Լրահոս
Օրվա լրահոսը

Խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երեւույթներն առկա են ու դեռ շարունակվում են. «Ժողովուրդ»

Փետրվար 02,2021 09:31

Չնայած Հայաստանի նոր իշխանություններն ընդդիմադիր հռետորաբանության տարիներին միշտ քննադատում էին խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու փաստը, սակայն նոր Հայաստանում նման երեւույթներն առկա են ու դեռ շարունակվում են:

Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»: Բայց ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու հայկական իրականությունը էականորեն տարբեր են:

Ամենաթարմ օրինակը, որ կարող ենք մատնանշել, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանի կնոջ դեպքն է: Մասնավորապես, Սիմիդյանի կինը՝ Անահիտ Սարգսյանը, վերջերս աշխատանքի է անցել՝ նշանակվելով Բարձր տեխնոլոգիական նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ: Եթե նա չլիներ Սիմիդյանի կինը, արդյոք կնշանակվե՞ր այդ պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեց Անահիտ Սարգսյանի մայրիկին՝ նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, որը հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով. «Այդտեղ որեւէ բան չկա, քննություն է տվել ու ընդունվել է, իմ աղջիկը շատ կրթված է ու այժմ էլ աշխատանքի է»:

Խնամի-ծանոթ-բարեկամ մերժող հեղափոխական իշխանության օրոք ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանը, աշխատում է ՀՀ հաշվեքննիչ պալատում. մամուլի քարտուղարն է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականն է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանն է: Մեկ այլ պատգամավոր Համազասպ Դանիելյանի կինն էլ Երեւանի ավագանու անդամ է: Իսկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, մինչեւ երեկ զբաղեցնում էր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը:

Բացի այդ, բաջանաղներին մերժած Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցների ղեկավարներ նշանակեց իր դասընկերներին եւ հայրենակիցներին. ՀՀ ոստիկանության ծառայության պետը իջեւանցի Վահե Ղազարյանն է, ԱԺ պատգամավոր, խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Փաշինյանի մանկության ընկեր Վահե Ղալումյանն է, Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատարը Փաշինյանի հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանն է, եւ այսպես շարունակ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728