Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» հիմնադրամը պատրաստ է բարեկարգել դատապարտյալների հիվանդանոցը

Օգոստոս 31,2016 16:05

«Եթե կլինեն մարդիկ, որոնք տուժել են և ոչ մի աջակցություն չեն ստացել, թող կապ հաստատեն մեզ հետ, և նրանց էլ կներառենք մեր աշխատանքում»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը:

Նշենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ֆելիքս Հայրապետյանի նախաձեռնությամբ բացվել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամը: Նպատակն է օգնություն ցուցաբերել քաղբանտարկյալներին, քաղհալածյալներին ու նրանց ընտանիքներին: Այս պահին հիմնադրամում ցուցակագրված է 68 մարդ և հարկ եղած դեպքում հավաքված գումարով նաեւ կբարեկարգեն դատապարտյալների հիվանդանոցը:

Ֆելիքս Հայրապետյանը նշեց. «Տեսնում ենք՝ ինչ անմարդկային պայմաններում են ապրում այդ տղաները, միջատներն են վխտում նրանց վերքերի վրա, մենք պատրաստ ենք մի քանի սենյակ վերանորոգել, որպեսզի նրանք նորմալ պայմաններում ապրեն»:

Felix_Hayrapetyan_Petrosyan

Եղիշե Պետրոսյանն էլ տեղեկացրեց, որ սոցիալական և իրավաբանական աջակցությունից բացի հնարավոր է նաև տրամադրեն առողջապահական աջակցություն: Նա շեշտեց, որ իրենց հոգածությունից դուրս չի մնալու որևէ քաղբանտարկյալի ընտանիք. «Չպետք է աչքաթող անենք որևէ հալածյալի, տուժածի կամ քաղբանտարկյալի ընտանիք: Դա մեր կողմից անբարոյականություն կլինի: Սա ժողովրդական համախմբվածության հնարավորություն է և ցույց է տալու, որ ոչինչ հենց այնպես չի անցնում»:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Կյուրեղյանը վստահեցրեց, որ հիմնադրամն աշխատելու է շատ թափանցիկ, հսկողություն է սահմանվելու ցանկացած ծախսի ու մուտքի վերաբերյալ: Ստեղծվելու է կայք, որտեղ ֆիքսվելու է ցանկացած մուտք ու ելք. «Բոլորին, ովքեր ցանկանում են օգնել, առաջարկում եմ ամեն ամիս 100 դրամ որպես բարոյական աջակցություն փոխանցել այս հիմնադրամին, ինչը ոգևորիչ կլինի հալածյալների և մեզ համար, դա նաև ժողովրդին համախմբող գործընթաց կլինի»:

Անդրադառնալով բարեգործության խորհրդանիշին, որն ունի հաց բերող անունը և այդ անձն էլ արժանացավ նույն հալածանքներին, պարոն Կյուրեղյանը շեշտեց. «Մենք շատ նպատակասլաց և ուշադիր պետք է վերաբերվենք մեր նվիրյալներին, ամեն ինչ անենք, որ վստահ լինեն՝ միայնակ չեն»:

Ֆելիքս Հայրապետյանն էլ հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է հաց բերող Արթուրին. «Աշխարհում մարդասիրական ցանկացած քայլ գնահատվում է: Այն ժամանակ, երբ պետությունը ձեռքերը լվացել մի կողմ էր քաշվել, միայն պահանջում էր, որ «Սասնա ծռերը» հանձնվեին, նրանք այդ ժամանակ ուտելիք չունեին: Ու փոխանակ զուտ մարդասիրական կերպով պետությունը կամ այլ կազմակերպություն ուտելիք հասցներ այդ տղաներին, Արթուրը, որ շատ ավելի շատ պատճառներ ուներ այդ քայլին չդիմելու, հաց հասցրեց տղաներին՝ արժանանալով նույն քրեական հոդվածների»:

Ֆելիքս Հայրապետյանը նաև անդրադարձավ Անդրիաս Ղուկասյանին, որը արդեն 30-րդ օրը գտնվում է հացադուլի մեջ. «Դատավորը նրան հարցրեց՝ շարունակելո՞ւ է իր պայքարը դուրս գալուց հետո եւ դրական պատասխան ստանալուց հետո որոշեց Անդրիաս Ղուկասյանին պահել կալանքի տակ: Սա նշանակում է, որ ինչ հոդվածով էլ, որ նրան դատեն, միեւնույն է, դա լինելու է քաղաքական որոշում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռաֆիկ says:

    Բարև Ձեզ, խնդրում եմ ուղարկեք “Սասնա ծռեր” բարեգործական հիմնադրամի հաշվի համարը, եթե իհարկե այն Ձեզ հայտնի է։ Նախապես շնորհակալություն։

Պատասխանել Ռաֆիկ

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031