Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր շրջայց կկատարեն ջրհեղեղից տուժածների տները. Արթիկի քաղաքապետի պարզաբանումները (Տեսանյութ)

Հուլիս 05,2016 17:43

Aravot.am-ը Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի վերջո ինչքա՞ն վնաս է կրել այս քաղաքը ջրհեղեղից, կա՞ արդեն կոնկրետ հաշվարկ: «Իրականում վնասներն ամբողջությամբ գնահատված չեն, որովհետեւ սելավն այնպիսի յուրահատուկ երեւույթ է, միայն տեսանելի մասով, հիմա ինչ-որ տեսնում ենք՝ խցանված հեղեղատար, վնասեր, դրանք առերեւույթ, տեսանելի մասն են: Բայց իրականում քանի դեռ կա հոսող ջուր տների հարակից տարածքում, քանի դեռ սելավատարը մաքրված չէ ամբողջությամբ, վերջնական գնահատական տալն անհնար է: Այսինքն այս պահին ի՞նչ է արվել, գնահատվել է այն մասը, որտեղ ինչ աշխատանքներ պետք է արվեն հեղեղատարի ջուրը հեղեղատար վերադարձնելու համար եւ բնակիչներին վճարվող աջակցության գումարի չափը: Աջակցությունն էլ տրվելու է բնակարանների, տնամերձ հողամասերի եւ գյուղատնտեսական կենդանիների մասով», -ասաց քաղաքապետը: Նրա տեղեկացմամբ, ընդհանուր առմամբ վնասվել է 41 տուն:

_3627

Հարցին՝ իսկ ինչպե՞ս է լուծվելու այն բնակիչների խնդիրը, որոնց տները հայտնվել են ջրի վրա, ջուրն անընդհատ հոսում է՝ խարխլելով հիմքը, Արսեն Աբրահամյանն ասաց. «Քանի դեռ ջուրը կան տան մեջ, հոսում է, բնակիչների մտահոգությունը տեղին է: Պարզ է, որ եթե ջուրը տեւական հոսի տներով, ամեն ժամ ու ամեն վայրկյան լրացուցիչ վնասեր է պատճառում: Այդ պահին, երբ տեղի ունեցան ուսումնասիրությունները որեւէ վթարային տուն չկար, եւ ընդամենը գնահատվեց տների նորոգման համար անհրաժեշտ աջակցության չափը: Բայց հիմա ծանր տեխնիկան աշխատում է, շատ ինտենսիվ կերպով աշխատանքներ են տարվում, շատ մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, մենք ջուրը կվերադարձնենք հեղեղատար: Երբ որ տներից այդ ջուրը կտրվեց, թերեւս անհրաժեշտություն կլինի լրացուցիչ ուսումնասիրության: Եվ եթե իսկապես կլինեն տներ, որտեղ բնակվելն անհնար է, վթարային վիճակի կլինեն, երեւի կլինի տարբերակված այլ մոտեցում»:

_132231

Մենք քաղաքապետին փոխանցեցինք նաեւ բնակիչների բողոքն առ այն, որ հանձնաժողովի անդամները իրենց տներում չեն եղել, այլ վնասի չափը գնահատել են լուսանկարներով: Արսեն Աբրահամյանը, սակայն, նշեց, որ վարչապետը հանձնաժողովի առաջին իսկ նիստին պահանջել է լինել առավելագույնս օբյեկտիվ, հանձնաժողովը հենց այդպես էլ գործել է: Ըստ քաղաքապետի, ավելորդ պատմություններից խուսափելու համար հանձնաժողովի անդամները, լինելով տեղում, նկարահանել են բոլորի կրած վնասները: Նա ասում է, որ յուրաքանչյուր բնակարանի նկարագրական մասը կարել է համեմատել կատարված նկարահանումների հետ: Արսեն Աբրահամյանի ասելով, զարգացած, քաղաքակիրթ երկրներում մարդիկ ապահովագրում են իրենց տները, գույքը, կենդանիները, բայց քանի որ այդ պրակտիկան մեզ մոտ դեռ չկա, պետությունն է իր վրա վերցնում այս բեռը, օժանդակում է բնակիչներին:

_3619

Հարցին, թե արտառոց մոծակներ են հայտնվել տուժածների տներում, գարշահոտություն կա, հսկվո՞ւմ է սանիտարական վիճակը, որպեսզի վարակ չտարածվի, քաղաքապետն ասաց. «Քանի որ խոսակցությունները շատ էին վարակի վերաբերյալ, ես պաշտոնապես դիմեցի հակահամաճարակային կենտրոնին, այսօր ստացել եմ պատասխան, վերջին ուսումնասիրությունը եղել է այսօր առավոտյան, այդպիսի վտանգ չկա, բայց գարշահոտության ու վարակի տարածման վտանգի հետ կապված որոշում կայացվեց ստեղծել լրացուցիչ հանձնաժողով: Մենք հիմա համապատասխան ծառայությունների ու արտակարգ իրավիճակների, հիգիենիկ հակահամաճարակային ծառայության, սննդի տեսչության ներկայացուցիչների օգնությամբ հանձնաժողովը կիրականացնի համակողմանի ուսումնասիրություն, որպեսզի հասկանանք՝ իրապես գարշահոտությունը կապվա՞ծ է սատկած կենդանու հետ, որովհետեւ ինքն առերեւույթ չի երեւում: Հոտերն էլ տարբեր տեսակի են, նեխած հոտի կա, սելավատար է, ամեն ինչ հնարավոր է ու միշտ էլ եղել է դա, այնպես չէ, որ հիմա կա: Ամեն դեպքում պետք է հաստատ հասկանանք համաճարակ է, թե՞ ոչ: Հենց այս պահին ուսումնասիրությունները կատարվում են , որպեսզի խոսակցությունները մեկընդմիշտ փակվեն, ուսումնասիրությունները կպարզեն, տեսնենք դա ինչ է:

Թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ աղետի հետեւանքները վերացնելու համար, ըստ քաղաքապետի, միայն առաջին փուլի՝ մաքրման աշխատանքների համար կպահանջվի առավելագույնը մեկ ամիս ու կես: Իսկ մանկապարտեզը, որտեղից ջրհեղեղի ժամանակ 70 երեխաների ու 27 աշխատակիցների էին տարհանել, առայժմ չի գործում: Ըստ մեր զրուցակցի, այդ հատվածում հարակից տարածքի մաքրման աշխատանքներ են տարվում, իսկ այդ ֆոնին անհարմար է, որ երեխաները մանկապարտեզ հաճախեն (Տես լուսանկարում):

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031