Օգոստոսի 3-ը եզդիների օրացույցում սև շրջանակի մեջ է վերցված. Իրաքի հյուսիսում եզդիների դեմ իրականացված և մինչ օրս շարունակվող ցեղասպանության զոհերի հիշատակը հենց այս օրն են ոգեկոչում: Երկու տարի առաջ եզդիաբնակ Շանգալ բնակավայրում իսլամիստ ահաբեկիչների կողմից հարյուր հազարավոր եզդիներ են սպանվել, սեռական բռնությունների են ենթարկվել մեծաթիվ կանայք ու աղջիկներ: Շատերն էլ, չցանկանալով հավատափոխ լինել, ինքնասպան են եղել` իրենց ցած նետելով ժայռերից: Հայաստանում ապրող եզդիները ցավով են խոսում տեղի ունեցածի մասին և տարակուսում, որ այդ ամենը կարող է կրկնվել:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, որը հիշատակի միջոցառման նախաձեռնողներից էր, հուշաքարի բացման արարողության սկզբում նշեց. «Այսքան զոհեր ունենալով հանդերձ` եզդի ժողովրդին ցեղասպանել չի հաջողվել և չի հաջողվելու, որովհետև դարերի խորքից եկող այս ազգը շատ բարձր է գնահատում անգամ ինքնազոհողության գնով հավատը պահպանելու գաղափարը»: Սերգո Երիցյանը ներկաներին փոխանցեց նաև սրբատեղիի կառուցման մտահղացման հեղինակ և հովանավոր մոսկվաբնակ գործարար Միրզա Սլոյանի խոսքը, որը հարգելի պատճառով ներկա չէր արարողությանը:
Կարդացեք նաև
Հուշաքարը բացվեց հայկական «Դլե յաման»-ի հնչյունների ներքո, ասես եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ հայ ժողովուրդը մշտապես կանգնած է իր բարեկամ եզդի ժողովրդի կողքին` կիսելով այն ցավն ու վիշտը, որն ապրել է նաև ինքը` 100 տարի առաջ:
Միջոցառմանը ներկա հայ և եզդի հոգեւոր դասի ներկայացուցիչները, բանախոսներն իրենց ելույթներում կարեւորեցին եզդիների ցեղասպանության կանխարգելման գործում հայերի անուրանալի դերը: ԵՊՀ-ի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն ասաց. « Հայաստանը եզդիական զանազան միջոցառումների կարևորագույն կենտրոն է`երկիր, որը հայերիս հետ հավասար մեր եզդի եղբայրներին տրամադրել է հնարավորություններ` զարգացնելու մշակույթը, ազատ արտահայտելու սեփական կարծիքը»:
Ներկաները ևս մեկ անգամ դատապարտեցին եզդիների դեմ իրականացված ցեղասպանական գործողությունները` հույս ունենալով, որ աշխարհն ականջալուր կլինի իրենց օգնության կանչին:
Նյութը և լուսանկարները` Մերի Աղաջանյանի



















































