Aravot.am-ը «Փաստարկ» մամուլի ակումբում օգոստոսի 1-ին ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին խնդրեց անդրադառնալ Ազգային անվտանգության գործողություններին:
«Կուտոյանը, չնայած գիտեմ, թե թիկունքում ով է կանգնած, որպես մարդ շատ ազնիվ դիմագծեր ունի՝ վերին աստիճանի ազնիվ: Անցնեմ դասականին՝ Գորիկ Հակոբյանին, երբ որ հարց տվեցին, թե Սերժ Սարգսյանը ինչպես էր աշխատում ԱԱԾ-ում, Գորիկ Հակոբյանը իրեն հատուկ ազնվությամբ ասաց հետեւյալը՝ երեք ամիս անց հասկացանք, որ նա մեզնից շատ բան գիտի արդեն: Պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը իր բանասիրական կրթությամբ եկավ մտավ ԱԱԾ, երեք ամիս հետո Գորիկից շատ բան հասկացավ: Եթե ավելի լուրջ վերաբերվենք խնդրին, ուրեմն՝ Կուտոյանը նոր մարդ ունի ԱԱԾ-ում, այնտեղ ինքն ունի աշխարհահռչակ տեղակալ, շատ հայտնի դեմք, լուրջ, օպերատիվ աշխատող, որը գիշեր-ցերեկ ընդդիմության հետ է աշխատում՝ հեռախոս է լսում, ամեն ինչ գիտի, ամեն ինչ իմանալով հանդերձ՝ գնացին մտան գունդը գրավեցին՝ այդ «վսեզնայկայի» իմացածով հսկայական հնարավորություններով գնացն գունդը գրավեցին:
Գիտե՞ք, երբ գրավեցին գունդը, երբ Ժիրոն գտնվում էր կալանավայրում, երբ մայիսի 20-ով մեղադրանք ներկայացրեցին՝ երկու հոգի զենք էին տեղափոխում եւ պատրաստվում էին լրջագույն օպերացիաների: Տեսանք դրա արձագանքը՝ տեսանք զինված մարդիկ ԱԺ-ում, տեսանք զինված մարդիկ Բաղրամյան 26-ում պաշտպանում էին դրանք: Այդ սուպչեքների (սուպեր չեքիստ) պարագայում գնացին մտան գրավեցին գունդը: Կարող էին գնալ, ես անկեղծ եմ ասում, եթե մեկը հուշեր տղաներին, կասեր՝ գնացե՛ք ԱԱԾ-ն գրավեք, իրենք կգնային ԱԱԾ-ն կգրավեին այդ ուժերով՝ շատ հանգիստ»,- ասաց նա:

Կարդացեք նաև
Դրա համար ԱԱԾ-ն էլ պետք է լրջագույնս հետեւությունների հանգի, որովհետեւ այդ կիսաքրեական եւ ոստիկանական ապարատը, որն աշխատում է ուղիղ միտված դեպի ընդդիմություն, այդպես չէ: Մենք, «փառք Աստծո», համար մեկ թշնամի ունենք, «փառք Աստծո», համար երկու թշնամի ունենք, առաջին երկուսն իրար հետ ունենք՝ ի նկատի ունեմ Արեւելքն ու Արեւմուտքը, եւ բազմապիսի այլ թշնամիներ ունենք, այս ամեն ինչի փոխարեն մենք ստանում ենք գունդ՝ գրավված գունդ»:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն իմացել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մասին, սակայն միտումնավոր գործողություններ չի իրականացրել, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Առաջին հայացքից թվում է, որ այո՛, կարծես միտումնավոր են թողել՝ իմանալով հանդերձ թողել են: Իմ կարծիքով՝ Ժիրայր Սեֆիլյանի հիմնական խումբը այդ տղաներն էին, այսինքն՝ նրանք, ըստ հարուցված քրեական գործի, պետք է 24 ժամ լինեին մանրադիտակի տակ: Մեկ էլ հանկարծ այդ մարդիկ՝ մեկը չէ, երկուսը չէ, չորսը չէ, դուրս են գալիս մանրադիտակի տակից եւ գործողություն են իրականացնում՝ գնդի գրավում: Այո՛, առաջին հայացքից երեւում է, որ միտումնավոր թույլ են տվել, հակառակ դեպքում՝ դա երբեք չէր լինի: Եթե Դուք ինձ տաք հնարավորություն երեք օր ծառայողական քննություն անցկացնել, ես Ձեզ կասեմ՝ ով եւ ինչի համար է այս ամեն ինչը կազմակերպել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































