Ինչպես անդրադարձել ենք , Գյումրու ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանն իր ամբողջ կյանքում բազում պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել։ Նա 14 տարի շարունակ ղեկավարել է Շիրակի մարզի մայր բուհը՝ Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ մինչ այդ, հետերկրաշարժյան ծանր տարիներին՝ 1992-1996 թվականներին նրան է վստահվել ամենապատասխանտու ոլորտներից մեկը՝ Գյումրիի ֆիզիկական կուլտուրայի բաժինը։ Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ թեկնածուն երկու անգամ պատգամավոր է ընտրվել, մեկ անգամ Գերագույն Խորհրդի, մի անգամ էլ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի։ Վարդեւան Գրիգորյանը հիշարժան դրվագներ է ներկայացնում սպորտ ոլորտը կառավարելու իր տարիներից։
Նրա պատմելով՝ Գյումրու ֆիզիկական կուլտուրայի բաժնի պետ նշանակվելուն պես, տեսել է, որ Գյումրու մարզադաշտը սարսափելի վիճակում է, առիթն օգտագործելով, որ Հրանտ Բագրատյանի կառավարությունն արտագնա նիստ է անցկացնում Գյումրիում, այնպես է արել, որ վարչապետը կառավարության նիստին մասնակցելուց առաջ այցելի մազադաշտ ու իր աչքով տեսնի, թե ինչ ողբերգական պայմաններում է մարզվում Եվրոպայի մրցանակակիր Արմեն Մարտիրոսյանը ։ «Կառավարությունն այն ժամանակ էլ Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ տարբեր վայերերում, տարբեր մարզերում անցկացնում էր արտագնա նիստեր։ Մի նիստ պլանավորված էր անցկացնել Գյումրիում , Գյումրիի Քաղսովետի նախագահը Ադամյան Լյովան էր, իմ լավ ընկերը, ես գործկոմի անդամ էի, խնդրեցի Ադամյանին, որ վարչապետի ու կառավարության գալու ժամանակ մենք անպայման ցույց տանք մարզադաշտը, որովհետև այն Գյումրիի սպորտային բնագավառի համար շատ կարևոր նշանակություն ուներ, առաջինը «Շիրակ» ֆուտբոլային թիմի համար, երկրորդ՝ մեր աթլետիկայի մասնագետների համար։ Երբ կառավարությունը եկավ Գյումրի, մենք խնդրեցինք տեսնել մարզադաշտը, այն ցանցերով պատված էր, մոտեցանք ու այդ պահին մարզում էր անցկացնում Արմեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի մրցանակակիր, եռացատկորդ։ Եվ ես մոտեցա պարոն Բագրատյանին ու ասում եմ՝ Եվրոպայի մրցանակակիր տղա է, տեսեք ինչ պայմաններում է պարապում։ Կառավարության պատվիրակության կազմում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ներսիսյանցն էր, Բագրատյանը միանգամից դիմեց Ներսիսյանցին, թե՝ կարո՞ղ եք Համաշխարհային բանկում հարցը բարձրացնեք, որոշակի վարկավորում ստանանք մարզադաշտը վերանորոգելու համար։ Ներսիսյանցն ասաց, թե՝ պարո՛ն վարչապետ, Համաշխարհային բանկը երբևիցե նման կառույցների չի ֆինանսավորել, չի վարկավորել, բայց ես կփորձեմ բարձրացնել հարցը։ Գերագույն խորհրդի նիստերից մեկի ժամանակ, այն ժամանակ Գերագույն Խոհուրդն անպայման հաստատում էր վարկերը, հաստատման ժամանակ Եղիազարյան ունեինք՝ էկոնոմիկայի նախարարն էր, ինքը ծնունդով Վանաձորից էր, ներկայացնում էր վարկերը, որ 200 հազար ամերիկյան դոլար Համաշխարհային բանկը վարկ է հատկացրել Գյումրիի և Վանաձորի մարզադաշտերի վերանորոգման համար։ Խնդրել եմ ձայն, հերքել եմ, որ Վանաձորը կա, վարկը միայն Գյումրիի համար է նախատեսված եղել, եւ 200 հազարը իհարկե Վանաձորին չտվեցին, հաստատվեց միայն Գյումրիի համար։ Հետագայում, երբ մոտեցա Համաշխարհային բանկի գործադիր տնօրենին՝ Մելքումյանին, իրենք արդեն պատվիրել էին նախագծերը, պատվիրված նախագծերով գումարը կազմել էր 375 հազար դոլար։ Այդ գումարը հատկացվեց ու մեր մարզադաշտը կարողացանք վերականգնել, Արարատ Գոմցյանն էր այն ժամանակ մարզպետը։ Փոխվեց մարզադաշտի գորգը, կառուցվեց վարչական շենք, հանդերձարաններ, սանհանգույցներ, մրցավարների հատուկ սենյակներ,սարքեցինք տրիբունայի մի մասը։ Աշխատանքներն ավարտելուց հետո լուսահոգի Չախալ Մանվել ունեինք մեր քաղաքում, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր, գնացինք Երևան Աբրահամյան Սուրենի մոտ, որը քաղաքապետն էր, հանրապետական մարզադաշտի համար պատվիրել էին նստարաններ, խնդրեցինք, որ այդ նստարաններից երկու հազարը հատկացնեն մեր մազադաշատին։ Եվ այդ երկու հազար նստարանները, որոնք այսօր դրված են, մեզ հատկացրեցին», -հիշում է պարոն Գրիգորյանը։
Վարդեւան Գրիգորյանի կատարած աշխատանքներին վերաբերող պատմություններից մեկն էլ խաղերի մարզադպրոցի համար հատակի փայտ ճարելու մասին է։ «Խաղերի մարզադպրոցում փայտ չկա, լուսահոգի Կոլի Միշան մտերիմ էր սահմանապահների հետ, իսկ սահմանապահներն ունեին տնակներ, որոնք էլ չէին օգտագործում, վճարել ենք, այդ տնակների փայտը բերեն, պատերը կային, բայց փայտ չկար խաղերի դպրոցի մարզադաշտի հատակը կառուցելու համար, կարողացանք այդ ճանապարհով հատակը կառուցել։ Իհարկե, կառավարությունը խիստ նկատողություն տվեց այդ ժամանակ քաղսովետի նախագահի տեղակալին, քանի որ ինչ-որ տեղ անօրինական ճանապարհով մենք կարողացել ենք այդ փայտը ձեռք բերել ու այդ մարզադահլիճը սարքել», -հիշում է Վարդևան Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Նրա բազում հիշողություններից մեկն էլ կապված է ծանրամարտի հավաքական թիմի՝ Ատլանտայի օլիպիական խաղերին նախապատրաստվելու հետ։ «Գիշերը ժամը մեկին ինձ զանգել, ասել են, որ Միլտոսյան Իսրայելի երեխայի վրա տաք ջուր է լցվել ու այրվել է, վտանգավոր աստիճանի է։ Ասել եմ, իրեն տեղյակ մի պահեք, քանի որ իրենք Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի էին ու հեռախոսազանգից անմիջապես հետո գնացել եմ Երևան, կարողացել եմ համապատասխան դեղորայք գտնել ու մինչև առավոտյան հինգը այն հասցրել եմ։ Միլիոսյան Իսրայելը տեղյակ էլ չի եղել, մարզումային պրոցեսն ավարտելուց հետո նոր միայն տեղյակ ենք պահել, որ իր երեխայի հետ նման դեպք է տեղի ունեցել»։

Նա հիշում է նաև, որ այդ տարիներին, երբ չկար գումար մարզիկներին մրցումների ճանապարհելու, Մոսկվայի ինքնաթիռի հրամանատար՝ լուսահոգի Կոշտոյանի միջոցով, որն իր դասընկերն էր, 25-30 մարզիկի՝ առանց տոմսերի, նստեցնում էին ինքնաթիռ, հասցնում էին Մոսկվա, որտեղից ավելի քիչ գումար ծախսելով՝ գնում էին Եվրոպայի տարբեր երկրներ։ Հետո գալիս էին Մոսկվա, հրամանատար Կոշտոյանը նույն ձևով տեղափոխում էր նրանց Գյումրի։ Վարդևան Գրիգոյանն ասում է , որ վաստակած թոշակի անցնելուն պես իր այս թանկ հիշողությունները գրի կառնի ու կտպագրի։
Ի դեպ, թեկնածուն ասում է, որ քաղաքապետի պաշտոնն իրեն առաջարկվել է դեռևս 1992 թվականին, սակայն ինքը կատեգորիկ ձևով մերժել է, քանի որ պատրաստ չի եղել, այդ ժամանակ խորհուրդն է ընտրել քաղսովետի նախագահ, իսկ այժմ տարբեր ոլորտներում իր կառավարման հմուտ փորձը լիարժեք թույլ է տալիս որպես քաղաքապետ ղեկավարել Գյումրին։


















































