Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլեւս հնարավոր չէ թաքցնել, որ կոռուպցիա կա, իրենք էլ են տեսնում, որ կոռուպցիա կա ու ահռելի ծավալների է հասնում»․ իրավապաշտպանը՝ վարչապետին

Հոկտեմբեր 25,2023 13:16

«Իհարկե, 2018 թվականին ակնկալիքը և մթնոլորտն այնպիսին էր, որ մարդիկ շատ հաճախ ակնկալում էին, որ նոր ձևավորված կառավարությունը գնա և քաղաքական, ժողովրդական մեթոդներով զբաղվի այդ հարցերի հասցեագրմամբ։ Բայց մենք այդ ճանապարհով չգնացինք, որովհետև հասկանում էինք, որ հենց այդ պրոցեսները, իրավակարգի, օրենքի գերակայության տրամաբանությունից դուրս գալու մեծ ռիսկեր են պարունակում, որի վերջնարդյունքն իրականում կլինի հայտարարված նպատակին ուղիղ հակառակ: Տեղի կունենա սեփականության վերաբաշխում, և ապօրինի կուտակված միջոցներն ապօրինի ձևով կկուտակվեն նոր տեղերում, և դրանից իրականությունը չի փոխվի»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ իրավապաշտպան Նինա Կարապետյանցից հետաքրքրվեցինք՝ այս հայտարարությունը խոստացված ու չարված աշխատանքի համար արդարանալու փո՞րձ էր, թե՞ իրականում այս իշխանությունը ճիշտ ուղի էր ընտրել:

«Իրականում ճիշտ ուղի էր ընտրված, բայց հարցն այն է՝ որքանով դա կյանքի կոչվեց, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը տիեզերական մասշտաբի հայտնի մանիպուլյատոր է: Ինքը կարողանում է հարմարեցնել իրավիճակները ամեն դեպքում իրեն պատասխանատվությունից դուրս պահելու համար: Այնինչ, այն գործողությունները, որոնք արվեցին, բավարար չէին պրակտիկ հողի վրա իրական նպատակներին հասնելու համար. դա կա՛մ թերի է արվում, կա՛մ շատ մեծ ուշացումով է արվում: Մասնավորապես, օրինակ՝ հեղափոխությունից երեք- չորս տարի անց խոսել հակակոռուպցիոն ինչ-որ գործողությունների մասին, պարզ է, չէ՞, որ մարդիկ, որոնք օֆշորներում ու մնացած տեղերում փողեր են պահել, հիմարներ չեն: Դու ժամանակ ես տվել, որ այդ մարդիկ կարողանան ավելի խորը պարտակել իրենց գողոնը: Հետեւաբար, եթե դու գալիս ես իշխանության ու հայտարարում ես, որ կոռուպցիայի դեմ պայքարելու ես, կամ նախկին գործերի բացահայտմամբ ես զբաղվելու, ու տեւական ժամանակ քո դատախազը նույնիսկ փոփոխված չէ, նշանակում է՝ դու իրականում ոչինչ էլ չես անում, ժամանակ ես տալիս, որ այդ գործերն ավելի լավ պարտակվեն, գումարներն ավելի խորը պարտակվեն ու արդյունքում որեւէ բան հնարավոր չլինի բացահայտել, բայց կարեւորը՝ խրոխտ ձայնով հայտարարես, որ բարեփոխումների ես գնում»,- Aravot.am-ին ասաց Նինա Կարապետյանցը:

«Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե դատական գործերը տեղի են ունենում, այսպես ասած՝ արձակուրդային, կուրորտային ռեժիմով։ Դատական նիստը տեղի ունեցավ և միանգամից հետաձգվեց մի ամսով, երկու ամսով, երեք ամսով հինգ ամսով, և այդպես մարդիկ, իրենց համար նշանային արժեք ունեցող գործերով, ստանում են հետևյալը հիմնական ազդակը՝ պրոցես է, գնում է, և երբեմն կողքից տպավորություն է, թե այս ամբողջ համակարգը ինչ-որ մի բանի է սպասում, ինչ-որ մի հանգուցալուծում ունենալու համար»,- վարչապետի այս դժգոհության հասցեատերն էլ իրավապաշտպանին պարզ չէ:

«Զարմանում եմ՝ հիմա Նիկոլ Փաշինյանը ումի՞ց է դժգոհ: Իշխանությանն ինքն է, Աժ-ում իրենք են ու հնարավորություն ունեն գնալու փոփոխությունների, որ նման իրավիճակներ չլինեն: Իսկ ումի՞ց է ինքը դժգոհում, այդ հարցը պետք է տալ իրեն՝ իսկ ինչու է նման իրավիճակ: Փաստորեն, ստացվում է՝ կոռուպցիայով զբաղվող, վարույթ, քննություն իրականացնող մարմինը, որը նոր է ստեղծվել, իրենց ասելով բարեփոխված է, դատախազությունը ունի համապատասխան ստորաբաժանում, որը, իրենց ասելով բարեփոխված է, դատավորներ են նշանակել, որոնք, իրենց ասելով բարեփոխված են, բա որտե՞ղ է խնդիրը, կարո՞ղ է խնդիրն իրենց մեջ է ու այդ գործընթացների ձեւական լինելու մեջ է: Իրենք էլ գիտեն, որ ձեւական են անում, պարզապես հանրության մոտ պետք է Նիկոլ Փաշինյանի ավանդույթների համաձայն մեղավորներ գտնել: Ինքը մեղավորներ է նշանակում, էս անգամ էլ հո ինքը մեղավոր չէ, իր իշխանությունը մեղավոր չէ: Մեղավոր են ինչ-որ վերացական ոչ կոնկրետ անձեր»,- նկատեց Նինա Կարապետյանցը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ կարծիք էր հայտնել, թե «Այն քաղաքական ժամանակը, որը հանրությունը մեզ տվել է արդյունավետ համակարգ ունենալու համար, սպառվում է: Եվ եթե այդ ժամանակն արդյունավետ չօգտագործվի, այսինքն՝ հանրությունը չտեսնի, որ այս հայտարարությունների արձանագրված քաղաքական կամքի հետևում կոնկրետ և արդյունավետ գործող համակարգեր են, այստեղ մենք կարող ենք ունենալ լրջագույն պրոբլեմներ, որոնք իրենց հետ կարող են բերել լրջագույն հետևանքներ»: Այս հայտարարությունը մեր զրուցակիցը համարեց վարչապետի մտքի փայլատակում. «Ինքը շատ ճիշտ է հասկանում, որ իր ժամանակը լրանում է, բայց տարօրինակ է, որ զգում է, ինքը նման բաներ, հիմնականում, չի զգում: Բայց, իսկապես, հասարակության համբերության բաժակը լցվում է, ու ինքը շատ լավ հասկանում է, որ այն գործընթացները, որոնք անխուսափելի են լինելու, շատ ավելի չոր կլինեն, թավիշով չեն ավարտվելու: Սեփական կաշին փրկելու գործընթաց է գնում: Բայց սա նաեւ շատ վատ ազդակ է, եթե ինքը ոչ թե այնպիսի պահանջ է ներկայացնում մարմիններին, որ իրականացնեն իրենց պարտականությունները, գործընթացները օրինական ավարտին հասցնեն, այլ ասում է՝ եթե այսպես չլինի, մեզ կմերժեն, հիմա ասեմ՝ ինչ կլինի: Այն բոլոր մարմինները, որոնց սրտի մեջ կասկած ընկավ, որ իշխանությունը կարող է փոխվել ավելի հնարավորինս ձգելու են գործերը, գործընթացները, որ իշխանության փոխվելու դեպքում հանկարծ մեկը չգա իրենցից պատասխանատվություն չպահանջի, որոշում կայացնող դատավորներից: Ավելի վատ է լինելու»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Կոռուպցիոն դիմադրությունը մեր երկրում հաղթահարված չէ. մեր երկրում, այդ թվում՝ պետական համակարգում, դեռևս շարունակում է կոռուպցիա լինել և երբեմն՝ ժամանակ առ ժամանակ, գնահատվում է, որ ոչ միայն կա, այլև կոռուպցիան նոր ձևերով զարգանում է: Եվ այս ազդակներին մենք չպետք է ուղղակի այսպես անլուրջ վերաբերվենք: Ամեն ասածի հետևից մենք պետք է կարողանանք գնալ, որովհետև եթե հանկարծ վերջում պարզվի, որ հակակոռուպցիոն մեր քաղաքականության հետևում խաղ կա, ձև կա, դա կլինի ամենամեծ աղետը, որին մենք կառերեսվենք»:

Մեր զրուցակցի մեկնաբանմամբ՝ «Որովհետեւ այլեւս հնարավոր չէ թաքցնել, որ կոռուպցիա կա, իրենք էլ են տեսնում, որ կոռուպցիա կա ու ահռելի ծավալների է հասնում: Դրա մասին են խոսում նաեւ միջազգային կառույցների զեկույցները: Բայց սա եւս պոպուլիզմի դրսեւորում է, հայտարարել, թե պետք է դրա դեմ պայքարել, չէ՛, գնա ման արի՝ ովքեր են այդ կոռուպցիան հովանավորում… հարց տուր՝ ի՞նչ տարբերություն Հերմինե Նաղդալյանի բարեկամնե՞րը կարող են շահել տենդերներ, թե՞ Ալեն Սիմոնյանի բարեկամները: Մեր կյանքում ինչ է փոխվում, եթե, ըստ էության, խնդիրը մնում է նույնը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031