Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մի օր պիտի հրաժարվենք չէ՞ մեր տղեքից». Շիրակցի պաշտոնյան՝ համայնքների խոշորացման մասին

Հունիս 21,2016 15:47

Շիրակի մարզում համայնքների խոշորացման ծրագիրը կսկսվի Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջաններից: Այստեղի 25 ու 19 համայնքներ կխոշորացվեն. ամեն մի տարածաշրջան կունենա երկու համայնք. Ամասիան՝ Ամասիայի ու Բերդաշենի համայնքներ, Աշոցքը՝ Աշոցքի ու Սարապատի: Իսկ համայնքի ղեկավարները որպես այդպիսին կդադարեցնեն իրենց լիազորությունները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը:

Karlen-Abrahamyan«Որպես գյուղապետ կարող են մնալ, բայց ոչ որպես համայնքի ղեկավար, տարբերություն ենք դնելու: Գյուղն իր տեղն է, մենք վարչական մասն ենք միացնում, շատերը գիտեն, թե ամեն ինչ վերանում է: Վարչական մասը վարչական մարմինների միացում է, համայնքապետարանների միացում է, ոչ թե գյուղը գյուղին ենք միացնում, գյուղը գյուղին ո՞նց միացնենք: Էն օրը մեկը զանգել է, չեմ կարողանում բացատրել, ասում է՝ գյուղերը չե՞ք միացնում, ասում եմ գյուղը կարո՞ղ ենք դնել վագոնի կամ կամազի մեջ տանել, ասում եմ՝ գյուղի չի միանում: Գյուղն իր տեղն է, գյուղապետը նախկին ֆունկցիան չի իրականացնելու, այսինքն ինքն իրավաբանական անձ չէ, ինքը համայնքների խոշորացման արդյունքում համայնքի ղեկավարի ներկայացուցիչն է, լիազորը կամ նրա նշանակածը»,- ասաց Կարլեն Աբրահամյանը:

Մեր ճշտող հարցին, թե խոշորացված համայնքի համայնքապետը կարո՞ղ է փոխել գյուղերում իր ներկայացուցիչներին, ազատել աշխատանքից երբեմնի ընտրված գյուղապետերին՝ փոխարինելով իր մարդկանցով, իր ներկայացուցիչներով, մարզպետարանի պաշտոնյան ասաց. «Այո, նրանք էլ իրենց տարածքում գտնվող նախկին համայնքի ղեկավարներին կարող են թողնել իրենց տեղում կամ հաշվի առնելով այդ համայնքից ընտրված ավագանու կարծիքը կամ ասենք ինչ-որ քաղաքական ուժի կարծիք՝ նշանակեն իր ներկայացուցիչը, որը փաստորեն շատ դեպքերում կկատարի այն ֆունկցիաները, որը նախկինում կատարել է: Բայց ինքն այդտեղ իրավաբանական անձ չէ, համայնքի ղեկավարի ներկայացուցիչն է: Տեղեկանք է տալիս, հարկահավաքությունը, գյուղի խնդիրները, բոլորը ներկայացնում է համայնքի ղեկավարին: Այն մի մասը, որ ինքը իրավաբանական անձ էր, ընտրություն էր անում, ընտրություններին չգիտեմ ինչ էր անում, այդ մասն այլեւս բացակայում է: Խոշորացված համայնքի բնակչությունն արդեն ոչ թե գյուղապետի է ընտրում, այլ ընդհանուր մեկ համայնքի ղեկավարի, որը մի տեղ կկոչվի Աշոցքի, մի տեղ Սարապատի, մի տեղ Բերդաշենի, մի տեղ Ամասիայի», -ներկայացրեց Կարլեն Աբրահամյանը:

Հարցին՝ իսկ ինչպե՞ս են ընտրելու համայնքի ղեկավար տարբեր գյուղերի բնակիչները, երբ հնարավոր է նրան բացարձակ չճանաչեն, սա մեծ խնդիր չէ՞, մեր զրուցակիցն ասաց. «Ինչ ձեւի էլ վերցնենք, խնդիրներ առաջանում են, ամենալավ տարբերակն էլ եթե վերցնենք, էլի խնդիրներ կլինեն: Ընտրողը պիտի հետաքրքրվի՝ ում ընտրել, մեծ պրոբլեմ չէ: 5-6-10 գյուղում ունենք 20, 30, 50 ընտանիք, թող գնա ներկայացնի իր ծրագիրն, ասի՝ ես էս ինչ մարդն եմ, թե չէ ինչի՞ է նման. փոքր գյուղերում ով 5 ընտանիք ավելi ունի բարեկամ, հարազատով, մեկ էլ գյուղապետ է դառնում, մենք էլ ձեռքը կրակն ենք ընկնում: Մենք գործող համակարգի թերությունները գիտենք, անձամբ ինքս շատ լավ գիտեմ, թե ինչ պրոբլեմներ ունենք. մարդ, որը չպիտի ընտրվի, ընտրվում է:

Որ համայնքի բնակչին ասում ես՝ եկել, դժգոհում, բողոքում ես, ձեր համայնքի մեծ խնդիրները լուծված չեն, ինչո՞ւ ես ընտրել, ասում է՝ դե մեր տղեն է, բա ի՞նչ անենք: Դե մենք մի օր պիտի հրաժարվենք չէ՞ մեր տղեքից: էդ խոշորացումը, չգիտեմ էլի, շատ ընդդիմախոսներ տարբեր պատճառներ են բերում, բայց ասենք միջի մարդը մենք ենք, լավ ենք հասկանում՝ ի՞նչ է նշանակում Շիրակի մարզում 119 համայնք, որից 116 գյուղական համայնք…

Խոշորացումն իր առավելություններն ունի՝ 2 կմ 500 մետր ճանապարհի համար գալիս, խնդրում են, թե միջոցներ տրամադրեք, գյուղի բյուջեն կամ շատ քիչ է, տկար, կամ էլ շատ դեպքերում չեն էլ կարողանում բյուջեն կատարել, ի՞նչ պիտի անեն: Շատ համայնքապետարաններում ոնց որ էնտեղ նստած թոշակ ստանան, 3-4 հոգի մարդ են աշխատում, համայնքապետարանը արտադրամաս չէ, որ ասենք աշխատատեղերը կրճատվում են: Նախ աշխատատեղերը չեն կրճատվում, բայց եթե 3 հոգի այդ գյուղից կրճատվի, կարող է այդ հաստիքի տակ մի անասնաբույժ ավելանա, մի ամբուլատորիա բացվի այդ համայնքապետարանում: Խնայած գումարներով միջոցներ տրամադրվի, որ մինչեւ 3-րդ, 4-րդ դասարան են փոքր գյուղերում երեխեքը դպրոց գնում, գոնե տեղափոխվեն մյուս գյուղերի դպրոցներ:

Խոշորացման առավելություններից մեկն էլ այն է, որ կառավարումը մասնատված չի լինի, դա մեծ առավելություն է: Մենք այսօր կառավարման տեսակետից ունենք կադրերի խնդիր, շատ համայնքներում աշխատակազմի քարտուղար չունենք, որովհետեւ բարձրագույն կրթություն է պահանջվում: Համայնքի ղեկավարից ընդհանրապես կրթություն չի պահանջվում, ոնց որ Ազգային ժողովի պատգամավորից, բայց աշխատակազմի քարտուղար գտնելու առումով մենք պրոբլեմի առաջ ենք կանգնում, չկա: Մրցույթ են հայտարարում, մասնակցող չկա: 4-5-6, թեկուզ 10 գրագետ մարդ կա, չեն գնում այդտեղ աշխատեն, դպրոցում են աշխատում, պարզ ասեմ՝ ուսուցիչներ են: Կադրերի հետ կապված մենք խնդիր ունենք: Մեծ պրոբլեմ է ծառայություն մատուցելը, չեն կարող ծառայություն մատուցել, ոչ մի կարգի ծառայություն չեն կարող մատուցել բնակին: Կարողությունների խնդիր էլ այստեղ կա, հնարավորությունների խնդիր էլ, երկուսն էլ բացակայում են: Դժգոհող համայնքի ղեկավարները իմ դիմաց նստած չեն կարող դժգոհել, ես փաստարկված իրենց ասում եմ»:

Մեր դիտարկմանը, որ արդեն իսկ սկսվել են մեծ դժգոհություններ, Կարլեն Աբրահամյանն ասաց, որ կոնկրետ իրենց մոտ չեն դժգոհում, ինքն էլ կողքից է լսում, որ գնացել, բողոքել են: Մեր հարցին, թե ինչքա՞ն գումար եք տնտեսում համայնքների խոշորացմամբ, Կարլեն Աբրահամյանը վստահեցրեց, որ խնայողությունների խնդիր չկա, խոշորացված համայնքի ապարատն էլ խոշոր է լինելու: «Տնտեսում չկա, այստեղ մեկ ուրիշ բան կա. համայնքների խոշորացումը մենք համապատասխանեցնում ենք Եվրոպայի խարտիայի ստանդարտներին: ՀՀ-ն իր ինքնակառավարմամբ Եվրոպական խարտիայի անդամ է, երբ որ մենք այս ծրագիրն իրականացնում ենք, խարտիայի սկզբունքներից մեկն է, այդ դեպքում ինքնակառավարման ոլորտ ֆինանսական միջոցներ, հոսքեր են գալիս, եւ իրենք հսկում են, որ ուղղվի խոշորացվող համայնքին:

Այսինքն` այն համայնքները, որոնք չեն խոշորացվել, դա ձեր խնդիրն է, ձեր բյուջեի , պետության, իսկ նրանք, որոնք իրականացնում են ծրագիրը, պատրաստ ենք ե՛ւ սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ուղղությամբ միջոցներ տրամադրել ե՛ւ ծառայությունների մատուցման, այս առավելությունները կան»:

Գյուղապետերի կարծիքներն` ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930