Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը մշտապես բարձրացրել է առաջնահերթ հրատապություն ունեցող խնդիրներ:  Հ. Նաղդալյան

Հունիս 06,2016 17:02

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյա հերթական նիստի օրակարգի հաստատումից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պնդեց, թե իրեն հանիրավի կերպով զրկել են վերջերս հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից: Հարցի պարզաբանման համար «Առավոտ»-ը դիմեց Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագհ Հերմինե Նաղդալյանին.

-Տիկին Նաղդալյան, արդյո՞ք արդարացի են պատգամավորի դժգոհությունները այս առիթով և հետաքրքիր է իմանալ ինչ սկզբունքով է որոշվում նիստին մեկնող պատգամավորների ցանկը.

– Առաջին անգամը չէ, որ գործուղումների ժամանակ նման խոսակցություններ են առաջանում պատգամավորների շրջանում: Ինչևէ,  Հայ– ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հետ կապված հետևյալ իրավիճակը ունենք՝ հանձնաժողովի 20 պատգամավորի քվոտայի դիմաց՝  ցուցակագրված են 27 պատգամավոր,  և, բնականաբար, բոլորն ունեն ցանկություն մասնակցելու աշխատանքներին, հատկապես, երբ նիստերը դրսում են անցկացվում: Իսկ մենք գիտենք, որ Ազգային ժողովի բյուջեի հնարավորությունները սուղ են, և,  որպես կանոն, չեն համապատասխանում մեր պատգամավորների ցանկություններին: Արդյունքում, ռուսական կողմի հետ պայմանավորվածության համաձայն, գործուղվում են 12-14 հոգի, քանզի այստեղ էլ կան պարիտետի պահմանման խնդիրներ: Այս անգամ հանձնաժողովի 27-րդ նիստի աշխատանքներին մասնակցել են ցուցակում ընդգրկված 27 պատգամավորից 13-ը, ինչպես նշեց Ազգային ժողովի նախագահը: Ընտրված է եղել այնպիսի սկզբունքով, որ բոլոր խմբակցությունների անդամները մասնակցեն՝ Ժառանգությունից, ՀԱԿ-ից, Օրինաց երկրից, ՀՀԿ-ից, Դաշնակցությունից, Բարգավաճ Հայաստանից:

Կոնկրետ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը ներկայացված է եղել խմբակցության ղեկավարի մակարդակով, ով շատ ակտիվ մասնակցել է նիստի աշխատանքներին և օրակարգում եղած բոլոր հարցերի վերաբերյալ ներգրավված է եղել քննարկումներին, ելույթներ ունեցել, ինչպես մնացած բոլոր պատգամավորները, և որպես հանձնաժողովի համանախագահներ՝ ես և պարոն Ռիժկովը մեր գոհունակությունը այդ առիթով հայտնել ենք: 

Ի՞նչ հաճախությամբ են հրավիրվում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերը և ինչպե՞ս են տարվում աշխատանքները:

– Ընդհանրապես հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը մեր խորհրդարանի ամենաակտիվ աշխատող միջխորհրդարանական ձևաչափերից մեկն է: Աշխատում է սիստեմատիկ, համակարգված ռեժիմով՝ տարին երկու անգամ նիստեր անցկացնելով՝ ամռանը Ռուսաստանում, աշնանը՝ Հայաստանում: Քննարկվում է միջխորհրդարանական ձևաչափում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն սպեկտր:

Կցանկանայի նշել, որ շատ ակտիվ է ընթացել նաև հանձնաժողովի հերթական ՝ 27-րդ նիստը, բավական հագեցած օրակարգով: Առաջին մասում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, որի ընթացքում հայ խորհրդարանականները հանդես են եկել ելույթներով` գլխավորապես բարձրացնելով զինադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված համապատասխան միջոցառումների անհետաձգելիության և վստահության մթնոլորտի ստեղծմանն առնչվող խնդիրները, ռուսաստանցի գործընկերներին փոխանցելով իրենց մտահոգությունները:   Երկրորդ մասում օրակարգի գլխավոր թեման առնչվել է  հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման հնարավորություններին և համագործակցությանը:

Պարոն Ուրիխանյանը , այնուամենայնիվ, նշեց, որ նախապատրաստել էր կարևոր հարցադրումներ, որոնք պետք է բարձրացներ նիստի ընթացքում, արդյո՞ք այս առումով հանձնաժողովը բաց չունեցավ.

– Ինչ վերաբերում է իր առաջադրած հարցերին, ապա պետք է նշեմ, որ հարավ-կովկասյան երկաթուղու, թե՛ ներհայաստանյան և թե՛ արտաքին խնդիրներին առնչվող հարցերը ՝ աբխազական և վրացական խնդիրների վերաբերյալ և այլն,  տարիներ շարունակ եղել է ուշադրության կենտրոնում, և այդ հարցերը մշտապես քննարկվել ու բարձրացվել են մեր խորհրդարանականների շնորհիվ, Վոլոդյա Բադալյանի ղեկավարությամբ գործել և այսօր էլ շարունակում է իր աշխատանքները՝ հատուկ երկաթուղու հարցերով ստեղծված աշխատանքային խումբը: Այսինքն՝ այդ հարցերը մշտապես եղել են հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի քննարկման առարկա դեռևս այն ժամանակվանից, երբ որոշ մեր կոլեգաները անգամ պատգամավոր չէին հանդիսանում:  Հանձնաժողովը ունեցել և այժմ էլ ունի ռուսական կողմի հետ պայմանավորվածություն  մի շարք հարցերի շուրջ, որոնք մշտապես խորհրդարանականների ուշադրության կենտրոնում պետք է մնան, դրանցից մեկը՝ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև տրանսպորտային հաղորդակցության հարցն է:

  Ինչ վերաբերում է տնտեսական համագործակցության խորացման և փոքր ու միջին բիզնեսի համար խոչընդոտների վերացման ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, ապա դա նույնպես մշտապես մեր պատգամավորների ուշադրության կենտրոնում գտնվող հարցերից է, այդ թվում և՝ իմ, Վարդան Այվազյանի և այլոց, և որոնց վերաբերյալ նույնպես ստեղծված է հատուկ աշխատանքային խումբ:    

 Այն չարչրկված թեմայի առիթով, թե պատգամավորները ցանկություն ունեն, բայց նրանցից ոչ բոլորն են կարողանում մասնակցել  արտագնա նիստերի աշխատանքներին, ապա պետք է նշեմ, որ մենք աշխատում ենք առաջնորդվել այնպիսի սկզբունքով, որ նույն մարդիկ անընդհատ չլինեն, այլ մյուսներին ևս հնարավորություն տրվի մասնակցելու:  

Իսկ այդ հարցով Ձեր գործընկերները Ձեզ դիմե՞լ են:

Գործընկերներս ինձ մոտեցել և հաղորդել են մեկնելու ցանկության մասին, բայց ցավում եմ, դա եղել է արդեն որոշումը ընդունելուց հետո, ուշացած ժամկետներում, որի մասին իրենց տեղեկացվել է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930