Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ շարքերը Ադրբեջանով համալրելու գործընթացը շաղկապված է ԼՂ խնդրի հետ

Նոյեմբեր 11,2016 12:00

Ըստ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի` ՌԴ-ն կարող է ձգտել նրան,
որ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող մի շարք տարածքներ հանձնվեն Ադրբեջանին, որն էլ կհամաձայնվի անդամակցել ԵԱՏՄ-ին:

– Օրերս «Ռոսիա 24» հեռուստաալիքով հեռարձակվեց Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հարցազրույցը, որում նա փաստեց, որ Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների կարգավորման մեջ շրջադարձային է եղել Թուրքիայում հուլիսին կազմակերպված հեղաշրջման փորձը: Չավուշօղլուն նշեց, որ Ռուսաստանը անմիջական մասնակցություն է ունեցել հուլիսյան հեղաշրջման վերջնական ճնշման գործում. «Նախեւառաջ ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանին, պարոն Պուտինին եւ ռուսաստանցիներին: Մեզ համար շատ ծանր այդ օրերին Ռուսաստանն ապացուցեց, թե ով է Թուրքիայի իրական բարեկամը: Նախագահ Պուտինը մեզ լիակատար աջակցություն ցուցաբերեց նաեւ, ի թիվս այլնի, հետախուզական տվյալների փոխանակման առումով: Թուրք ժողովուրդը դա երբեք չի մոռանա»: Կարո՞ղ ենք արձանագրել, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները հետեւողականորեն գնում են դեպի ջերմացում, թե՞ կան խնդիրներ, որոնց շուրջ դեռեւս տարաձայնությունները պահպանվում են:

– Թուրքիայի իշխանությունները մեծապես կարեւորում են ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում եւ ոչ թե դրա ավարտից, ձախողումից հետո օտար երկրների կողմից իրենց աջակցություն հայտնելը։ Դա որոշակի ջրբաժան հանդիսացավ Թուրքիայի իշխանությունների համար, թե ովքեր են, այսպես ասած, երկրի իրական բարեկամները, որոնք իրենց աջակցությունը հայտնում են նեղ ժամանակներում։ Այս առումով Պուտինն առաջիններից մեկն էր, որ աջակցություն հայտնեց Թուրքիայի իշխանություններին։

Նախկինում անգամ հաղորդվել էր, թե Ռուսաստանն է Թուրքիայի իշխանություններին զգուշացրել պատրաստվող հեղաշրջման փորձի մասին։ Այդ ժամանակ ռուս-թուրքական հարաբերություններն արդեն իսկ սկսել էին ջերմացում ապրել, եւ Պուտինի համար ձեռնտու չէր Էրդողանի հեռացումը։ Հասկանալի էր, որ իշխանության գալու դեպքում Աթաթուրքի սկզբունքների պահապան զինվորականները կասեցնելու էին Թուրքիայի իսլամականացումը, դեպի Արեւելք նրա շրջվելը, եւ փոխարենը Թուրքիան շրջելու էին դեպի Արեւմուտք (դրա համար էլ Թուրքիայում կան բազմաթիվ կասկածներ, որ հեղաշրջման փորձի հետեւում կանգնած է ԱՄՆ-ը)։ Թեեւ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները հետեւողականորեն գնում են դեպի ջերմացում, այնուամենայնիվ՝ որոշ տարաձայնություններ դեռ կան։ Խոսքը հիմնականում Բաշար Ասադի հետագա ճակատագրի, թուրքական բանակի ձեռնարկած «Եփրատի վահան» գործողության ծավալների մասին է։ Թուրքիան ու Ռուսաստանը հակադիր մոտեցումներ ունեն Ուկրաինայի եւ մասնավորապես Ղրիմի, Սեւ ծովում ՆԱՏՕ-ի ակտիվացման, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցերում։

– Հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն աղմկահարույց ելույթով հանդես եկավ` նշելով. «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է՝ հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից: Այս տարբերակն այժմ քննարկվում է»: ՌԴ-Թուրքիա հարաբերություններում ջերմացման միտումները կարո՞ղ են փոփոխություններ մտցնել Մոսկվայի քաղաքականությունում` թե՛ ԼՂ խնդրի, թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում:

– Բնականաբար, ՌԴ-Թուրքիա հարաբերություններում ջերմացման միտումները ունակ են փոփոխություններ մտցնել թե՛ Ղարաբաղյան հակամարտության, թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունում։ Դրա ամենափայլուն օրինակը Երեւանում Սերգեյ Լավրովի արած այն հայտարարությունն է, որ Թուրքիան «կարող է դրական դեր խաղալ» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, եւ որ նա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը թուրք-ադրբեջանական կողմի նման շաղկապեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի գրանցման հետ։

Ներկայացնեմ ամիսներ առաջ ռուսական կողմի մի շարք հայտարարություններ, որոնք ի ցույց են դնում, թե ինչպես է փոխվել ԼՂ խնդրի լուծման հարցում Թուրքիայի մասնակցության հանդեպ ռուսական կողմի դիրքորոշումը։ Ապրիլյան պատերազմից հետո նույն Լավրովը ԼՂ հակամարտության մասին Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները որակել էր որպես բացարձակապես անընդունելի՝ ընդգծելով, որ դրանք ոչ թե դեպի խաղաղություն, այլ պատերազմ տանող, հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու կոչեր են, ինչն արմատականորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրության դիրքորոշմանը։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, իր հերթին մեկնաբանելով Էրդողանի այն հայտարարությունը, որ «Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության կողմ է», հայտարարեց, որ Թուրքիան բորբոքում է Ղարաբաղյան հակամարտությունը։ Եվ վերջապես՝ 2015թ. դեկտեմբերի կեսին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լուկաշեւիչը հայտարարել էր, թե ԼՂ խնդրի կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը միակողմանի է (աջակցում է Ադրբեջանին), եւ որ Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին պաշտպանելու Թուրքիայի փորձերը բացարձակապես ապակառուցողական են եւ չեն կարողանա ունենալ որեւէ շարունակում:

Ուշագրավ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հոկտեմբերի 12-ին Ստրասբուրգում Չավուշօղլուի եւ հոկտեմբերի 14-ին Երեւանում Լավրովի այդ հայտարարություններն արվեցին հոկտեմբերի 10-ին Ստամբուլում Էրդողանի ու Պուտինի հանդիպումից հետո։ Այս շարքին կարելի է հավելել հոկտեմբերի 18-ին Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ապագայում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության չբացառելը։ Կարծում եմ՝ այս ամենը շաղկապված է միմյանց՝ հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում «Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան» համագործակցության եռակողմ ձեւաչափի ստեղծումը։

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը խստապես ցանկանում է ԵԱՏՄ-ի շարքերում ընդգրկել Ադրբեջանին. այդ դեպքում ԵԱՏՄ-ն կդառնա (եթե կարելի է այդպես ասել) լիարժեք, եւ այդպիսով կլուծվի ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ ԵԱՏՄ անդամ Հայաստանի սահման չունենալու խնդիրը, ինչը միակն է իր տեսակում։ Դա ինքնին նշանակում է, որ ԵԱՏՄ-ի շարքերը Ադրբեջանով համալրելու գործընթացը ավտոմատ շաղկապված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ առնվազն դրանում զգալի առաջընթացի գրանցման հետ, քանի որ եթե անգամ մի կողմ դնենք այն, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամության համար անհրաժեշտ է ստանալ Հայաստանի թույլտվությունը, ապա պետք է նկատենք, որ Ադրբեջանը հարկադրված կլինի ԵԱՏՄ-ի շրջանակներում շփվել Հայաստանի հետ եւ ըստ ամենայնի՝ վերացնել տրանսպորտային-հաղորդակցային սահմանափակումները։
Ստացվում է, որ Ռուսաստանը կարող է ձգտել նրան, որ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող մի շարք տարածքներ հանձնվեն Ադրբեջանին (ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու դիմաց), որն էլ նման դեպքում կհամաձայնվի անդամակցել ԵԱՏՄ-ին։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ, մասնավորապես, սահմանի վերաբացման հարցին, ապա այն կարող է ներառվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այդ փաթեթում եւ հայկական կողմին հրամցվել որպես Ադրբեջանին տարածքներ հանձնելու դիմաց Թուրքիայից ստացված «որոշակի լավություն կամ փոխհատուցում»։ Հայտնի է, որ Թուրքիան շարունակ Հայաստանի հետ սահմանի վերաբացման հարցը շաղկապել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ դրանում զգալի առաջընթացի գրանցման հետ։
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացման հանդեպ Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա չեմ կարծում, թե Ռուսաստանում լուրջ վտանգ են տեսնում դրանում՝ հաշվի առնելով Հայաստանում իրենց բավական ամուր դիրքերը եւ Թուրքիայի հանդեպ հայերի հայտնի դիրքորոշումը։ Թուրքիան իր հերթին կարծես թե ծանր չի տանում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը։ Ավելին, 2016թ. օգոստոսին (ռազմական հեղաշրջման փորձից մեկ ամիս անց) Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին չբացառեց, որ Թուրքիան կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին՝ մանրամասնելով, որ համապատասխան թեմայով Ռուսաստանի հետ բանակցություններ անցկացվել են նաեւ 2015թ. նոյեմբերի 24-ի ինքնաթիռային միջադեպից առաջ։ Զեյբեքջին ընդգծել էր, որ ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցությունը չպետք է խաթարի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը եւ ԵՄ-ի հետ ընդհանուր Մաքսային միությունը (Թուրքիան միակ երկիրն է, որ ԵՄ-ի անդամ չէ, բայց ԵՄ Մաքսային միության անդամ է՝ 1995-ից)։ Թեեւ սա ներկա դրությամբ կարելի էր համարել Արեւմուտքին հասցեագրված ուղերձ, սակայն չպետք է ամբողջովին բացառել մոտ ապագայում ԵՄ Մաքսային միությունից Թուրքիայի դուրս գալու հնարավորությունը, քանի որ Թուրքիան ԵՄ-ից պահանջում է, որ երրորդ երկրների ու ԵՄ-ի միջեւ ստորագրված ազատ առեւտրի համաձայնագրերը միակողմանի չտարածվեն իր վրա։ 2014թ. նոյեմբերին Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջեւ ստորագրվի ազատ առեւտրի համաձայնագիր (TTIP), ապա կարեւոր է, որ զրոյական մաքսատուրքով ԱՄՆ ապրանքներ արտահանելն առնչվի նաեւ Թուրքիային, քանի որ հակառակ դեպքում Թուրքիան կմնա անպաշտպան, եւ եթե ամերիկյան ապրանքները զրոյական մաքսատուրքով մուտք գործեն ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմ չունեցող Թուրքիա, ապա Թուրքիան դրանից տարեկան կկորցնի 2.5-3 միլիարդ դոլար եւ հարկադրված կլինի սառեցնել ԵՄ Մաքսային միությանն իր անդամակցությունը։ Բնականաբար, ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցության խնդրի դեպքում նույնպես կծագեն Հայաստանի կողմից դա թույլատրելու ու կազմակերպության շրջանակներում Թուրքիայի հետ հարաբերվելու հարցերը։ Այդպիսով, առաջիկայում մեծ ճնշումներ եմ ակնկալում Հայաստանի վրա։

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 10.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930