Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դատարանները չեն կիրառում նախադեպային որոշումները

Փետրվար 18,2016 14:00

Բաց նամակ ՀՀ արդարադատության խորհրդի
նախագահ պարոն Ա. Մկրտումյանին

Հարգելի պարոն Ա. Մկրտումյան, խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում ձեռնարկել միջոցներ մեր ընտանիքի վերաբերյալ գործով ՀՀ դատական համակարգի կամայականություններին վերջ տալու համար: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները կամայականորեն չեն կիրառում նախադեպային որոշումները եւ չեն գնահատում մեր կողմից ներկայացված ապացույցները: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ջանք ու եռանդ չի խնայել հայցվոր Սամսոն Վարդանյանի օգտին դատական ակտեր կայացնելու համար:
Արդեն 6 տարի է՝ մեր ընտանիքը գտնվում է դատական համակարգի կարուսելային քաշքշուկների մեջ: Ակնհայտ է, որ այս դեպքում խոսք լինել չի կարող արդարադատության իրականացման արդյունավետության մասին: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նույն գործով 3 անգամ է՝ կայացնում է հայցվոր Սամսոն Վարդանյանի օգտին դատական ակտ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից արդեն 2 անգամ է՝ բեկանվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռները, իսկ երրորդ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը գտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ նախագահությամբ դատավոր Ս. Միքայելյանի վարույթում:
Հատկանշական է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վճիռների բեկանումից հետո ամեն անգամ հայցվորը փոխել է հայցի հիմքն ու առարկան եւ ամեն անգամ այդ փոփոխված պահանջները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գտել է հիմնավոր եւ բավարարել է այն: Այս ամենը ոչ թե արդարադատության, այլ կամայականության իրականացում է: Հայցվորը, երրորդ անգամ փոփոխելով հայցի հիմքն ու առարկան, պահանջել է առոչինչ ճանաչել Վոլոդյա Հարազատի Գեւորգյանի եւ Էդգար Վոլոդյայի Գեւորգյանի միջեւ 17.09.2009 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը եւ այն կեղծ լինելու հիմքով որպես անվավերության հետեւանքներ՝ անվավեր ճանաչել նվիրատվության պայմանագրի հիման վրա Էդգար Վոլոդյայի Գեւորգյանի անվամբ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 17.09.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Էդգար Վոլոդյայի Գեւորգյանի եւ Կարեն Հակոբի Մուրադյանի միջեւ 11.09.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը եւ դրա հիման վրա 15.09.2010 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաեւ Կարեն Հակոբի Մուրադյանի եւ Նաիրա Երջանիկի Շահինյանի միջեւ 16.11.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը եւ դրա հիման վրա 19.11.2010 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 25.10.2015թ. վճռով Սամսոն Վարդանյանի երրորդ անգամ փոփոխված հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վոլոդյա Գեւորգյանը 15.02.2009 թվականին Սամսոն Վարդանյանից փոխառությամբ վերցնելով գումար եւ ստանձնելով մինչեւ գումարը վերադարձնելու օրը՝ 15.02.2010 թվականը, իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը չօտարելու պարտավորություն, այդ ընթացքում՝ 17.09.2009 թվականին, կնքել է իրեն պատկանող գույքի օտարման անհատույց գործարք՝ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա թիվ 3 հասցեում գտնվող բնակելի տունը եւ տնամերձ հողամասը նվիրելով իր իսկ հարազատ որդուն: Այսինքն՝ նվիրատվության պայմանագրի կնքումը Վոլոդյա Գեւորգյանի կողմից Սամսոն Վարդանյանի հանդեպ ունեցած դրամային պարտավորությունը կատարելուց խուսափելու նպատակ է հետապնդել, այդ պայմանագիրը կնքվել է առերեւույթ, պարզապես բնակարանի անվանափոխության նպատակով, առանց համապատասխան իրավական հետեւանքներ առաջացնելու մտադրության, որպեսզի պարտավորությունը չկատարելու դեպքում հնարավոր չլինի գույքի վրա բռնագանձում տարածել:
Մինչդեռ, բացի փոխառության պայմանագրից, գործում առկա չէ որեւէ ապացույց, որով կարող է հաստատվել այն փաստը, որ նվիրատվության պայմանագիրը կնքվել է առանց իրավական հետեւանքներ առաջացնելու մտադրության:

Դատարանն անտեսել է 11.09.2010թ. եւ 16.11.2010թ. կնքված առուվաճառքի պայմանագրերը, համաձայն որոնց՝ Էդգար Գեւորգյանը Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառել է Կարեն Մուրադյանին, այն հանձնել է վերջինիս, իսկ Կարեն Մուրադյանն էլ իր հերթին նշված անշարժ գույքը վաճառել է Նաիրա Շահինյանին, որոնք վկայում են կողմերի` իրավական հետեւանքներ առաջացնելու մտադրության մասին: Մեր կողմից ներկայացվել է առարկություն, այն մասին, որ հայցվոր Սամսոն Վարդանյանի հանդեպ Վոլոդյա Գեւորգյանի ունեցած պարտավորությունների առկայությունը բավարար չէ պատասխանողների միջեւ կնքված գործարքները կեղծ լինելու, այսինքն` առերեւույթ, առանց համապատասխան իրավական հետեւանքներ առաջացնելու մտադրության բացակայությունը հաստատված համարելու համար: Նման դիրքորոշում է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանը՝ ըստ հայցի Յուրի եւ Սիլվա Զարգարյանների՝ ընդդեմ Արշակ Զարգարյանի, Գայանե Բարսեղյանի եւ Արթուր Հարությունյանի` առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ԵԱՔԴ/2506/02/09 քաղաքացիական գործով 04.03.2011թ. կայացված որոշմամբ, մինչդեռ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կամայականորեն չի կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի նշված նախադեպային որոշման հիմնավորումները:

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշման շրջանակներում անդրադառնալով նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի մեկնաբանությանը, արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս եւ արդյունքում վճիռ կայացնելիս, այլեւ պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՚ս, Շողիկ Ղարիբյանն ընդդեմ Թամարա Վարդանյանի թիվ 3-558(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կամայականորեն չի պատճառաբանել, թե ինչու է մերժել մեր կողմից ներկայացված հետեւյալ ապացույցները՝

1. Արմավիր քաղաքի թիվ 31 թաղային լիազորի կողմից 12.11.2004թ. տրված տեղեկանքը, որով հիմնավորվում է այն փաստը, որ 2001թ.-ից Վոլոդյա Գեւորգյանը Էմիլյա Գրիգորյանի հետ համատեղ չի բնակվել, իսկ նրանց երեխաները գտնվել են Էմիլյա Գրիգորյանի խնամքին:
2. Արմավիր քաղաքի թիվ 8 թաղային լիազորի կողմից 20.02.2014թ. հաստատված հայտարարությունը, որով հիմնավորվում է այն փաստը, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառելուց հետո նշված հասցեում Էդգար Գեւորգյանը չի բնակվել:
3. ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի պրոֆ. բաժանմունքի տեսուչ Մ. Մկրտչյանի կողմից 27.02.2005թ. կազմված բնակարան այցելելու մասին արձանագրությունը, որով հիմնավորվում է այն փաստը, որ Վոլոդյա Գեւորգյանը կնոջ եւ որդու՝ Էդգար Գեւորգյանի հետ համատեղ չի բնակվել:
4. Արմավիր քաղաքի Գործարանային 2-րդ շենքի 31 հասցեի բնակչուհի Ռուզաննա Ասատրյանի կողմից 30.06.2010թ. տրված գրավոր հայտարարությունը, որով հիմնավորվում է այն փաստը, որ Վոլոդյա Գեւորգյանը շուրջ տասը տարի է՝ չի ապրել ընտանիքի հետ:
5. Ինչպես նաեւ դատարանը չի պատճառաբանել, թե ինչու է մերժել Էդգար Գեւորգյանի, Կարեն Մուրադյանի եւ Նաիրա Շահինյանի առարկությունների հիմքում ընկած փաստական հանգամանքները: Հարգելի պարոն Մկրտումյան, ես այլեւս ուժ չունեմ պայքարելու նման անօրինականությունների դեմ: Խնդրում եմ Ձեզ իրավասության սահմաններում ձեռնարկել միջոցներ՝ ապօրինի դատական ակտ կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ պատասխանատվության ենթարկելու համար:

ԷՄԻԼՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ,
ք. Երեւան

 

«Առավոտ» օրաթերթ
17.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29