Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին ժամանակ է պետք ուշքի գալու եւ կրկին հարձակվելու նպատակով ուժերը վերականգնելու համար. «Հայկական ժամանակ»

Մայիս 07,2016 11:36

Այսօր եւ վաղը խիստ լարված օրեր են սպասվում, քանի որ, ինչպես հայտնի է, մտահոգություն կա, որ Շուշիի ազատագրման օրվա առիթով պատերազմական գործողությունները հայ-ադրբեջանական շփման գծում կարող են վերսկսվել: Երեկ երեկոյի դրությամբ, սակայն, մի շարք ազդանշաններ եղան, որոնք ամեն դեպքում հույս են ներշնչում, որ որոշ հարցեր լուծվել են կամ առնվազն դրական նախապայմաններ են ստեղծվել դրանց լուծման համար, եւ ռազմական գործողություններին դիմելու անհրաժեշտություն չի լինի:

Ով էր պատրաստվում հարձակվել

Իհարկե, մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է հարձակում գործել, եւ վերլուծաբանների կողմից այս համատեքստում էլ դիտարկվում է Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագծի շուրջ տեղի ունեցած գործընթացները:

Մասնավորապես երկու պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը Ազգային Ժողով ուղարկելու՝ ՀՀ կառավարության քայլը դիտվում է որպես Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող քայլ: Սակայն այս օրերին Ադրբեջանի գործողությունները նման չէին հարձակման պատրաստվողի գործողությունների, ավելին, դրանք նման էին պաշտպանվողի գործողությունների: Օրինակ, աննախադեպ մեծ ծավալների ռազմական ուժի կենտրոնացումը շփման գծում, ինչ-որ զորավարժություններ սկսելը եւ այլն: Նախօրեին, ինչպես հայտնի է, շփման գծում Ադրբեջանը հրետանային ու հրթիռային զորքերի զորավարժություններ էր սկսել, որոնց ընթացքում, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, իրականացվում են ռուսական արտադրության « Мста-С» ինքնագնաց հաուբիցների կիրառման գործնական պարապմունքներ: Նույն հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ մարտական վիճակի են բերվել հրետանային համակարգերը, դաշտային պայմաններում փորձարկվելու է հրետանային համակարգերի տեղակայումը եւ այլն:

Երեկ էլ հաղորդվեց, որ զորքերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ զորավարժությունների նպատակով իրականացվում է զինտեխնիկայի պլանային վերատեղակայում: Ադրբեջանի ՊՆ-ի նույն հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժությունների վայր է հասցվել զրահատեխնիկա, որոնց սկզբնական տեղակայման զորամասերում «Տագնապ» է հայտարարվել: Միաժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով կառավարական աղբյուրների վրա, հաղորդեցին, թե Ռուսաստանը այս օրերին շարունակում է զենքեր մատակարարել Ադրբեջանին, ավելին, նաեւ մասնագետներ, որոնք դասընթացներ են անցկացնում այդ զենքերը կիրառելու ուղղությամբ: Մի քանի օր առաջ Իլհամ Ալիեւը կնոջ հետ մեկնել էր շփման գծին հարող եւ նախորդ լայնածավալ ռազմական գործողություններից ավերված ադրբեջանական գյուղեր: Երեկ այս երկրի պաշտպանության նախարարությունը հավաքել է հավատարմագրված երկրների դեսպաններին եւ տարել շփման գիծ:

Դեռ կարելի է հիշել եւ լրացնել վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի այս գործողությունների շարքը: Սրանք ամեն ինչ կարելի է անվանել, միայն ոչ հարձակման պատրաստվող երկրի քայլեր: Հարձակվող երկրի ղեկավարը կնոջ հետ չէր գնա ճակատ, դեսպաններին չէր տանի, զորավարժություններ չէր սկսի, ռուսական զենքով ու մասնագետներով չէր սպառնա: Ճիշտ է, կարող է լինել կարծիք, թե խաբուսիկ տպավորության համար է այս ամենն արվում, «պաշտպանական քայլերով» զգոնությունը թուլացնելու եւ հարձակման անցնելու նպատակով, սակայն պատերազմը թատրոն չէ, եւ գործողությունները ինչ-որ տրամաբանության, միեւնույն է, ենթարկվում են: Բացի այդ, երեկ արդեն միջազգային անկախ վերլուծական կենտրոնը տեղեկություն հաղորդեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը 800 զոհ է տվել: Սա հսկայական մեծ թիվ է, եւ եթե գումարենք ռազմական տեխնիկայի կորուստները, որ հաղորդել է ՀՀ ՊՆ-ն, ապա ակնհայտ է, որ այս երկիրը դեռեւս պետք է գտնվելիս լինի կատարվածից ստացած «նոկաուտի» մեջ: Նրան ժամանակ է պետք ուշքի գալու եւ կրկին հարձակվելու նպատակով ուժերը վերականգնելու համար: Իսկ եթե հաշվի առնենք, որ ապրիլի լույս 2-ի հարձակմանը Ադրբեջանը պատրաստվել էր մոտ 10 տարի եւ իրականացրեց այն հայտնի ռազմավարական գործընկերոջ օգնությամբ, ապա շանսերը, որ նա նորից կգնա այդ քայլին, մինիմումի են հասնում, եթե չասենք՝ վերանում են:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031