Մարտակերտի անձրևը ձյան փխրունություն ուներ, բայց ոչ ձյունը, ոչ անձրևը զգալի չէին, երբ կողքիդ քեզ տարեկից հերոսներն են:
Հակառակորդի երկու տանկ խոցած, հարյուրավոր մարդկային զոհեր պատճառած կապուտաչյա նշանառու Սամվել Սաղաթելի Սահակյանը, և պատերազմի ծխի սևությունը դեռ չհաղթահարած մեխանիկ-վարորդ Գևորգ Մարտիկի Խաչատրյանը:

Հակառակորդի կորուստներից տղերքն առավել կարևորում էին պատճառած մարդկային կորուստները. երկուսն էլ, իհարկե, կարևոր են, բայց երկաթը՝ երկաթ,մարդը՝ մարդ, ու երբ գիտակցում ես, որ մարդն է քեզ ընտրում որպես թիրախ, թշնամանքը մեծանում է:
Կարդացեք նաև
-Ամեն կրակոցից հետո աչքերներս փակում էինք՝ հասկանալու՝ կպավ, թե չէ:

Տարիներ առաջ նույն հողում իր կյանքը հայրենիքն է նվիրաբերել Սամվելի հորեղբայրը, որը 1994թ.-ի հունվարի 28-ին ընտրել է հավերժի ճամփան: Հորեղբոր անունը պատվով կրող Սամվելը շարունակողն է նրա անավարտ գործի:

Տղերքն առաջարկեցին Թալիշ տանող ճանապարհին ուշադիր լինել. աջ կողմում իրենց շարքից հանած տանկն է:
Գևորգն ու Սամվելն իրենց խոցած տանկերը նվիրում են այն տղերքին, որ հետմահու արժանացան հերոսի կոչման :
Իրենք էլ են արժանացել հերոսի կոչման այսուհետ՝ Մարտական խաչ շքանշանի կրողներ են:

-Հո՞ չէինք թողնելու թուրքերը մեր հող մտնեին, մեր ընտանիքներ հասնեին:
Տղերքը վարպետացել են իրենց մարտական գործում, բայց կատակում են, թե դեռ վարպետանալու խնդիր կա աղջիկների հարցում. սպասող ընկերուհիներ չունեն, փոխարենը Գևորգին բոլորից շատ սպասում է եղբոր 4-ամյա դուստրը:
Իրենց ընտրությունը տղաների մեքենաներով պայմանավորող աղջիկների համար Սամվելն ասելիք ունի. իր ընկերները գուցե 80,000 դոլար արժեցող մեքենա են վարում, բայց ինքը երկու տարի անձնական վարորդով 800,000 դոլար արժեցող տանկով է երթևեկել:
Սամվելը զորացրվելուց հետո ամենից շատ Շուշիի բարձունքի տանկն է կարոտելու, իսկ Արցախ դեռ վերադառնալու է ՝ ընկերոջ ետևից….
16 օրից տղերքը քաղաքացիական կյանքով կապրեն, բայց բանակային հիշողությունները աննվաճ կմնան, ինչպես աննվաճ մնաց 162-րդ մարտական դիրքը, որտեղ տղերքը փայլուն մարտ են վարել՝ երախտապարտ մնալով իրենց հրամանատարին, որ իր մեքենայով առաջնորդել է ՝ միշտ պատրաստ կրելու առաջին հարվածը:
Մարտակերտի անձրևը ձյան փխրունություն ուներ, բայց ոչ ձյունը, ոչ անձրևը զգալի չէին, երբ կողքիդ քեզ տարեկից հերոսներն են:
Հերոսներն էլ երազանքներ ունեն.
Երբ Գևորգին հարցրինք, թե ինչ երազանք ունես, Սամվելը ժպտաց ու խնդրեց ընկերոջ փոխարեն ինքը պատասխանի.
-Ընկերս երազում է տղա ունենալ, որ իմ անունով կոչի:
Մարտակերտից բաժանվեցինք՝ մեզ հետ բերելով հերոսների ապրումները, հիշողությունները, երազանքներն ու Սամվելի շքանշաններից մեկը:
Պատիվ ունեին՝ Մերի Աբրահամյանը, Լիլիթ Հարությունյանը


















































