Լրահոս
Օրվա լրահոսը

«Վալերյանկա չկա՞». ԱԺ-ում լարված մթնոլորտ է. կրքերը թեժացել են Փաշինյանի եւ ընդդիմության շուրջ (Տեսանյութ)

Հունիս 29,2016 17:04

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ու անդրադարձավ ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցություններին՝ վիճելով Նաիրա Զոհրաբյանի ու Հեղինե Բիշարյանի հետ:

Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը հայտարարել է՝ ՀՀ-ում պետք է լինի 1 ընդդիմություն եւ Քաղաքացիական պայմանագիրն է հավակնում լինել այդ ընդդիմությունը, ԱԺ դահլիճում սկսել են «հոգեխանգարմունքի սեանսներ» տեղի ունենալ. «Կներեք, ո՞վ պիտի հավակնի, դո՞ւք պիտի հավակնե՞ք, որ ՍԵրժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ ուս ուսի տված՝ ՀՀ բանտերը լցրել եք քաղբանտարկյալներով: Ընտրակեղծիքների ամենամեծ դաշնակիցն եք եղել երկար տարիներ ու շարունակում եք մնալ:

Ելույթներ են հնչում, ասում են՝ գիտե՜ք, մենք ավանդական քաղաքական ուժ ենք: Ավանդական-ավանդական, էնքան ավանդական ա, որ վերջին մի տարվա իրանց ամենամեծ խնդիրը իրանց անունը փոխելն ա, իրանց անունից ազատվելն ա: Ավանդական ուժիս տեսեք, կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են: Սենց որ շարունակվի, կարող ա անուն-ազգանուններն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրանց:

Մի հատ էլ ասում ա՝ հայտնի չի՝ Ընտրական օրենսգիրքը կարդացե՞լ են, թե՞ չեն կարդացել: Ու սա ասում ա մի խմբակցության ներկայացուցիչ, որի անդամները օրը 10 անգամ թղթի վրից դողդողալով, իրանք իրանց կարդացած բառերից վախեցած՝ ստեղ հարց են տալիս ու ելույթ են ունենում, ով էլ կարդալուց խոսի:

Մի հատ էլ եկել ասում են՝ ինչի՞ միասնական չի ընդդիմությունը: Պաշտոնապես ասում եմ՝ Սերժ Սարգսյանի վաստակավոր ու երկարամյա հաճախորդների հետ միասնական ըլնելու չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու, ստեղ տարընթերցում պտի չլինի:

Մի հատ էլ ասում են՝ գործընկերների հասցեին բան ա ասում՝ մենք ձեզ ի՞նչ գործընկեր, ձեզ Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը գործընկեր: Մենք ձեր նման գործընկեր չենք ունեցել ու չենք էլ ունենալու:

Պայքարե՜նք իշխանության դեմ: Այ քեզ բան, ինչի՞ համար պայքարենք, որ արդյունքում մի երկու նախարարի, 4 հատ փոխնախարարի պորտֆել ստանաք, կոնյակի գործարան, հեռուստատեսություն ու չգիտեմ ի՞նչ»:

Բիշարյանը տեղից սկսեց գոռգոռալ՝ «Այ լոպա՛զ, սուս մնա՛»: Փաշինյանը պատասխանեց. «Վալերյանկա չկա՞ մի հատ, հանգստացի՛ մի հատ, ի՛: Էդ որ ասում եք՝ ժողովուրդը ամեն ինչ հիշում ա, էդ ի՞նչ նկատի ունեք: Էդ մոռացե՞լ եք, որ մինչեւ 2014-ը կոալիցիայի անդամ բերաններդ ջուր առած երկու տարի կնոպկա եք սեղմել Տիգրան Սարգսյանի կառավարության համար, է՞ս գիտի ժողովուրդը, թե՞ գիտի, որ Մարտի 1-ի զոհերի արյունները գնել եք քեշ պաշտոններով, քեշ փողով»:

Բիշարյանը տեղից ձեռքը տնկեց ու բղավեց՝ Մարտի 1-ի արյունը ձեր վզին ա: Փաշինյանը խորհուրդ տվեց՝ «Թուլցե՛ք»:

Հետո Փաշինյանն անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանին. «Մի կուսակցություն կա, վեր ա կենում ասում ա՝ աղանդավորական խմբակները: Ու սա ասում ա մի կուսակցություն, որի ամբողջ կենսագրությունը մինչեւ բոլորովին վերջերս կառուցված ա մեկ անձի առավոտյան, միջօրեի եւ երեկոյան պաշտամունքի վրա: Ախր չի կարելի, էլի, տիկին Զոհրաբյանն ասում ա՝ մենք գիտենք ձեր չափը, ձեր պայմանավորվածությունները, թե դուք մինչեւ ուր կարաք խոսաք: Ախր լավ էլ չի ասել՝ իրիկունը ինքը իրա ձեռով զանգում ասում ա՝ Հովիկ Արգամիչը ջղայնացել ա, որ ես բամփել բառ եմ օգտագործել, խնդրում եմ, հանկարծ չհրապարակեք էդ բառը, խնդրում եմ, ջղայնացել ա: Զգույշ եղեք, էքստազի մեջ մի ընկեք, բառապաշարը ճշտեք, ախր չափերը խախտում եք»:

Նաիրա Զոհրաբյանն էլ տեղից բղավեց՝ «Դուք լկտիաբար ստում եք»:

Խոսելով ՀԱԿ-ի, մասնավորապես՝ Լեւոն Զուրաբյանի ելույթի մասին՝ Փաշինյանն ասաց. «Քանի դեռ ՀՀ կառավարությունում մեծամասնությունում, ընդդիմություն կոչվող խմբակցություններում կան անեկդոտային գործիչներ, կերպարներ, մեր ստեղծագործական հաջողությունը երաշխավորված ա»:

Ավելի ուշ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իսկապես իր գործընկերներին խնդրել է իր խոսքից մի հատված չհրապարակել, իրեն ընդառաջել են, բայց ինչ հնչեց՝ սուտ է, պատճառները այլ են եղել. «Այս գործիչը այստեղ հերթական սուտն է ներկայացնում, իմ արժանապատվությունից ցածր է նման անմակարդակ, անպարկեշտ, տղամարդուն ոչ վայել ելույթին անդրադառնալը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930