Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Դիտարկելով Կարեն Անդրեասյանի և նրա նախորդների գործունեությունը՝ կարելի է փաստել, որ ՄԻՊ ինստիտուտը լիարժեքորեն չի կայացել»

Փետրվար 02,2016 17:15

Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ տարեսկզբի ներքաղաքական ամենաաղմկահարույց իրադարձությունը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականն է: Խնդիրը ոչ այնքան բուն հրաժարականն է, որքան դրա պատճառների և հիմքերի ոչ հրապարակային բնույթը և հետևաբար հասարակության անտեղյակությունը, թե ի վերջո ինչու հրաժարական տվեց պետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Ընդ որում, նախկին օմբուդսմենները ևս վաղաժամկետ վայր են դրել իրենց լիազորությունները հանրությանն անհայտ պատճառներով: Այս շարունակական երևույթը պետք է մտահոգի Ազգային ժողովին՝ որպես ժողովրդին ներկայացնող մարմնի, որը հենց ընտրում է օմբուդսմենին:

Հարցը համակարգային բնույթ է կրում, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում նույն կերպ են վարվել բազմաթիվ այլ պաշտոնատար անձինք՝ հրաժարական ներկայացնելուց հետո՝ անհրաժեշտ չհամարելով հանրությանը հավուր պատշաճի ներկայացնել իրենց պաշտոնաթողության պատճառներն ու հիմքերը:
Իսկ իրականությունը պետք է այլ լիներ, քանզի յուրաքանչյուր պետական պաշտոնյա գործում և վարձրատրվում է քաղաքացիների վճարած հարկերով և պարտավոր է հասարակության առջև հաշվետու լինել թե՛ իր գործունեության, թե՛ հրաժարականի համար:

Դիտարկելով Կարեն Անդրեասյանի և նրա նախորդների գործունեությունը՝ կարելի է փաստել, որ օմբուդսմենի ինստիտուտը լիարժեքորեն չի կայացել:

ՄԻՊ-ի դերն ու նշանակությունն ամբողջովին չի ընկալվում ոչ քաղաքական ուժերի և ոչ էլ պետական այլ ինստիտուտների կողմից: Որպես արդյունք՝ օմբուդսմենը տեղի-անտեղի ենթարկվում է խիստ քննադատության երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոչ բավարար վիճակի համար: Այնինչ, ՄԻՊ-ը ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ մյուս օրենքներով պատասխանատու չէ պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտումների համար, այլ ունի զուտ վերահսկողական ֆունկցիա:

Բացի այդ, ՄԻՊ-ի գործունեությունը գնահատելիս պարբերաբար հնչում են խիստ քաղաքական գնահատականներ, օմբուդսմենին մեղադրում են իշխանության կամ ընդդիմության շահերը պաշտպանելու և այս կամ այն ուժի կամ բևեռի դրածոն լինելու մեջ: Դա այն դեպքում, երբ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական պաշտոնյա չէ և, ըստ Սահմանադրության, պետք է լինի քաղաքականապես չեզոք: Ուստի ՄԻՊ-ի աշխատանքի գնահատականի հիմքում պետք է լինի միմիայն նրա աշխատանքի օբյեկտիվ գնահատումը:

Շուտով մենք ընտրելու ենք Մարդու իրավունքների նոր պաշտպան և հիմք ընդունելով նշածս մտահոգությունները՝ ներկայացնեմ՝ ըստ իս, ինչպիսին պետք է լինի օմբուդսմենը:
Նա պետք է լինի բարձրակարգ մասնագետ, ունենա մարդկային անհրաժեշտ որակներ, բացարձակ ինքնուրույնություն և քաղաքացիական խիզախություն:
Հայաստանի օմբուդսմենը պետք է պատրաստ լինի աշխատել լարված և պարբերական ճնշումների պայմաններում, ունակ լինի դիմակայել քաղաքական ուժերի երբեմն անհամարժեք վերաբերմունքին և կարողանա պաշտպանել սեփական դիրքորոշումը, որը պետք է հիմնված լինի օմբուդսմենի ինստիտուտի դերի և կարևորության գիտակցման վրա:
Հուսով եմ՝ Մարդու իրավունքների նոր պաշտպանը կհամապատասխանի իր բարձր կոչմանը և առաքելությանը:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթը խորհրդարանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29