Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ինձ նման մարդիկ դառնան միջուկային փորձարկումների վերջին զոհերը» (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 11,2016 13:00

Առանց ձեռքերի ծնված նկարիչն՝
ընդդեմ միջուկային սպառազինությունների

«Այս ամենը եղել է իրականում, այս ամենը տեսել են իմ ծնողները եւ պատմել են ինձ»: Կարիպբեկ Կույուկովի այս խոսքերն ավելի քան երկու ամիս է՝ չեն հեռանում մտքիցս: Առանց ձեռքերի ծնված այս փոքրամարմին մարդու մեջ ամփոփված անեզր կամքի ուժը պարբերաբար ստիպում է ինձ վերադառնալ նրա հետ հարցազրույցին, որն այս ողջ ընթացքում չեմ կարողացել հանձնել թղթին: Չի գրվում, որովհետեւ ասելիքը չափազանց շատ է, սակայն կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ՝ «Ազատե՛ք աշխարհը միջուկային վտանգից»:

1968 թ.-ին ՍՍՀՄ 15 հանրապետություններից մեկի՝ Ղազախստանի Սեմիպալատինսկի տարածաշրջանում է ծնվել Կարիպբեկ Կույուկովը: Նրա ծնողներն այդ տարածքում միջուկային բազմակի փորձարկումների ականատեսն են եղել: Նրանց ստացած ճառագայթման արդյունքում Կարիպբեկը ծնվել է առանց ձեռքերի: Ֆիզիկական խնդիրները դրանով չեն սահմանափակվել, սակայն նա իր մեջ ուժ է գտել ոչ միայն չհանձնվել, այլեւ իր կյանքը վերածել պայքարի՝ ընդդեմ միջուկային սպառազինությունների, ընդդեմ միջուկային փորձարկումների:

koyukov_7

48-ամյա Կ.Կույուկովը նկարիչ է: Վրձինը նա բռնում է բերանով կամ ոտքերով: Նրա նկարները հեռվից գրավում են գունային գեղեցիկ զգացողությամբ, սակայն երբ մոտենում ես եւ տեսնում ես, թե ինչեր է նա նկարել….

2016թ. օգոստոսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացավ «Աշխարհն՝ առանց միջուկային զենքի» համաժողովը: Այն շենքում, որտեղ աշխարհի ավելի քան 50 երկրների պատվիրակներ էին հավաքված՝ «Ո՛չ» ասելու միջուկային սպառազինություններին, եւ քննարկելու՝ աշխարհը այդ անկանխատեսելի եւ աղետալի վտանգից ազատելու տարբերակները, գործում էր Կարիպբեկ Կույուկովի աշխատանքների ցուցահանդեսը: Նա նկարել էր իր տեսած, պատկերացրած եւ լսած սարսափները: Սեմիպալատինսկի տարածաշրջանում սովետական ժամանակաշրջանում, 50 տարիների ընթացքում իրականացվել է 456 միջուկային փորձարկում, որից այս կամ այն չափով տուժել է ավելի քան կես միլիոն մարդ, որոնցից մեկն էլ Կարիպբեկ Կույուկովն է:

koyukov_6
25 տարի առաջ Ղազախստանը վճռեց ոչ միայն դադարեցնել միջուկային փորձարկումները, ոչ միայն փակել ողջ աշխարհում մեծագույնը համարվող ռազմական փորձադաշտը, այլեւ՝ հրաժարվել ԽՍՀՄ-ից մնացած միջուկային ժառանգությունից, որն իր ներուժով աշխարհում միջուկային հզորության առումով չորրորդ տեղում էր, վերացնել այդ «հարստությունը»: Դրան նախորդել էր ղազախստանցի մտավորականների (գրող Օլժաս Սուլեյմանովի ղեկավարությամբ) նախաձեռնած «Նեւադա-Սեմիպալատինսկ» շարժումը, որը վճռորոշ դեր ունեցավ Ղազախստանի իշխանությունների դիրքորոշման վրա:

Կարիպբեկ Կույուկովը 2012 թվականին ստեղծված միջազգային «Ատոմ» ծրագրի պատվավոր դեսպանն է:

 

Ծրագիրը մի նպատակ ունի՝ հավաքել 1 մլն ստորագրություն աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մարդկանցից, որոնք իրենց կտրուկ «Ո՛չ»-ն են ասում սպառազինությունների մրցավազքին: Տարեկան աշխարհում միլիարդավոր դոլարներ են ծախսվում ավելի ու ավելի հզոր ու նույնքան սարսափելի, մահասարսուռ զենքեր ստեղծելու վրա: Միջուկային սպառազինությունների դեմ արշավ սկսած «Ատոմը» ուզում է հավաքել իր շուրջը մարդկանց, ովքեր դեմ են այդ մրցավազքին եւ աշխարհը զենքով ապականելուն հակակշիռ են փնտրում: «Ատոմ» ծրագիրը հասարակությանը տեղեկացնում է միջուկային փորձարկումների անդառնալի հետեւանքների մասին՝ ինչպես ողջ մարդկության, այնպես էլ բնության վրա: Ծրագրի նպատակն է ստորագրված հայտարարության միջոցով ազդել այն միջուկային գերտերությունների եւ երկրների առաջնորդների վրա, որոնք առայսօր չեն վավերացրել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը: Հիշեցնենք, որ այդ «Պայմանագիրը ՄԱԿ-ի շրջանակներում ընդունվել է 1996 թվականին, բայց քանի դեռ ութ կոնկրետ միջուկային երկրներ՝ Եգիպտոսը, Հնդկաստանը, Իսրայելը, Իրանը, ՉԺՀ-ն, ԿԺԴՀ-ն, Պակիստանը եւ ԱՄՆ-ը չեն ստորագրել եւ վավերացրել այն, պայմանագիրը ուժի մեջ չի կարող մտնել: Այն պահին, երբ ՄԱԿ- համաձայնագիրը օրինական ուժ ստանա, այն կդառնա օրինական հիմք, որը կարգելի ցանկացած միջուկային պայթյուն՝ ինչպես քաղաքացիական նպատակներով, այնպես էլ ռազմական բնույթի:

koyukov_5
Կույուկովն «Առավոտին» պատմեց, որ իր ծնողներն իրենց աչքերով են տեսել այն հսկայական վառ «սնկերը», որոնք առաջանում էին յուրաքանչյուր ատոմային փորձարկման հետեւանքով: Իսկ ինքը հիշում է, թե ինչպես էր տան մեջ ամեն ինչ ցնցվում, սպասքը դղրդում, պահարանները ճոճվում, երբ հերթական փորձարկումն էր լինում: Երբ Կարիպբեկը ծնվեց առանց ձեռքերի, ծնողները շատ տառապեցին, հայրը նրան տարավ Լենինգրադ, որտեղ պրոթեզավորման ինստիտուտ կար՝ հույսով, որ որդու համար այդտեղ ձեռքեր կպատրաստեն: Լենինգրադում տղան կրթություն ստացավ, սակայն պրոթեզներ կրել այդպես էլ չսովորեց:

koyukov_3

Նկարելը մանկուց էր սիրում, գույների աշխարհը նրա համար որեւէ այլ բանի հետ չհամեմատվող երեւույթ էր: «Ես շատ երկրներում եմ եղել, որտեղ մարդիկ տառապել են միջուկային փորձարկումների հետեւանքներից, ես տեսել եմ Հիրոսիմայի եւ Նագասակիի զոհերի հարազատների արցունքները, ես մասնակցել եմ ԱՄՆ Նեւադա նահանգում կայացած բողոքի ակցիաներին՝ ընդդեմ միջուկային փորձարկումների, տեսել եմ տասնյակ երեխաների, որոնց մայրերը թաքցնում էին նրանց՝ ամաչելով մարդկանց հակազդեցությունից: Հիմա ես իմ առաքելությունը տեսնում եմ մի բանում՝ անել ամեն ինչ, որ ես եւ ինձ նման մարդիկ դառնան միջուկային փորձարկումների վերջին զոհերը: Քանի դեռ սիրտս բաբախում է, քանի դեռ ուժ ունեմ, ես մարդկային բանականությանը կոչ եմ անում պահպանել Երկիր մոլորակի անվտանգությունը»,- Կարիպբեկ Կույուկովի այս խոսքերը տեղ են գտել «Ատոմ» ծրագրի պաշտոնական կայքէջում, որտեղ նա կոչ է անում ողջ մարդկությանը՝ չսպասել սեփական պետությունների կողմից բարի կամքի դրսեւորմանը, այլ պայքարի դուրս գալ՝ ընդդեմ միջուկային փորձարկումների եւ միջուկային սպառազինությունների:

koyukov_4
«Սառը պատերազմի» ավարտից հետո, 80-ականների վերջին թվում էր, թե միջուկային սպառազինությունների ավարտը մոտ է, թվում էր, թե աշխարհն արդեն հասկացել է, որ միջուկային զենքը որեւէ մեկին հաղթանակ չի բերելու, որ պարտվելու է ողջ աշխարհը, երկրագունդը: Սակայն այսօր այդ զգացողությունը նահանջել է: Ահաբեկչական խմբավորումները, որոնք աշխարհի քարտեզը վերաձեւելու ցանկություն ունեն, գերտերությունները, որոնք այդ խմբավորումների ձեռքերով իրենց շագանակներն են ուզում կրակից հանել, կարծես չեն էլ պատկերացնում, որ Երկիր մոլորակը բոլորիս հայրենիքն է, եւ միջուկային զենքի ցանկացած գործածություն ի վնաս բոլորիս է լինելու:

koyukov_2
Այն, ինչ վերաբերում է միջուկային սպառազինություններին եւ միջուկային փորձարկումներին՝ իհարկե, միանշանակ է անգամ դրանցից այդպես էլ չհրաժարվող պետությունների համար. նրանք շատ լավ գիտեն, որ մարդկության համար մեծ վտանգի հետ են խաղում, սակայն շարունակում են այդ սուիցիդալ մրցավազքը: Ինչ վերաբերում է խաղաղ նպատակների համար միջուկային էներգիային, այստեղ ամեն ինչ չէ, որ այդքան հստակ է. ատոմային էներգարտադրությունն անփոխարինելի այլընտրանք է աշխարհում իր պաշարներն արդեն իսկ գրեթե սպառած բնական վառելիքով էներգարտադրությանը: Միջուկային վառելիքի միջոցով էներգիա ստանալու ճանապարհին, ըստ գիտնականների, բնությանն ու կլիմային անհամեմատ քիչ վնաս է պատճառվում, քան հանածո վառելիքից՝ նավթ, գազ, ածուխ, էներգիա ստանալու արդյունքում, երբ արտադրվում է շատ ավելի մեծաքանակ ածխաթթու գազ: Բացի այդ՝ ատոմային էներգիայի ինքնարժեքն է շատ ավելի ցածր՝ մյուս տարբերակներով արտադրված էներգիայի ինքնարժեքից: Սակայն միջուկային վառելիքի ստացման ճանապարհին մեկ սխալը կամ բնության տարերքը կարող են ոչ միայն անդառնալի վնաս հասցնել բնությանը, այլեւ տասնյակ, հարյուր հազարավոր մարդկանց կյանքին վտանգ սպառնալ: Ինչպես Հիրոսիմայում եւ Նագասակիում, Սեմիպալատինսկում եւ Նեւադայում են բազմահազար մարդիկ տուժել, այնպես էլ՝ Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի ատոմակայանների վթարների արդյունքում: Ատոմային էներգիա արտադրող կայանների ճիշտ եւ անվտանգ գործարկման խնդիրը շատ նուրբ եւ թանկ լուծումներ է պահանջում:Սեյսմավտանգ Հայաստանը, որը չունի վառելիքի բնական պաշարներ, շրջափակված է ոչ բարեկամ երկրների կողմից, աշխարհի ընդամենը 31 երկրներից մեկն է, որտեղ ատոմային էներգիա է արտադրվում: Թեեւ դա կարծես թե անխուսափելի է, քանի դեռ այլընտրանքային՝ քամու, արեւի էներգիա ստանալու ուղղությամբ քայլեր չեն արվել:

koyukov_1Այնուամենայնիվ, մեզ վրա լուրջ պատասխանատվություն կա՝ թե՛ մեր ժողովրդի, թե՛ ընդհանրապես մեր մոլորակի անվտանգության առումով: Հայաստանում գործող ԱԷԿ-ի անվտանգության հարցը մեր հարեւանները բարձրացնում են բոլոր հնարավոր եւ անհնար միջավայրերում, հարթակներում, օգտագործում են ցանկացած՝ ամենամեծ եւ ամենափոքր ամբիոն՝ ՀԱԷԿ-ի գործունեության հնարավոր վտանգների վերաբերյալ աշխարհի ականջները «լցնելու» համար: Այդ հարձակումներին հայկական կողմն ունի համարժեք պատասխան առ այն, որ 1995թ. ՀԱԷԿ-ի վերագործարկումից հետո անընդհատ հսկողության տակ է ատոմակայանի աշխատանքը, կատարվում է շրջակա տարածքի խստագույն ճառագայթային հսկողություն, բարձրացվում է կայանի անվտանգության մակարդակը, եւ ՀԱԷԿ-ն աշխատում է կայուն ու անվտանգ՝ թույլ չտալով, որ Հայաստանը հայտնվի էներգետիկ ճգնաժամի առաջ: Այդուհանդերձ, Հայաստանի կողմից ոչ միայն միջուկային սպառազինությունների տարածման դեմ ցանկացած ծրագրի միանալն է կարեւոր, այլեւ՝ ՀԱԷԿ-ի հնարավորինս արդիականացումը, անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների պարբերաբար իրականացումը եւ վերջիվերջո՝ որքան հնարավոր է՝ արագ տեմպերով էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման ծրագրերի ներդրմանը զարկ տալը:

 

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ»

10.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930