Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավոր է տարածաշրջանում ԱՄՆ-ի ներգրավվածության որոշակի թուլացում

Նոյեմբեր 17,2016 12:00

Ըստ Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի` դա կարող է բացասաբար անդրադառնալ
թե Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների եւ թե ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա:

– Նախ` ԱՄՆ նախագահական ընտրություններին անդրադառնանք: Ինչի՞ մասին են վկայում ԱՄՆ-ի հասարակության կատարած ընտրության արդյունքները: Թեեւ շատերն էին կանխատեսում Հիլարի Քլինթոնի հաղթանակը, բայց անսպասելի զարգացումներ տեղի ունեցան: Ինչո՞ւ Թրամփը:

– 2016 թվականը դեռ երկար կհիշվի աշխարհի քաղաքական եւ փորձագիտական հանրության ճնշող մեծամասնության համար, թերեւս, անտրամաբանական եւ այդ պատճառով անսպասելի երկու կարեւորագույն համազգային քվեարկություններով. «Բրեքզիթը»՝ Մեծ Բրիտանիայում եւ Դոնալդ Թրամփի ընտրությունը՝ Միացյալ Նահանգներում: Նշված երկու դեպքում էլ պարտվող կողմերը ակնհայտորեն գերագնահատել էին իրենց վարկանիշը, հնարավորություններն ու ազդեցությունը եւ թերագնահատել, որոշ դեպքերում նաեւ անտեսել հակառակ կողմի որդեգրած գաղափարախոսության ուժը ու վարած քարոզչության ազդեցիկությունը, վերջիններիս ընտրազանգվածների ծավալը, ընտրողների խնդիրներն ու ակնկալիքները: Երկու դեպքում էլ քվեարկությունների արդյունքները վկայում են տարիներ շարունակ լուծում չգտնող որոշակի խորքային խնդիրների մասին, ինչպես նաեւ իշխանություն-հասարակություն կապի գրեթե բացակայության ու կառավարող քաղաքական վերնախավերի կամ իսթեբլիշմենթների դեմ հասարակական դժգոհության ու բողոքի աննախադեպ բարձր աստիճանի մասին:

Եթե անդրադառնանք ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին եւ Թրամփի հաղթանակին, ապա կարող եմ նշել եւս մասնավոր պատճառներ, որոնք, իմ կարծիքով, էականորեն ազդեցին ընտրությունների արդյունքների վրա: Նախ` ասեմ, որ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ այլ կայացած պետություններում համազգային ընտրություններում հաղթում կամ պարտվում են ներքին քաղաքական օրակարգերի հիման վրա: Արտաքին քաղաքականությունը երկրորդական է նման ընտրություններում: Այսպիսով՝ ովքեր էին Թրամփի հիմնական ընտրողները: Դա միջին, այսպես կոչված՝ սպիտակ Ամերիկայի բնակչության ճնշող մեծամասնությունն էր, որն ամերիկյան չափանիշներով հիմնականում անապահով աշխատավոր զանգվածն է՝ կրթական համեմատաբար ցածր եւ գործազրկության բարձր ցուցանիշներով: Թրամփն իր բավական անհեթեթ, անիրագործելի, սակայն քաղաքական, քաղաքագիտական գրագիտություն չունեցող, իրենց բավական սահմանափակ աշխարհում ապրող այս ընտրողների համար հրապուրիչ, նույնիսկ ոգեւորիչ հայտարարություններով, հաճախ նաեւ կոպիտ եւ քաղաքական բարեկրթությունից հեռու, էպատաժային վարքագծով կտրուկ տարբերվում էր տասնամյակներ շարունակ իշխանության տարբեր թեւերում, տարբեր դերակատարումներով հանդես եկած, քաղաքական վերնախավի տիպիկ ներկայացուցիչ ու նույնիսկ դեմոկրատական կուսակցության ավանդական ընտրազանգվածի մի մասին արդեն հոգնեցրած Հիլարի Քլինթոնից:

Այս համեմատության մեջ ընտրողներն անտեսեցին, որ Թրամփը նույնպես իրենց կողմից ատած իսթեբլիշմենթի անբաժանելի մասն է, եւ ընկալեցին նրան որպես ամերիկյան բարեկեցության եւ երազանքի մարմնավորում: Անտեսեցին նաեւ այն, որ նա լինելով գործարար աշխարհի վերնախավի վառ ներկայացուցիչ՝ քիչ հավանական է, որ կատարի խոշոր գործարարների շահերին հակասող իր նախընտրական որոշ խոստումները: Քլինթոնի թիմն, իր հերթին, բավականաչափ ուշադրության չարժանացնելով նախկինում ավանդաբար դեմոկրատական կուսակցությանը սատարող որոշ նահանգներին, օրինակ` Փենսիլվանիա նահանգին, պարտություն կրեցին նույնիսկ այնտեղ: Պետք է նաեւ նշել Թրամփի հանրապետական ընտրազանգվածի առավել ակտիվությունը Քլինթոնի ընտրազանգվածի համեմատությամբ: Սրանք են, իմ կարծիքով, առայսօր բավական անկանխատեսելի վարքագիծ դրսեւորած Թրամփի հաջողության հիմնական պատճառները:

– ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հարցը դարձել է ամենաքննարկվող թեման: Ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել, աշխարհաքաղաքական մի շարք հարցերում ռուս-ամերիկյան առկա տարաձայնությունները կհաջողվի՞ հաղթահարել Թրամփի նախագահության արդյունքում, եւ արդյոք ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում մեղմացում կարելի՞ է ակնկալել:

– Էական փոփոխություններ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ես չեմ ակնկալում: Կլինեն հանդիպումներ, սակայն դրանց արդյունքներն, ըստ էության, կկրեն հռչակագրային բնույթ եւ սկզբունքորեն չեն փոխի երկու պետությունների միջեւ ներկայումս գոյություն ունեցող հարաբերությունները: Պայմանավորված է դա մի քանի գործոններով:
Նախ՝ մի բան է նախընտրական հռետորաբանությունը, լրիվ այլ՝ իրական քաղաքականությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում: Եթե դիտարկենք Թրամփի նախընտրական ծրագրային ելույթները, ապա կտեսնենք, որ նրա հիմնական թեզերից մեկը Միացյալ Նահանգների մեծությունն է, հզորությունը: Միեւնույն ժամանակ, լինելով ծայրահեղ ամբիցիոզ եւ միշտ հաղթանակի ձգտող անձնավորություն, նա, որպես ԱՄՆ նախագահ, հազիվ թե ընդունի ՌԴ-ի նմանապես ամբիցիոզ նախագահի կողմից առաջադրվող պահանջները՝ դրանով իսկ նաեւ խախտելով Միացյալ Նահանգների իրար հաջորդող վարչակազմերի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների, մոտեցումների անընդհատությունը եւ վնաս հասցնելով երկրի վարկանիշին:

Պետք է նաեւ հաշվի առնել այն, որ Թրամփի ընտրությունն աննախադեպ պառակտում առաջացրեց ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության շարքերում, նրա դեմ հանդես եկան մի շարք ազդեցիկ հանրապետականներ՝ ներառյալ ԱՄՆ երկու նախագահ ունեցող Բուշերի ընտանիքը: Նաեւ չմոռանանք, որ նորընտիր ամերիկյան Սենատում եւ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում հանրապետականները, իսկ Հանրապետական կուսակցությունը հիմնականում հանդես է եկել ՌԴ-ի նկատմամբ խիստ քաղաքականություն վարելու օգտին, եւ ուկրաինական հակամարտությունում հիմնականում աջակցել են ուկրաինական նոր իշխանություններին: Այս պայմաններում, հաշվի առնելով նաեւ ԱՄՆ-ում պետական որոշումների ընդունման մեխանիզմը, քիչ հավանական է դառնում, մասնավորապես՝ ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխությունը: Ռուսաստանի համար լավագույն դեպքում ԱՄՆ-ը չի խստացնի իր պատժամիջոցները ՌԴ-ի հանդեպ: Սիրիական ճգնաժամի եւ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում համագործակցության առումով հնարավոր է, որ ԱՄՆ-ի կողմից ժամանակավորապես օրակարգից հանվի Ասադի հրաժարականի պահանջը, ինչը, սակայն, որեւէ դրական ազդեցություն չի ունենա Ռուսաստանի ներկայիս դրության վրա եւ սկզբունքորեն չի փոխի իրավիճակը:

– ԱՄՆ նորընտիր նախագահը Վրաստանում եւ Ադրբեջանում ժամանակին բիզնես-ծրագրեր է իրականացրել, այսինքն` մեր տարածաշրջանին քաջատեղյակ է: Ինչպիսի՞ն կլինի նրա կողմից վարվող քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ, տարածաշրջանային հակամարտությունների հանդեպ եւ իհարկե` Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին ի՞նչ կարելի է ասել` էական փոփոխություններ կարելի՞ է սպասել:

– Ժամանակին, որպես խոշոր գործարար՝ այո: Սակայն չեմ կարծում, որ նա տիրապետել կամ տիրապետում է այն տեղեկատվությանը, որն այժմ իրեն անհրաժեշտ է ԱՄՆ նախագահի պաշտոնում, այնպես որ՝ նա նորովի պետք է իր համար բացահայտի Հարավային Կովկասը, եւ ոչ միայն, ինչն անխուսափելիորեն շտկումներ կմտցնի եւ արդեն մտցնում է Թրամփի կողմից նախընտրական շրջանում հնչեցրած դիրքորոշումների մեջ: ԱՄՆ-ը վաղուց կայացած պետություն է՝ պետական շահի գիտակցությամբ եւ հստակ արտաքին քաղաքական օրակարգով:

Հարավային Կովկասն աշխարհաքաղաքական տեսակետից օբյեկտիվորեն շատ կարեւոր տարածաշրջան է եւ միշտ եղել է ու կմնա մեծ տերությունների հետաքրքրությունների շրջանակում: ԱՄՆ-ը տարբեր վարչակազմերի օրոք միշտ էլ այս կամ այն ծավալով ներգրավված է եղել ու կլինի Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների մեջ: Այդ ներգրավվածության աստիճանը կախված է եղել նաեւ տարածաշրջանի այլ պետությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի հետ ունեցած իր հարաբերություններից: Այնպես որ՝ մեզ համար որեւէ էական փոփոխություն մոտակա ամիսների ընթացքում, իմ կարծիքով, չի լինի:

Ընդհանրապես, որեւէ փոփոխություն ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ առաջիկա կես տարվա մեջ դժվար է ակնկալել՝ Թրամփի վարչակազմին որոշ ժամանակ կպահանջվի, ընտրված նախագահի նախընտրական հայտարարությունները հնարավորինս իրականությանը համապատասխանեցնելով, հստակեցնել ԱՄՆ նոր արտաքին քաղաքական ծրագիրը եւ քայլերը: Հետագայում, կախված նաեւ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների զարգացումից, հնարավոր է մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի ներգրավվածության որոշակի թուլացում, ինչը բացասաբար կանդրադառնա թե Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների եւ թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այս առումով այսօր առավել կարեւոր է, թե ինչպես Հայաստանը կդրսեւորի իրեն, ինչպես կաշխատի Թրամփի վարչակազմի հետ եւ ինչքանով կկարողանա ապահովել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա, մեզ համար հնարավորինս բարենպաստ ընթացքը:

– ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մակարդակով մի քանի անգամ Ռուսաստանին դիմագրավելու, սպառնալիքներից պաշտպանվելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարություններ են արվել: Այս լարումը որքա՞ն կարող է շարունակվել: Սառը պատերա՞զմ է սա, թե՞, այնուամենայնիվ, կամուրջներն այրված չեն:

– Չեմ կարծում, որ Ռուսաստանի ներկայիս իշխանությունների օրոք այդ լարումը վերանա եւ ՌԴ-ՆԱՏՕ, Արեւմուտք հարաբերությունները վերադառնան նախկին ձեւաչափին: Այս լարվածությունը տվյալ ժամանակաշրջանում համապատասխանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա վարչակազմի քաղաքական շահերին եւ օգտագործվում է նրանց կողմից նախ եւ առաջ՝ բազմաթիվ ներքին տնտեսական եւ քաղաքական խնդիրները լուծելու կամ քողարկելու նպատակով: Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված, ՌԴ-ի ինքնիշխանության եւ ինքնության վրա ոտնձգություններ կատարող արտաքին աշխարհի եւ դրան դիմակայող եւ արդարության համար պայքարող ՌԴ-ի իշխանությունների կերպարը, որը անխափան գործում է բնակչության որոշակի խավի վրա եւ ապահովում ՌԴ նախագահի բարձր վարկանիշը, անհրաժեշտ է վերջինիս իշխանությունը պահելու համար: Սա նաեւ հնարավորություն է տալիս «թշնամիների» ոտնձգությունների դեմ պայքարի պատրվակով այս կամ այն ձեւով ճնշումներ գործադրել այլախոհության եւ քաղաքական ընդդիմության դեմ, համապատասխանաբար խստացնել օրենսդրությունը, անտեսել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության պետական պարտավորությունը:

Ինչ վերաբերում է Սառը պատերազմին, ապա իմ կարծիքով՝ մենք արդեն մի քանի տարի ապրում ենք Սառը պատերազմի պայմաններում: Ե՛վ վերջին տարիների հռետորաբանությունը, ե՛ւ աճող ռազմական ծախսերը ու սպառազինությունների վերսկսված մրցավազքը, ե՛ւ ներկայումս ընթացող ուկրաինական եւ սիրիական հակամարտություններում ուղղակի կամ անուղղակի հակառակ դիրքերից հանդես գալը ու պատերազմելը, փոխադարձ պատժամիջոցները, այս ամենը Սառը պատերազմի վառ դրսեւորումներ են: Բնականաբար, ներկայիս Սառը պատերազմը տարբերվում է նախկինից, քանի որ փոխվել է աշխարհը, սակայն հարաբերությունների էությունը դրանից չի փոխվում: Կամուրջները մինչեւ վերջ չայրվեցին եւ նախորդ Սառը պատերազմի ընթացքում, այրված չեն նաեւ ներկայումս, եւ, հաշվի առնելով աշխարհի պետությունների փոխկապակցվածության ու փոխկախվածության աստիճանը, կարծում եմ, որ դրանք կգործեն նաեւ ապագայում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 16.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930