Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի վատ ԱԺ ենք ունենալու՝ մանկլավիկ պատգամավորներով ու օլիգարխիայի կրտսեր սերնդով»․քաղաքագետ 

Նոյեմբեր 11,2016 13:08

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կանխատեսմամբ, առաջիկայում մենք որակապես ավելի վատ խորհրդարան կունենանք, քանի որ յուրաքանչյուր պաշտոնյա ձգտում է օրենսդիր դարձնել իր զավակին։ Մասնավորապես՝ արդեն շոշափվում են Սամվել Բալասանյանի, Գալուստ Սահակյանի, Մհեր Սեդրակյանի որդիների անունները։

«Մեր իշխանություններն ամեն ընտրությանը ժողովրդին խոսք են տալիս, որ հաջորդ Ազգային ժողովը որակապես կտարբերվի մյուսից, բայց ես ինչքան նկատում եմ, մենք որակապես ավելի վատ վիճակում ենք հայտնվում։ Ընդհանուր առմամբ՝ պետք է ասեմ, որ մեր խորհրդարանի 15-20 տոկոսն է համապատասխանում պատգամավոր լինելու կոչմանը, 80-85 տոկոսն ընդամենը կոճակ սեղմող է, ու սա խիստ մտահոգիչ է։ Հիմա նոր օրենսգրքի համաձայն՝ մեծամասնական ընտրակարգին փոխարինելու է ռեյտինգային համակարգը։ Եվ ես ինչքան նկատում եմ, հիմա այն օդիոզ պատգամավորները, որոնք տառաճանաչ էլ չեն, ձ-ն ջ-ից չեն տարբերում, իրենք, իհարկե, առաջ չեն գնալու. երևի հանրապետության նախագահը տաբու է դրել նրանց հաջորդ ընտրություններում մասնակցության վրա, ընտրել են վերարտադրվելու հեշտ տարբերակ։ Իրենք առաջ են տանում իրենց որդիներին, դուստրերին, բարեկամներին, որն, իհարկե, շատ մեծ մտահոգություն է ինձ մոտ առաջացնում։ Առաջ են տանում օլիգարխիայի կրտսեր սերնդին։

Մենք դեռ չունենք էն կուլտուրան, որ ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի նման ունենանք դինաստիաներ, որոնք քաղաքականությամբ են զբաղվում։ Միացյալ Նահանգներում Քենեդիների, Բուշերի, Քլինթոնների ընտանիքներ են, բայց այնտեղ կա համապատասխան կուլտուրա, փոքրուց երեխային դաստիարակում են որպես քաղաքական գործիչ։ Նա ստանում է համապատասխան կրթություն, հասկանում է՝ ինչ բան է քաղաքականությունը։ Մեզ մոտ դա բացակայում է ու անընդունելի է այն, որ որևէ x պատգամավորի, որն ընտրվել է օրինակ՝ Երևանի Էրեբունիի շրջանից, նրան փոխարինի իր որդին։ Մենք ավելի վատ խորհրդարան ենք ունենալու, ունենալու ենք մանկլավիկ պատգամավորներ, որոնք ընդամենը կլինեն զինվորիկներ շախմատի տախտակի վրա, և իրենք ուղղորդվելու են իրենց հայրիկների, հորեղբայրների, քեռիների կողմից։ Տպավորություն չստացվի,թե բոլոր որդիներին ենք դեմ, խոսքը անարժաններին մասին է»։

Երկրորդ մտահոգող հանգամանքը, ըստ քաղաքագետի, այն է, որ մենք ընդօրինակում ենք ռուսներին։ «Այնպես, ինչպես ընտրվում են Պետական Դումայի պատգամավորները, նույնը մենք ենք անում։ Տեսանք, որ Ռուսաստանում սպորտի բնագավառի մարդկանց, երգիչ-երգչուհիների բերեցին-լցրեցին Պետական Դումա, նույնն էլ մեզ մոտ արեցին՝ փչացնելով այդ մարդկանց։ Իրենց ոլորտում շատ սիրված մարդիկ դարձել են ժողովրդի աչքի գրողը, չեմ ուզում օրինակներ բերել, բայց բոլորը շատ լավ կհասկանան՝ ում մասին է խոսքը։ Չի կարելի այդպիսի բան անել, մենք էն երկիրը չենք, ոչ էլ էդ հարստությունը ունենք Ռուսաստանի նման, որ մեզ թույլ տանք ունենալու Վալուևի նման պատգամավոր (բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ա․Ն․) կամ Սվետլանա Խորտինայի, Ալինա Կաբաևայի նման պատգամավորներ (խոսքը մարմնամարզուհիների մասին է.- հեղ)։ Նրանք պատգամավոր չեն, նրանք չեն էլ հասկանում՝ ինչ է պատգամավորը, նույնն էլ մենք ունենք մեր Ազգային ժողովում: Իրենց բնագավառներում պրոֆեսիոնալ մարդիկ գալիս են Ազգային ժողով ու չգիտես ինչով են զբաղվում։ Նրանց փչացնում են, սա մեր իշխանությունների ձեռագիրն է, նրանք էլ մտածելով, որ շատ մեծ կոչում է պատգամավորը, մտնում են դաշտ՝ չհասկանալով, թե ինչպես են ծուղակն ընկնում։ Սա էլ խնդիր է մեզ համար, մենք այն հարուստ երկիրը չենք, որ ում ասես տանենք Ազգային ժողով ու աշխատավարձ տանք և գործուղենք արտասահմաններ։

Մենք պետք է ունենք պրոֆեսիոնալ պատգամավորներ։ Դուք տեսնո՞ւմ եք, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփը կամ Մարկ Ցուկենբերգը կամ Բիլ Գեյսթը դառնան կոնգրեսմեն կամ սենատոր։ Չեք տեսնի, որովհետև դա նրանց պետք չէ, նրանք տասնյակներով հովանավորյալ սենատորներ կամ կոնգրեսմեններ ունեն, որոնց միջոցով տանում են իրենց քաղաքական գիծը։ Սա է կարևորը, մերոնք էլ պետք է հասկանան՝ բոլորովին պարտադիր չէ, որ Սամվել Ալեքսանյանը կամ Շշի Մելոն լինեն Ազգային ժողովում, մականունավոր բոլոր պատգամավորները լինեն Ազգային ժողովում պատմաբանների, քաղաքագետների, տնտեսագետների ու իրավաբանների փոխարեն։ Մեզ բուռն քննարկումների մասնակցող պատգամավոր են պետք, իսկ մենք ի՞նչ ենք տեսնում՝ տարրական կամակատարների մի մոխրագույն դաս։

Մեր Ազգային ժողովը դարձել է զվարճանքի տեղ, լրագրողները հատուկ մոտենում են այն պատգամավորներին, որոնք փայլում են իրենց անտակտությամբ, խոսափողը առաջ են տալիս ու զավեշտալի պատասխաններ ենք իմանում․․․ Կոմեդիայի սիրահար են, թող գնան սիթքոմում նկարահանվեն ու իրենց տաղանդն այդտեղ ցույց տան»։

Ըստ Գագիկ Համբարյանի, Ազգային ժողով մտնելու պատճառը մեկն է ՝ պատգամավորներին տրված անձեռնմխելիությունը։ «Եթե հանվի անձեռնմխելիությունը, կտեսնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր չեն ցանկանա դառնալ ներկայիս դոշ ծեծողների ու առաջ վազողների գրեթե 99 տոկոսը», -համոզված է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930