Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. ԱԱԾ-ն մեղքի իր բաժինն ուներ (տեսանյութ)

Օգոստոս 01,2016 16:18

Aravot.am-ը «Փաստարկ» մամուլի ակումբում օգոստոսի 1-ին ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին խնդրեց անդրադառնալ Ազգային անվտանգության գործողություններին:

«Կուտոյանը, չնայած գիտեմ, թե թիկունքում ով է կանգնած, որպես մարդ շատ ազնիվ դիմագծեր ունի՝ վերին աստիճանի ազնիվ: Անցնեմ դասականին՝ Գորիկ Հակոբյանին, երբ որ հարց տվեցին, թե Սերժ Սարգսյանը ինչպես էր աշխատում ԱԱԾ-ում, Գորիկ Հակոբյանը իրեն հատուկ ազնվությամբ ասաց հետեւյալը՝ երեք ամիս անց հասկացանք, որ նա մեզնից շատ բան գիտի արդեն: Պատկերացնո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանը իր բանասիրական կրթությամբ եկավ մտավ ԱԱԾ, երեք ամիս հետո Գորիկից շատ բան հասկացավ: Եթե ավելի լուրջ վերաբերվենք խնդրին, ուրեմն՝ Կուտոյանը նոր մարդ ունի ԱԱԾ-ում, այնտեղ ինքն ունի աշխարհահռչակ տեղակալ, շատ հայտնի դեմք, լուրջ, օպերատիվ աշխատող, որը գիշեր-ցերեկ ընդդիմության հետ է աշխատում՝ հեռախոս է լսում, ամեն ինչ գիտի, ամեն ինչ իմանալով հանդերձ՝ գնացին մտան գունդը գրավեցին՝ այդ «վսեզնայկայի» իմացածով հսկայական հնարավորություններով գնացն գունդը գրավեցին:

Գիտե՞ք, երբ գրավեցին գունդը, երբ Ժիրոն գտնվում էր կալանավայրում, երբ մայիսի 20-ով մեղադրանք ներկայացրեցին՝ երկու հոգի զենք էին տեղափոխում եւ պատրաստվում էին լրջագույն օպերացիաների: Տեսանք դրա արձագանքը՝ տեսանք զինված մարդիկ ԱԺ-ում, տեսանք զինված մարդիկ Բաղրամյան 26-ում պաշտպանում էին դրանք: Այդ սուպչեքների (սուպեր չեքիստ) պարագայում գնացին մտան գրավեցին գունդը: Կարող էին գնալ, ես անկեղծ եմ ասում, եթե մեկը հուշեր տղաներին, կասեր՝ գնացե՛ք ԱԱԾ-ն գրավեք, իրենք կգնային ԱԱԾ-ն կգրավեին այդ ուժերով՝ շատ հանգիստ»,- ասաց նա:

Gurgen YeghiazaryanԳուրգեն Եղիազարյանը համարում է, որ ԱԱԾ-ն մեղքի իր բաժինն ուներ, մանավանդ ամիսներ առաջ Նորք-Մարաշ զինված խմբի գործողություններն էին տեղի ունեցել. «Կուտոյանին դնում եմ կողքի. մարդ մինչեւ որ ընկալի ամեն ինչը, իմանա ում հետ գործ ունի եւ քանի որ այնտեղ կան որոշ դեմքեր՝ ես ամբողջ ԱԱԾ-ին չեմ կարող ասել, բայց նրանք որոշիչ դեմքեր են, որոնք ամեն կերպ ցանկանում են այսպես լինի, որ կոտրվի Կուտոյանի գլխին. չէ՞ որ այսօր ոչ մեկը տեղակալի մասին չի խոսում, խոսում է Կուտոյանի մասին:

Դրա համար ԱԱԾ-ն էլ պետք է լրջագույնս հետեւությունների հանգի, որովհետեւ այդ կիսաքրեական եւ ոստիկանական ապարատը, որն աշխատում է ուղիղ միտված դեպի ընդդիմություն, այդպես չէ: Մենք, «փառք Աստծո», համար մեկ թշնամի ունենք, «փառք Աստծո», համար երկու թշնամի ունենք, առաջին երկուսն իրար հետ ունենք՝ ի նկատի ունեմ Արեւելքն ու Արեւմուտքը, եւ բազմապիսի այլ թշնամիներ ունենք, այս ամեն ինչի փոխարեն մենք ստանում ենք գունդ՝ գրավված գունդ»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք հնարավո՞ր է, որ ԱԱԾ-ն իմացել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մասին, սակայն միտումնավոր գործողություններ չի իրականացրել, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Առաջին հայացքից թվում է, որ այո՛, կարծես միտումնավոր են թողել՝ իմանալով հանդերձ թողել են: Իմ կարծիքով՝ Ժիրայր Սեֆիլյանի հիմնական խումբը այդ տղաներն էին, այսինքն՝ նրանք, ըստ հարուցված քրեական գործի, պետք է 24 ժամ լինեին մանրադիտակի տակ: Մեկ էլ հանկարծ այդ մարդիկ՝ մեկը չէ, երկուսը չէ, չորսը չէ, դուրս են գալիս մանրադիտակի տակից եւ գործողություն են իրականացնում՝ գնդի գրավում: Այո՛, առաջին հայացքից երեւում է, որ միտումնավոր թույլ են տվել, հակառակ դեպքում՝ դա երբեք չէր լինի: Եթե Դուք ինձ տաք հնարավորություն երեք օր ծառայողական քննություն անցկացնել, ես Ձեզ կասեմ՝ ով եւ ինչի համար է այս ամեն ինչը կազմակերպել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031