Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը կարող է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ՝ լուծելով ԼՂ հակամարտությունը. Washington Times

Հունվար 23,2017 12:05

Արդյոք նախագահ Օբաման արժանի էր Նոբելյան Խաղաղության մրցանակի, որին արժանացավ ԱՄՆ 44-րդ նախագահ ընտրվելուց հետո կարճ ժամանակ անց, կդատի պատմությունը: Մինչդեռ նախագահ Թրամփը պատմական հնարավորություն ունի իրապես վաստակելու այդ պատվավոր մրցանակը՝ գործարքներ կնքելու իր վարպետությունն օգտագործելով աշխարհի ամենաբարդ հակամարտություններից մեկը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ «սառեցված հակամարտությունը» լուծելու համար, ամերիկյան հեղինակավոր The Washington Times պարբերականում գրում է Ռոբ Սոբհանին:

Թրամփի և ազգային անվտանգության հարցերով նրա թիմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հստակ ազդանշան կտա առ այն՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դառնալ ԱՄՆ-ի գործընկերը հակամարտությունների լուծման միջազգային թատերաբեմում, թե նա նախընտրում է շահարկել աշխարհում թեժ կետերը՝ իր ռազմավարական նպատակներին հասնելու համար, կարծում է հեղինակը

Սոբհանին կարծում է, որ հակամարտության լուծումը գտնվում է Պուտինի ձեռքում, քանի որ Ռուսաստանը հսկայական ազդեցություն ունի Հայաստանի վրա: «Մոսկվան Հայաստանը համարում է իր սեփական ֆորպոստը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և էներգառեսուրսներով հարուստ Կասպից ծովի տարածաշրջանում: Հայաստանը և Ադրբեջանի պահելով «սառեցված հակամարտության» վիճակում՝ Պուտինը լուծում է իր կարճաժամկետ խնդիրները՝ թույլ չտալով Ադրբեջանին բնական գազ արտահանել եվրոպական շուկա, այդպիսով Եվրոպան կախվածության մեջ պահելով ռուսական գազից: Ռուսաստանի դաշնակից Հայաստանի և ԱՄՆ-ի վստահելի գործընկեր Ադրբեջանի միջև արագ հաշտություն պարտադրելով՝ նախագահ Թրամփը կարող է շատ արագ պարզել՝ արդյոք Պուտինը խաղաղարար է, թե ինչպես նրա քննադատներն են պնդում՝ ապակայունացնող ուժ ամբողջ աշխարհում»,- գրում է Սոբհանին:

Հեղինակը նշում է, որ թեև Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են, որի առաջ խնդիր է դրված լուծել այդ հակամարտությունը, Ռուսաստանը «ոչ միայն բազմիցս սաբոտաժի է ենթարկել հակամարտության լուծման փորձերը, այլև ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին այդ երկարատև հակամարտության մեջ»: Իսկ այդ ընթացքում, հոդվածագիրը նշում է, որ Վաշինգտոնը չափազանց զբաղված էր Մերձավոր Արևելքով, որպեսզի առաջատար դեր ստանձներ Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար:

«Մինչդեռ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արժանի են հարատև խաղաղության,- գրում է Սոբհանին:- Պարոն Թրամփը կարող է նոր սկիզբ տալ հայ և ադրբեջանցի ժողովրդի այս երազանքին՝ գլխավորելով առողջ դիվանագիտական նախաձեռնություն, որը կհանգեցնի կայուն խաղաղության, և որն ազնիվ է երկու կողմերի նկատմամբ էլ: Պարոն Թրամփի փորձը ազդանշան կլինի աշխարհին առ այն, որ Ամերիկան վերադարձել է աշխարհում կայունություն պահպանելու գործին»:

Հոդվածագիրը նշում է, որ լուծելով Ղարաբաղյան հարցը՝ Թրամփը նաև «բարձր ու հստակ» ազդանշան կուղարկի աշխարհին առ այն, որ «ԱՄՆ-ը կանգնած է իր դաշնակիցների կողքին, ինչպիսին որ Ադրբեջանն է», քանի որ, հեղինակի կարծիքով՛ «ամբողջ մեծ Մերձավոր Արևելքում պարոն Թրամփը չի գտնի առավել վստահելի գործընկեր, քան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»:

Որպես հնարավոր լուծում՝ Սոբհանին առաջարկում է «հայկական զորքերի անվերապահ դուրսբերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից», որի դիմաց Ադրբեջանը պետք է համաձայնի Եվրոպա գազ արտահանել Հայաստանի տարածքով: Բացի այդ, կողմերը պետք է համաձայնեն Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ամենաբարձր մակարդակին, և այդ տարածքում պետք է տեղակայվեն ամերիկացի, ֆրանսիացի և ռուս խաղաղապահներ: Հեղինակը կարծում է, որ դա հիմք կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների զարգացման (օրինակ Հայաստանի տարածքով գնացք դեպի Նախիջևան), ինչպես նաև Հայաստանում «հուսալի և անվտանգ» ատոմակայան կառուցելու շուրջ ֆրանկո-ռուս-ամերիկյան գործընկերության համար:

Սոբհանին կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի ներսում ներքին աջակցություն ունի, և մնում է միայն, որպեսզի Թրամփը համոզի Պուտինին՝ ստիպել Հայաստանին հակամարտության այդպիսի կարգավորում:

«Հաշվի առնելով Հայաստանի ողբերգական անցյալը՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը պետք է հստակ ցույց տան հայ ժողովրդին, որ երբեք մեջքով չեն շրջվի Երևանին: Ներկայացնելով հստակ, սեղմ և ամբողջությամբ ֆինանսավորվող հետպատերազմյան տնտեսական վերականգնման փաթեթ՝ պարոն Թրամփը կարող է ճանապարհային քարտեզ ներկայացնել պարոն Պուտինին՝ ցույց տալով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը բխում է բոլորի շահերից»,- գրում է Սոբհանին:

Հոդվածի վերջում հեղինակը հիշեցնում է Հոլոքոստ վերապրած Էլի Վիզելի խոսքերն այն մասին, որ «խաղաղությունն Աստծո պարգևը չէ իր արարածներին, խաղաղությունը մեր պարգևն է միմյանց»: Հոդվածագիրը վստահ է, որ հանդես գալով որպես ամբողջ աշխարհի առաջնորդ՝ Թրամփը կարող է «խաղաղության պարգևը շնորհել Հայաստանին ու Ադրբեջանին և ինքն էլ արժանանալ վաստակած Խաղաղության Նոբելյան մրցանակի»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031