիայի աղն է, երբեմն-երբեմն ստացել նաեւ ողբերգական երանգներ, որ դարձյալ մտերիմ-մարդկային է։ Ռազմիկ Դավոյանն իր ռեքվիեմով հաստատում է հավատը մարդ-արարածի նկատմամբ, ձգտում առավել լույսի»,- ընթերցում ենք Սերո Խանզադյանի առաջաբանում, որը գրվել է դեռեւս 1969 թվականին։

Արմինե Թամրազյան-Դավոյանի խոսքով՝ այսօր էլ պոեմի հասցեն նույնն է մնում՝ մարդու ներսն ու հոգեւոր աշխարհը։ Զրուցակիցս համոզված է՝ պոեմն ամբողջությամբ հոգեվիճակների արտահայտություն է։

«Ինձ, որպես ընթերցողի, ապշեցնում են կյանքի ու մահվան, լույսի ու խավարի հարափոփոխ խաղերն ու  խոսքի, բանաստեղծական տողի արարման հմտությունը։  Շլացուցիչ շքեղ պատկերների ու էներգետիկայի միջոցով ասես ներծծվում ես այդ ելեւէջների, երբեմն հստակ, երբեմն՝ մշուշոտ տիեզերքում,- շեշտում է տիկին Թամրազյան-Դավոյանը,- Ռազմիկը «Ռեքվիեմն» իր ամբողջ կյանքի ընթացքում չկարողացավ ավարտել։ Անընդհատ, կյանքի բոլոր փուլերում  ուզում էր վերադառնալ ու շարունակել։  Այս հրատարակությունը նաեւ բաց էջը փակելու խորհուրդ ունի»,- հավելում է զրուցակիցս, նաեւ նշում` նույնիսկ դժվար ժամանակներում պետք է անել այն աշխատանքը, որին հավատում ես։ Տիկին Թամրազյան-Դավոյանը հենվելով այդ մտքին՝ հրատարակությունից առաջ համեմատել է պոեմի տարբեր հրատարակություններն ու անհրաժեշտ, հիմնավորված շտկումներն արել։

Պոեմի այս հրատարակության մեջ նոր հատված է ավելացել՝ «Ի հավելումն «Ռեքվիեմի» Մհեր», որը որդուն կորցրած հոր մենախոսությունն է, ապրումներն ու ներքին բախումները։ Բնական, ինքնատիպ նկարագրություններով հագեցած տողերից վեր է բարձրանում իրականության լույսը՝ Դավոյանի բացառիկ մտազգացական գեղագիտությամբ։

Տիկին Թամրազյան-Դավոյանի հետ զրուցեցինք նաեւ Ռազմիկ Դավոյանի տողերի մեղեդայնության մասին։ Նա նշեց, որ այդ մեղեդայնությունն ապրած կյանքի, գրողական հմտության ու բանաստեղծության միջով հոսող էներգիայի խտացումն է, որը մարդկային բնություն է ներգործում։

Զրուցակիցս հիշեց մի դեպք. «Հրավիրված էինք Լոնդոնի «Royal Festival Hall»-ի գրադարան, որտեղ պետք է հատվածներ կարդայինք Դավոյանի ստեղծագործություններից։ Միշտ կարդում էինք երկուսով. ինքը հայերենով, իսկ ես՝ անգլերենով։ Այդ օրը որոշեցինք կարդալ նաեւ «Ռեքվիեմից»։ Դահլիճում շատ էին գրողներն ու քննադատները։ Աչքիս առաջ դահլիճը քարացավ։ Ես զգացի այդ էներգիան, տողի ուժն ու զորությունը, անգամ երբ հնչում էր  հայերեն տարբերակը։ Անգլերեն թարգմանությունն ընթերցելուց հետո, նույն օրը «Arc Publications» հանրահայտ հրատարակչատան տնօրենը մոտեցավ մեզ եւ ասաց, որ «Ռեքվիեմը» հրատարակելու են առանձին գրքով։ Սա աննախադեպ էր…  Միշտ ու բոլորին ցանկանում եմ պատմել այս ամենը»,- նշեց Արմինե Թամրազյան-Դավոյանը։

Հավելենք, որ պոեմի առանձին հատվածներ թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, լույս տեսել տարանուն ամսագրերում։ Իսկ անգլերեն թարգմանությունը հրատարակվել է առանձին գրքով՝ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031