Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեկ ժամ շուտ ազատության մեջ հայտնվելը ազատազրկվածի համար հավասար է նորից ծնվելուն

Օգոստոս 17,2019 11:00

Ազատությունից զրկվելու առաջին իսկ ժամերից փորձում ես գուշակել, թե դատավորն իր ներքին համոզմունքով քեզ քանի՞ տարի «կփակի»: Սակայն մինչ այդ՝ արդեն կալանավայրում քեզ դիմավորելով՝ տվյալ քրեակատարողական հիմնարկում աշխատող սոցիալ-հոգեբանները փորձելով քեզ ինտեգրել անազատության ռեժիմին՝ ակնարկում են նաեւ գործող կարգի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավոր տեսլականները, եթե….:

Վաղաժամկետ ազատման համար կան չափանիշներ

«ՀՀ քրեական օրենսգրքի» 76-րդ հոդվածը սահմանում է այդ եթե-ները։ Դատապարտյալի պատժի կրումից վաղաժամկետ ազատման համար կան չափանիշներ, որոնց հիման վրա գնահատվում են դատապարտյալի ուղղման հանգամանքները։ Դրանք կապված են ինչպես վարքի, այնպես էլ նոր հանցանք կատարելու ռիսկի հետ։ Վարքը գնահատելիս հաշվի են առնում դատապարտյալի տույժերի առկայությունն ու բացակայությունը։ Նոր հանցանք կատարելու ռիսկայնությունը գնահատելիս հաշվի է առնվում դատապարտյալի տարիքը ներկա ու հանցագործությունը կատարելու պահին, հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորությունը, ռեցիդիվի առկայությունը, իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը, հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը, նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթին, որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները, մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում անձնական զարգացման միջոցառումներին, ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը, սոցիալական միջավայրը, առողջական՝ այդ թվում հոգեկան առողջության վիճակը, դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ։

«Մի 10 րոպե խոսում են հետդ ու սկսում սադրել»

Ինչպես անազատության մեջ գտնվողներն են ասում՝ «սիրուն, պուպուշ» տողեր են։ Բայց արդյոք այս չափանիշնե՞րը կարող են ճակատագրական լինել պատժի կրումից վաղաժամկետ ազատման համար։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի լուսանկարը՝ moj.am-ից

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ 70-ամյա Գագիկ Պապոյանը դատապարտվել է խարդախության համար՝ 12 տարի ազատազրկման։ Օրացույցային մոտ 9 ամիս ունի մինչեւ ազատվելը։ Հիվանդ է, չարորակ ուռուցք ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է, հազիվ է կարողանում քայլել, ոչ մի տույժ չունի, բայց վաղաժամկետ պայմանական չեն ազատում։ Պատճառը՝ տուժողի վնասը չի փոխհատուցել։ «Վայ-վայս գնացել, հայ-հայս է մնացել։ Շինարար մարդ եմ, Երեւանի շատ հայտնի շենքեր ես եմ կառուցել։ Չեմ ասում՝ մեղավոր չեմ. սա հարցի մյուս կողմն է։ Ուղղակի զարմանում եմ, որ ինձ ստեղ դեռ պահում են: Ուզո՞ւմ են ստեղ մեռնեմ»,-ասում է դատապարտյալը։

Ըստ հնաբնակ կալանավորների՝ նախկինում մի տեսակ հեշտ էր պայմանական վաղաժամկետ ազատվելը։ «Գաղութի ղեկավարությունը իր «պեչատն» խփում էր ու հայդա՝ միանգամից դատարան։ Հետո մտցրին անկախ հանձնաժողով։ Գալիս էին՝ 5 րոպե խոսում ու որոշում՝ ուղղվել ես, թե հլա նույն հանցագործն ես»,-նշեց կալանավորներից մեկը։

Շատ դեպքերում քրեակատարողական հիմնարկը դատապարտյալին բնութագրում էր դրական, անկախ հանձնաժողովը՝ բացասական եւ գործը դատարան չէր հասնում։ ՔԿՀ-անկախ հանձնաժողով-դատարան եռյակով դատապարտյալի ճակատագիր որոշելը, դեռեւս նախորդ իշխանության օրոք՝ դարձվեց ավելի մարդասիրական։ Քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունները դատապարտյալի համար կազմում են զեկույց- եզրակացություն, որից հետո գործն ուղարկվում է դատարան։ Եթե երկու ծառայությունների զեկույցները բացասական են լինում, դատապարտյալը իրավունք ունի բողոքարկել դատարան։ Նախկինում եթե ՔԿՀ-ի վարչակազմը բացասական եզրակացություն էր տալիս, ապա գործը չէր ուղարկվում անկախ հանձնաժողովին։

Մարդասիրական այս առաջընթաց քայլը, սակայն, ըստ դատապարտյալների՝ քիչ բան է փոխվել։ «Պրոբացիայից գալիս են։ Մի 10 րոպե խոսում են հետդ ու սկսում պրովոկացիա անել։ Այսինքն` ուզում են քեզ հունից հանել։ Օրինակ՝ խի՞ է «թեւերդ փրթած», եթե ինքնավնասում ես անում, ուրեմն հոգեկան անհավասարակշիռ վիճակում ես։ Ո՞նց ես ապրելու դրսում»,- ասաց դատապարտյալներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։ «Նավսյակի՝ հետո չասեն բողոքել ես՝ ուրեմն ուղղված չես։ Սրանցից ամեն ինչ սպասելի է»,-ասաց նա։

Շատ հաճախ պրոբացիոն ծառայության մասնագետները իրենց բժիշկի, իրավաբանի տեղ են դնում եւ փորձում եզրահանգումներ անել։ Եղել է այնպիսի իրավիճակ, երբ պրոբացիայի ծառայության մասնագետը դատապարտյալին հարցրել է. «Կարո՞ղ է դրական տանք, ազատվես ու մեզ խայտառակ անես դրսում»։

Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը պարբերաբար լինում է կալանավայրերում։ Դատապարտյալները դժգոհ են պրոբացիայի ծառայության աշխատանքից։ «Գալիս՝ հանդիպում են ու հետո ասում՝ դու մեզ հավատ չես ներշնչում»,- ասաց տիկին Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ ինքը հարցը բարձրաձայնել է Ազգային ժողովի ամբիոնից՝ հորդորելով ավելի աչալուրջ աշխատել, ունենալ կոնկրետ չափորոշիչներ։

«Պրոբացիայի ծառայողը՝ այցելելով դատապարտյալի պատիժը կատարող քրեակատարողական հիմնարկ, զրուցում է դատապարտյալների հետ, դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրման հիման վրա կազմում քաղվածք, անհրաժեշտության դեպքում կատարում պատճեններ եւ կախված գործի առանձնահատկություններից՝ այդ հանդիպումները կոնկրետ 5-10 րոպե չեն տեւում, կարող է պահանջվել երկրորդ այցելություն կատարել», -կարդում ենք խմբագրության կողմից գրավոր հարցմանը ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ուղարկած պաշտոնական գրության մեջ։Պրոբացիայի ծառայության պատասխանը

Ըստ այդ պատասխանի՝ զեկույց կազմելիս պրոբացիայի ծառայողը հանդիպումներ է ունենում դատապարտյալի ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարեւանների, տուժող կողմի հետ, դատապարտյալի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով հարցումներ է անում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հիմնարկներ եւ այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ համապատասխան ՔԿՀ-ների աշխատակիցների եւ այլ անձանց տրամադրած տվյալների հիման վրա կազմում է զեկույց։

«ՀՀ քրեական օրենսգրքի» 266 հոդվածի հատկանիշներով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) դատապարտված Ալիկ Կոնջորյանի պատմելով, ինքը դատարանում պահանջել է, որ պրոբացիայի ծառայության Արմավիրի ներկայացուցիչ Ղարիբյանը զբաղվի իր գործառույթով։ «Փորփրում էր քրեական գործս, բայց ինքը ինչ է արել բանտից ազատվողների համար։ Բրախում են ու վերջ։ Թող իրանց գործը անեն», -ասաց նա։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի լուսանկարը՝ moj.am-ից

Դատապարտյալի մասին մյուս զեկույցը կազմում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժինը։

«Գործը կազմելիս հաշվի են առնվում պատիժը կատարող հիմնարկի կողմից տրամադրված փաստաթղթերը»,- պաշտոնական մեր հարցմանն այսպես պատասխանեցին քրեակատարողական ծառայությունից։

Այստեղ էլ են դատապարտյալները տարակուսում։ «Մեզ հետ աշխատում են ստեղ, շփվում ենք տեսուչների, ռեժիմիկների, սոցիալ-հոգեբանների, տո ինչու չէ՝ նաեւ վարչակազմի հետ։ Լավ, ախպեր ջան, իրանք կարա՞ն լավ բնութագրեն ինձ, իմանան ուղղված եմ, թե՞ վարչության աշխատողները, որոնք տեղները նստած` թղթերն են մենակ կարդում»,-հարցնում է «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Տիգրան Ղազարյանը։ Նրա խոսքով, երբ վարչությունը բացասական եզրակացություն է տալիս՝ «շաբլոն նույն բանն է գրվում»: «Չնայած բնութագրվում է դրական, սակայն նոր հանցանք կատարելու հավանականությունը մեծ է։ Տո այ խիղճներդ կտրվի, էդ ոնց իմացա՞ք, հո բախտագուշակ կամ էքստրասենս չեք», -ասում է Տիգրանը:

Դատապարտյալ Արմեն Ղեւոնդյանին թե պրոբացիայի ծառայությունը, թե քրեակատարողական ծառայությունը տվել են բացասական զեկույցներ։ Ըստ այդմ, ՔԿՀ-ի պետի որոշմամբ՝ նրան չներկայացրին պայմանական վաղաժամկետ ազատման։ Դատապարտյալը որոշումը բողոքարկել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանը մերժել էր՝ նրան պայմանական վաղաժամկետ ազատել եւ հիմա գործը վերաքննիչ ատյանում է։ Հետաքրքիր է, որ երկու զեկույցներն էլ նույնաբովանդակ են։

«Չնայած պատժի կրման ընթացքում դրսեւորել է դրական վարքագիծ, բայց դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը բարձր է»,-ասում է Արմենը՝ ավելացնելով, որ կասկածներ ունի, որ երկու ծառայությունները միասին խորհրդակցում են եւ կազմում զեկույցներ։

Ի դեպ, քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես հերքեց այն կասկածները, որ դատապարտյալի մասին դրական կամ բացասական զեկույցներ կազմելիս հաշվի են առնվում պրոբացիայի ծառայության կողմից տված զեկույցը, «քանի որ նման իրական պահանջ նախատեսված չէ ոլորտը կարգավորվող իրավական ակտերով»:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

2019 թվականի հունվար-մայիսին պրոբացիոն ծառայության կողմից կազմվել է 349 զեկույց, որից 83-ը՝ դրական, 266-ը՝ բացասական։ Քրեակատարողական ծառայությունը նույն ժամանակահատվածում կազմել է 521 զեկույց, որից 8-ն էր դրական։ Այս տարվա հունվարից մայիս՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է 66 անձ։

«Օլիգարխ բիզնեսմենից ավելի հեշտ մենաշնորհ կպոկես, քան վարչակազմից խրախուսանք»

Հունիսի 1-ից քրեակատարողական ծառայությունում փոխվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կարգը։ Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի որոշմամբ՝ մշակվել են չափորոշիչներ. դատապարտյալի անձնական գործի եւ վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ ներառված տեղեկատվությունը գնահատվում է բալային համակարգով՝ 0-5։ Մասնավորապես, եթե խրախուսվել ես մեկ անգամ, ապա 3 միավոր ունես, 2-ից ավելի խրախուսանք ունենալը 5 միավոր է։ Նմանապես գնահատվում են պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը, աշխատելու հնարավորությունը, դասընթացներին մասնակցելը, մարզական կամ մշակութային միջոցառումներին, դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, տարիքային ցենզը, կատարած հանցանքի վտանգավորությունը, ռեցիդիվը, վերաբերմունքը քրեական ենթամշակույթի հանդեպ եւ այլն։ Ընդհանուր 43 բալային համակարգից անցողիկ է համարվում 28-ը։

«Փորձիր խրախուսանք ստանալ։ Օլիգարխ բիզնեսմենից ավելի հեշտ մենաշնորհ կպոկես, քան վարչակազմից խրախուսանք։ Այ, իսկ տույժ՝ խնդրեմ, ներում-բեկում չկա։ Ինչքան կուզեն՝ կտան»,-պատմում է արդեն նախկին դատապարտյալ Հայկ Հայրապետյանը, որն, ի դեպ, հունիսին է պայմանական վաղաժամկետ ազատվել։

Բոլոր դատապարտյալներին հնարավորություն չի տրվում աշխատելու։ Այդքան աշխատատեղ չկա։ Եվս 5 միավոր տրվում է, եթե դեմ ես քրեական ենթամշակույթին։ «Ես հավատում եմ, որ երբ գա «զոն նայողի» պայմանական ազատվելու վախտը, նա էլ կպնդի, որ դեմ է, հլա մի հատ էլ կհարցնի՝ էդ գողականը ո՞րն է»,- ասաց դատապարտյալներից մեկը, բնականաբար, չցանկանալով նշել անունը։

Ի դեպ՝ նկատենք որ բալային համակարգի հարցաշարի մեջ դատապարտյալների առողջության մասին ոչինչ չկա, իսկ ՀՀ Քրօրենսգրքի 76 հոդվածում, որում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու պահանջներ են, անհրաժեշտ է հաշվի առնել դատապարտյալի առողջական վիճակը։

Դատավորը կախո՞ւմ ունի դատախազից

Դատապարտյալ Գ.Ա-ն մեղավոր է ճանաչվել «ՀՀ քրեական օրենսգրքի» 175 հոդվածի հատկանիշներով՝ ավազակային հարձակում եւ դատապարտվել 6 տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուն մնացել է 2 տարի 4 ամիս։ Քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունները տվել են դրական զեկույցներ։ Բայց դատարանը ներքին համոզմունքով գտավ, որ դեռ չի ուղղվել։ «Դատավորն ասաց՝ տղա ջան, տակը շատ ես թողնում, գնա’, հաջորդ անգամ ներկայանալուց կազատեմ։ Մեկ է ազատեմ էլ, դատախազը բողոքելու է»,- ասաց Գ. Ա-ն։

Այն կարծիքը կա դատապարտյալների մոտ, որ դատավորները վախենում կամ էլ կախվածություն ունեն դատախազներից։ Ըստ ուսումնասիրությունների՝ նման դեպքերում դատախազները բողոքում են ու անպայման մինչեւ վերջին «խազը»: Անգամ մի երկու ամիս դրսում ազատ մնալուց հետո պայմանական վաղաժամկետ ազատած դատապարտյալին նորից հետ են բերում կալանավայր։

Կան նաեւ համարձակ դատավորներ, որոնք անտեսում են դատախազների առարկությունները։ Այսպես, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը պայմանական վաղաժամկետ ազատման որոշում կայացրեց Նարեկ Հարությունյանի նկատմամբ։ Նա վտանգավոր ռեցիդիվ ուներ, կալանավայրում նորից հանցագործություն էր արել, ուներ տույժեր եւ մեկ խրախուսանք։

Զարմանալի է նաեւ այն փաստը, որ դատավորներից ոմանք անգամ դատախազների կողմից առարկություն չլինելու դեպքում՝ մերժում են դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակի փոխել ։

Իրինա Մանուկյան

Փաստաբան Իրինա Մանուկյանն իր փորձից ելնելով ասում է, որ նման դեպքերում ավելի համարձակ է գտնվում վերաքննիչ դատարանը։ «Եթե դատախազը չի առարկում, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է ստորադաս դատարանի որոշումը եւ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատում պատժի կրումից։ Ի դեպ, քիչ են այն դեպքերը, որ դատարանները որոշում են կայացնում նորմալ վարքագիծ դրսեւորված դատապարտյալներին բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար»,-ասաց նա։

Իրինա Մանուկյանը մի դիտարկում էլ առանձնացրեց։ Եթե դատապարտյալին պրոբացիոն եւ քրեակատարողական ծառայությունները բացասական զեկույց են տվել, եւ անձը բողոքարկում է դատարան, ապա պայմանական վաղաժամկետ ազատման համար տվյալ դատապարտյալը կարող է դիմել 6 ամիս անց։ Նույնքան ժամանակ է նախատեսված նաեւ այն պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացված այն դատապարտյալների համար, որոնց 2 զեկույցները կամ մեկը դրական են, բայց առաջին ատյանի դատարանը մերժում է ազատել ու որոշումը բողոքարկվում է վերաքննիչ ատյան։ «Եթե վերաքննիչ ատյանը ստորադաս ատյանի որոշումը թողնում է անփոփոխ, ապա նորից 6 ամիս հետո կարող են դիմել։ Այնինչ՝ նրանք ովքեր չեն բողոքարկում, մերժվելուց հետո՝ 3 ամիս անց կարող են ներկայացվել պայմանական վաղաժամկետ ազատման»,-ասաց տիկին Մանուկյանը։ Նրա կարծիքով, սա մարդու իրավունքների նկատմամբ խտրական վերաբերմունք է եւ պետք է բոլոր դեպքերում գործի երեքամսյա ժամկետը։

Նշեմ, որ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխված դատապարտյալները առավոտյան 8-ին մեկնում են կեցավայրից, իսկ ժամը՝ 20-ին գալիս գիշերում առանձին հատկացված տեղում։

Ի դեպ, նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչից հետո դատավորներից ոմանց մոտ փոփոխություն է նկատվում։ Պատժի կրումից վաղաժամկետ ազատվելու հայցերի մեծ մասը բավարարվում են։

Ուղղվե՞լ եմ, թե՞ չէ. սա է խնդիրը

Պայմանական վաղաժամկետ ներկայացման ժամկետս լրանում է պատժի 1/2-րդ կրելուց հետո՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ն է։ 2015 թվականի ապրիլի 22-ից անազատության մեջ եմ։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով մեղավոր եմ ճանաչվել «ՀՀ քրեական օրենսգրքի» 178 հոդվածի հատկանիշներով (խարդախություն) եւ դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Ինչպես մայրս է անընդհատ ասում՝ եթե նոր ղալաթ չանեի, հիմա ազատության մեջ կլինեի։

Արմեն Դավթյանի լուսանկարը՝ լրագրող Արման Սուլեյմանյանի ֆոտոարխիվից

Բայց նոր հանցանք գործեցի եւ մեղավոր ճանաչվեցի ՀՀ քրօրենսգրքի 34-38-268 հոդվածի 1 մասի հատկանիշներով՝ թմրամիջոցների ապօրինի տարածման փորձ՝ առանց իրացնելու նպատակի։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով հենց այդ օրվանից։

Չգիտեմ՝ պրոբացիայի ու քրեակատարողական ծառայությունների զեկույցները ինչպես կլինեն, բայց ըստ ինձ՝ ուղղման ճանապարհին եմ։ Նման եզրահանգման էր նաեւ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանը, երբ նախարարի հատուկ մրցանակը «Հանրային հայացք փակ աշխարհին» լրագրողական մրցանակաբաշխության շրջանակում հանձնեց ինձ։ Քրմոյանի խոսքով՝ ես վերասոցիալականացման փուլում եմ եւ կարող եմ ինտեգրվել հասարակությանը։

Ի դեպ, ինչքան հիշում եմ, Եվրոդատարանի նախադեպային որոշմամբ դատապարտյալին պետք է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատել, եթե նա կանգնած է ուղղման ճանապարհին։ Ըստ Եվրոդատարանի՝ դատապարտյալի վերջնական ուղղումը հնարավոր է միայն ազատազրկման վայրից դուրս` հասարակության մեջ ամբողջապես ընդգրկվելով։

Նկատեմ, որ նախարարի հատուկ մրցանակի արժանանալուց հետո, ինձ խրախուսանքի չներկայացրին։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 2018 թվականին պետբյուջեից 8,3 միլիարդ դրամ է հատկացվել քրեակատարողական ծառայությանը։ Մեկ դատապարտյալի պահելու ծախսը գերազանցել է 2,5 միլիոն դրամը։ 2018 թվականին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է 530 անձ, ինչը 165-ով ավելի է 2017 թվականին պայմանական վաղաժամկետ ազատված անձանց թվից։

Նոր Հայաստանում՝ նորովի

Չնայած 2018 թվականին նախաձեռնած օրենսդրական փոփոխություններով պարզեցվեց պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ընթացակարգը, սակայն իրավապաշտպան Նարե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ համակարգը արդյունավետ չի գործում։ Մասնավորապես առկա են որոշումների կայացման ու դատական ակտերի բողոքարկման հետ կապված բազմաթիվ խնդիրներ:

Նարե Հովհաննիսյան

Անազատության մեջ գտնվողները, պրոբացիայի ծառայողները մի քանի րոպեով են հանդիպում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացվող անձին։ Սա ըստ իրավապաշտպանի, բավարար չէ գնահատելու տվյալ դատապարտյալի՝ հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունը: «Այդ ծառայողները պատշաճ կերպով վերապատրաստված չեն դատապարտյալի հետ թիրախավորված աշխատանք կատարելու համար», -նշեց Ն. Հովհաննիսյանը։

Մյուս կողմից էլ դատական բողոքարկման պրոցեսն է ժամանակատար, եւ դատապարտյալները նախընտրում են սպասել իրենց պատժի կրման ավարտին, քան թե սկսել այդ գործընթացը։

«Այս ամենից հնարավոր կլիներ խուսափել, եթե ՀՀ արդարադատության նախարարությունը՝ որպես ոլորտի քաղաքականություն իրականացնող կառույց, օրենսդրական փոփոխությունները նախաձեռնելիս պատշաճ քննարկումներ կազմակերպեր քրեակատարողական հիմնարկների աշխատողների հետ, լսեր նրանց կարծիքները եւ առաջարկությունները: Կամ դատապարտյալների շրջանում կարիքի գնահատում իրականացներ, լսեր նրանց պահանջները», – ասում է Ն. Հովհաննիսյանը։

Արշակ Գասպարյան

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ, քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը դեմ է պատժի կրումից՝ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու ժամանակ վարքագիծը գնահատող բալային համակարգին։ «Պայմանական վաղաժամկետ ազատումը պիտի լինի օրինաչափություն, ոչ թե բացառություն։ Իսկ այդ օրինաչափությունը հնարավոր է միայն մարդու անձի եւ վարքի ամբողջական գնահատման արդյունքում», -նշեց փորձագետը։

Արշակ Գասպարյանի համոզմամբ՝ մարդու մի շարք անձնային որակներ ու վարքային առանձնահատկություններ չի կարելի պարզ թվերով ներկայացնել ու մտցնել «կամ-կամ» շրջանակում։ Ըստ փորձագետի՝ չեն լինում դրական ու բացասական որակներ, այն էլ՝ թվային տեսքով։ «Յուրաքանչյուր որակ կարող է եւ դրսեւորվում է կոնկրետ իրավիճակում ու կոնկրետ ուղղությամբ։ Ընդունենք, այդ ուղղությունները կարող են տարբեր լինել, բայց ո՛չ երբեք դրական կամ բացասական։ Ուստի, պայմանական վաղաժամկետ ազատելիս, պետք է դիտարկել այդ որակների ու առանձնահատկությունների դրսեւորման հնարավորությունները, կոնկրետ ուղղության պարագայում՝ հնարավորինս գնահատելով հանցավոր ուղու հավանականությունը»,-նշեց Արշակ Գասպարյանը։

Վարդան Սուղյան

Փաստաբան Վարդան Սուղյանի կարծիքով էլ՝ պայմանական վաղաժամկետ ազատելու ընթացակարգը լրիվ պիտի փոխվի։ «Զեկույցների կազմամբ՝ դատարան ներկայացնելը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով իրեն չի արդարացնում», – ասաց Սուղյանը:

Չնայած արդարադատության նախարարության պատասխանատուները տարբեր առիթներով նշել են, որ բալային համակարգը ապահովվում է զեկույցի կազմման օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, միատեսականությունը եւ դատապարտյալի համար ստեղծում հավասար պայմաններ, սակայն ըստ իրավապաշտպանների եւ քրեակատարողական ոլորտում երկարամյա աշխատողների՝ բալային գնահատումը կարող է ճիշտ պատկերացում չտա դատապարտյալի վարքի մասին։

«Կան շատ դատապարտյալներ, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը։ Հավաքում են 21-24 միավոր, բայց արժանի են պայմանական վաղաժամկետ ազատման, քան ասենք անցողիկ՝ 28 եւ ավելի միավորներ հավաքածները»,-նշեց ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը։ Ըստ նրա՝ գուցե լրացուցիչ պայման սահմանվի արժանի, բայց անցողիկ շեմը չհաղթահարածների համար, որպես նրանց համար դրական զեկույց կազմվի։ Այստեղ անհրաժեշտ է անձի անհատական մոտեցում։ Անհատին պետք է տրվի հնարավորություն, որ ցույց տա՝ ինքը ուղղվել է եւ կարող է հասարակության անդամ դառնալ։

Ինչ վերաբերում է պրոբացիայի ծառայությանը, ապա փաստաբանների եւ իրավապաշտպանների կարծիքով՝ էլի հստակ չէ մշակված գնահատման չափանիշը։ «Պրոբացիան ավելի շատ անելիք ունի դրսում՝ դատապարտյալի ազատումից հետո՝ աշխատանքի տեղավորում, վերաինտեգրացում եւ այլն»,- նշեցին նրանք։

Դատապարտյալների կարծիքով էլ՝ ոչ մեկը ավելի լավ չի կարող հաստատել՝ ուղղվել ես թե չէ, քան ամեն օր քեզ հետ շփվողը։ Ուստի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս ցանկալի կլիներ, որ զեկույցը կազմվեր տվյալ քրեակատարողական հիմնարկի կողմից եւ ուղարկվեր դատարան։

Տեսակետները բազմաթիվ ու տարաբնույթ են։ Միով բանիվ՝ անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը, քանզի անգամ մեկ ժամ շուտ հայտնվելը ազատության մեջ՝ ազատազրկվածի համար հավասար է նորից ծնվելուն։ Մնում է, որ պատկան մարմինները քննարկեն ու մշակեն պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորինս դյուրին ընթացակարգ։

Արմենակ (Արմեն) ԴԱՎԹՅԱՆ

լրագրող, այժմ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սյուզի says:

    Ամբողջը կարդալուց հետո; (չնայած մինչև դա էլ) մի բան եմ հասկացել։ Նախքան իշխանափոխությունը վաղժամ ազատվում էին միայն նրանք; ովքեր ի վիճակի էին; այսինքն` գումար ունեին։ Լինում էին դեպքեր; երբ դատապարտյալին մնացել էր ազատվելու մեկ ամիս; դատարանը մերժում էր; պատճառաբանելով; թե չի ուղղվել։ Հարցս ցանկանում եմ ուղղել նման դատավորներին։ Հարգելիս; եթե մարդը չի փոխվել ասենք 6 տարում; մի ամսում փոխվելու՞ է։ Դրել եք ձեր համար յանի օրենքեր եք հնարում; դուք էլ ձեր օրենքներով շարժվում։ մարդիկ կան; որ բանից անտեղյակ հայտնվում են քկհ֊ում։ իրենց շատ լավ դրսևորում են; վաղաժամ չեք թողում; մարդիկ էլ կան; որ ամենստոր հանցանքն են արել ու կա դեռ պատիժը կրելու մի քանի տարի; ազատում եք։ Համամիտ եմ պռոբացիոն ծառայության չլինելուն։ Հիմա ձեզ։ Հարգելիս; արդյո՞ք դուք ադեկվատ պահվածք ունեք։ ի՞նչ եք որոշել կինոյի վատ կերպարը խաղալ։ Մի հատ ձերշուրջը նայեք։ Հիշեք; որ մարդ եք։ Որ դուք էլ ընտանիա ունեք; դուք էլ կին ու երեխաներ ունեք։ Վերանայեք ձեր դիրքերը։ Մի օր Աստծո առաջ պատասխան պիտի տաք; հիշեք; որ ձեր արած չարգործությունների համար նույնիսկ եթե դուք չէ; ապա ձեր ժառանգներն են պատասխան տալու։ նույնիսկ եթե այս կյանում չէ; ապա հաջերդում անպայման։ Մի բան ու վերջ։ Հիշեք; որ անսխալական մարդ չկա; դուք ևս բացառություն չեք։ Կյանքում գերակա արժեքը Մարդ մնալն է։ Մարդ մնացեք։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/08/17/1060856/

    © 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Վարդուհի Օհանջանյան says:

    Երևույթը բոլոր տեսանկյուններից դիտարկված և անաչառ ներկայացված լինելու հանգամանքը կասկած չի հարուցում, չնայած հոդվածագիրն ինքը դատապարտյալ է։ Ինքնին անազատությունը մարդու հոգեկերտվածքում լրջագույն փոփոխություններ է առաջ բերում ՝ և դրական , և բացասական երանգավորումներով։ Հոդվածում ներկայացված բոլոր մանրամասները հիմք են տալիս ենթադրելու, որ պրոբացիոն ծառայությունը դեռևս չկայացած ինստիտուտ է ։ Մտավախությունը , որ վաղաժամկետ ազատելու դեպքում կրկնահանցագործություն կկատարվի նախկին դատապարտյալի կողմից արդեն ազատության մեջ, թույլ չի տալիս, որ քրեակատարողական հիմնարկը կտրամադրի դրական եզրակացություն։ Դատաիրավական համակարգի անկատարությունն էլ մի կողմից գրեթե հույսի շող չեն թողնում մարդու համար, որը, հնարավոր է, իսկապես ուղղվել է։ Հարավոր է , նա ազատության մեջ ավելի լավ կդրսևորի իրեն։ Չէ որ անազատության մեջ անցկացրած հավերժությունն ազատության արժեքը հասցնում է բացարձակ մեծության։
    Ինչևէ, կարծում եմ , որ օրենքներով ամրագրված են այնքան հնարավորություններ, որ մնում է կիրառել և , ի վերջո, ազատություն պարգևել ազատության գինն իմացողին։

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031