Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը` Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին. «Անջատում հանուն փրկության» դոկտրինը դարձել է արդիական»

Մայիս 06,2016 23:03

Այսօր ՀՀ նախագահ առաջին Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Արցախի անկախության ճանաչման խնդրին, նշել է. «Քանի դեռ Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից։

Կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաեւ Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարեւոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին»:

Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ, պետական-իրավական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տեր-Պետրոսյանի առաջ քաշած «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին, նկատեց. «Անջատում հանուն փրկության» դոկտրինը  դարձել է արդիական: Մենք բոլորս պետք է մեր ուժերը համախմբենք ե՛ւ այդ դոկտրինով, ե՛ւ այլ դոկտրիններով, փաստաբաններով եւ այլ հայորդիներով համախմբվենք այս կարեւոր փուլում, որպեսզի Արցախի ճանաչման հարցը դառնա օրվա հարցը եւ շատ արագ այդ խնդիրը լուծվի»:

Պարոն Սահակյանի դիտարկմամբ՝ Արցախը միակողմանի ճանաչելը որեւիցե լավ հանգրվան ու ավարտ չունի. «Հայաստանում եւ առհասարակ աշխարհում, չկա մի հայ, որը կասկածի տակ դնի Արցախի անկախությունը: Արցախի դե յուրե ճանաչումը եւ գործընթացը պետք է լինի շատ ավելի խելամիտ, եւ ճիշտ ժամանակին այդ ամենը պետք է իրականացվի»:

Սահակյանի խոսքերով՝«Ինչ վերաբերում է «Անջատում հանուն փրկության» դոկտրինին, ես կասեի ավելին՝ վերջին ժամանակները նաեւ միջազգային իրավունքի սկզբունքների մեջ կա հետեւյալ մոտեցումը՝ համընդհանուր սկզբունքներում, օրինակ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքները, տարածքային ամբողջականության սկզբունքը եւ այլն, սրանց մեջ դոմինանտ է ազգերի ինքնորոշման սկզբունքը, որովհետեւ իրավունքի սկզբունքների տեսանկյունից, բոլորն էլ հավասար են: Բայց ինչո՞ւ է սա դոմինանտ դառնում, որովհետեւ տվյալ տարածքում ապրող ժողովուրդը պետք է որոշի եւ որոշում է՝ ինչ կարգավիճակով է ուզում ապրել այդ տարածքի վրա, այլ ոչ թե տարածքն է որոշում, թե նրա վրա ապրող ժողովուրդն ինչ իրավական կարգավիճակով ապրի:

Հետեւաբար, ազգերի ինքնորոշման միջազգային նորմը գերակա է դարձել, եւ նաեւ մի քանի հանգամանք հաշվի առնելով, նաեւ այն, որ այսօր Ադրբեջանի հետ մեկ հարկի տակ ապրելը անհնար է դարձել, եւ բացառվում է, հետեւաբար միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի եւ հաշտվի այն մտքի հետ, որ Արցախի ժողովուրդը իրենց պես մարդիկ են եւ իրավունք ունի ազատ անկախ երկրում ապրելու»:

Սահակյանը նկատում է, որ այս սկզբունքները գերակա են առավելեւս այն համատեքստում, որ այն չափանիշները, որոնք տրված են ժողովրդավարական  պետությունների կառուցման հիմքում, Արցախում հստակ ու անշեղորեն իրականացնում են:

«Մեր ուժերը պետք է համախմբենք, բոլորիս նպատակը մեկն է՝ ամեն ինչ անել տարբեր ոլորտներում եւ հարթակներում, որ Արցախի հիմնախնդիրը հանգուցալուծվի եւ Արցախի ժողովուրդն ապրի ազատ եւ անկախ երկրում: Պետք է Արցախի ազգաբնակչությանը տալ անկախություն, ճանաչել միջազգայնորեն, եւ որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, իրավունք ունենա ապրելու եւ համագործակցելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031