Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմում ողնուղեղի վիրավորում ստացած Ռուբենին մի քանի ժամով տուն են տարել՝ մահճակալով

Հունիս 06,2016 16:00

Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանը նախօրեին տուն է գնացել: Ինքնուրույն չի գնացել, նա տեղաշարժվելու խնդիր ունի, Ռուբենին տուն են տարել շտապօգնության մեքենայով՝ մահճակալով ու համապատասխան սարքավորումներն ամրացված մարմնին: Մայրը՝ տիկին Անահիտը, ասում է՝ որդին կարոտել էր տունը. «Շատ էր ուզում տուն գնալ, տարանք, մեր տան ծառերի տակ պառկեց, դեմքին ժպիտ եկավ, շատ ուրախ էր, հանգիստ էր իրեն զգում»:

Ռուբեն Առաքելյանը արդեն մոտ 2 ամիս է՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, նա պարանոցի հրազենային ծանր վիրավորում է ստացել: Կենտրոնի վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանն ասում է՝ Ռուբենին «Էրեբունի» են տեղափոխել ապրիլի 4-ին, նա ողնուղեղի վնասում ուներ, որի հետեւանքով տղայի վերջույթների զգացողության եւ շարժողության խանգարում կա:

Հիմա բժշիկների արհեստավարժ աշխատանքի շնորհիվ Ռուբենի մոտ առաջընթաց կա, փոքր, բայց առաջընթաց: Արմեն Մուրադյանն ասում է՝ Ռուբենի ձախ վերին վերջույթի, ավելի կոնկրետ՝ ձախ բազկի շրջանում մկանների շարժողական վերականգնողական տեղաշարժ կա, բայց մյուս վերջույթները անշարժ են:
Ռուբենին իր ցանկությամբ վերակենդանացման բաժանմունքից երբեմն տանում են բուժկենտրոնի այգի: Մայրն ասում է՝ «Անվասայլակին նստեցնում են այնպես, որ շարժվելու հնարավորություն չլինի, չի կարելի, ողնաշարը պիտի ամուր ամրացված լինի: Այդպես մի երկու ժամ հարմարեցնում են, նստում է: Դրսում իրեն լավ է զգում, իսկ որ անընդհատ անկողնում է լինում՝ անտրամադիր է լինում, պարփակվում է իր մեջ, մտածմունքների մեջ ընկնում»:
Ռուբենի եւ ծնողների այնքան սպասված ցանկությունը իրականություն է դառնում. նրա բուժումը արտերկրում շարունակելու համար գումարն ամբողջությամբ հավաքվել է: Մոտ օրերս կմեկնեն Գերմանիա: «Ես հույսս չէի կտրում, որ գումարը կփոխանցեն, կհավաքվի, ներքին ձայնս ասում էր՝ ստացվելու է»,- ասում է տիկին Անահիտը:

Ապրիլյան պատերազմում կրկին ծանր վիրավորում ստացած Արման Լազգիյանն արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում է, այս երկրի բուժհաստատություն տեղափոխելու ու բուժման ծախսերն էլ, ինչպես Ռուբենի դեպքում, ոչ թե պետական միջոցներով էին, այլ բարերարների, որոշ մասը՝ պետական պաշտոնյաների: Արմանի ծնողները վստահեցրել են, որ նրա մոտ դրական տեղաշարժ կա, արդեն սնվում է, խոսում:

Ռուբենը երբ իմացել էր, որ Արմանին արդեն տեղափոխել են, ուրախացել էր՝ ասում է մայրը, բայց հույսը կտրել էր, որ ինքն էլ կտեղափոխվի. «Հենց ասացի, որ իր համար էլ ամբողջ գումարը կա, շատ-շատ ուրախացավ, դեմքի արտահայտությունն այդ պահին միանգամից փոխվեց, անհամբեր է, ուզում է գնալն արագացնենք, անընդհատ հարցնում է՝ երբ ենք գնալու»:

Ռուբենը խոսում է, բայց նրա ձայնը չի լսվում, շնչափողի մեջ խողովակ է դրված, ձայն չի կարողանում արտաբերել, մայրը նրան հասկանում է շրթունքների շարժումներով:
Մեր այցելության պահին Ռուբենը քնած էր, նրան ցավազրկող էին ներարկել ու դեռ մի քանի ժամ պիտի քներ:

Ռուբենի մայրը՝ տիկին Անահիտը, ասում է. «Ամեն ինչ լավ է լինելու, իմ տղան պիտի առողջանա»:

Ռուբենին Գերմանիայում վերականգնողական փուլ է սպասվում՝ 3 ամսով. Գերմանիայի բժիշկներն ասել են՝ առայժմ վիրաբուժական միջամտություն չեն անելու, գուցե հետո պետք լինի, նաեւ ասել են, որ հնարավոր է՝ 3 ամիս էլ չտեւի այդ վերականգնողական փուլը, ու ավելի շուտ դրական տեղաշարժ լինի:
Ռուբենի մայրն ու ազգականները մեզ հետ զրույցում անընդհատ շնորհակալություն էին հայտնում թե գումար փոխանցողներին, թե «Էրեբունիի» բուժանձնակազմին ու տնօրինությանը: Տիկին Անահիտն ասում է. «Էրեբունիի» բժիշկները երեխայիս համար կյանքի ու մահու կռիվ էին տալիս, այնքան հոգատար էին, թե՛ բուժքույրերը, թե՛ բժիշկները, տնօրինությունն այնքան քնքշորեն էին վերաբերվում Ռուբենիս, որ ես որպես մայր, ոնց ասեմ՝ ինձ ավելորդ էի զգում: Շատ մեծ բան արեցին տղայիս համար»:

Բուժկենտրոնի վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանն ասում է՝ երբ Ռուբենին տեղափոխել են իրենց մոտ, առաջին խնդիրը եղել է կյանքը փրկելը, ինչի համար բոլոր հնարավոր ու անհնարինն արել են: «Կյանքը փրկել ենք, բայց, ցավոք, նյարդաբանական դեֆիցիտը, այսինքն՝ հաշմանդամությունը, որը մենք հենց սկզբից էլ ենթադրում էինք, այս պահի դրությամբ պահպանվում է: Այսօր Ռուբենն ունի պարզ գիտակցություն, խոսում է, շփվում է մարդկանց հետ, բայց մնացորդային երեւույթներ կան»,- ասում է բժիշկ Մուրադյանը:

Արման Լազգիյանի մասին խոսելիս բժիշկը նկատում է, որ Արմանի առողջական վիճակն ու ստացած վիրավորումներն ավելի ծանր էին, բայց բժիշկներին հաջողվեց նրան այն վիճակի հասցնել, որ կարողացավ Գերմանիա տեղափոխվել: Ի դեպ, ինչպես Արմանի ծնողներն էին ասել՝ գերմանացի բժիշկները հիացած էին Արմանին բուժող բժիշկների պրոֆեսիոնալիզմով ու իրականացրած բուժաշխատանքով: «Տա Աստված, որ Արմանի մոտ լուրջ առաջընթաց լինի, ու մենք բոլորս ուրախանանք»,- ասում է Մուրադյանը:

Ռուբենին Գերմանիա տեղափոխելու մասին էլ բժիշկը նշում է՝ վտանգավոր է, բայց ծնողների պնդմամբ՝ գնում են այդ քայլին ու նրանց ներկայացրել են ռիսկերը. «Հասել ենք այն արդյունքին, որ հիվանդն արդեն, ճիշտ է, խողովակով, բայց շնչում է, սրտի ու ճնշման աշխատանքը բավարար է: Մենք տրամադրելու ենք ռեանիմատալոգ, որը համապատասխան դեղորայքով ու սարքավորումների առկայությամբ կուղեկցի Ռուբենին Գերմանիա, ինչպես որ արել ենք Արմանի դեպքում: Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի»:

Ռուբենի մայրը՝ տիկին Անահիտը, ասում է. «Աստծու կամքով որքան կկարողանա, կբուժվի, 70% հույս են տալիս, գերմանացի բժիշկներն են էդպես ասում: Մեծ հույսեր ունեմ: Մի բան եմ ուզում ասել՝ թող ոչ մի մայր այսպիսի ապրումներ չունենա, ծանր բան է: Հուսով եմ՝ Ռուբենս կլավանա»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

04.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930