Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ահավոր չափազանցություն է». ՀՀԿ-ական պատգամավորը` ՀՀ-ի` ոստիկանական պետության վերածվելու մասին

Փետրվար 01,2017 18:21

«Դա ահավոր չափազանցություն է ու անտեղի է»,-ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանն այսպես մեկնաբանեց այն փաստը, որն ամրագրված է «մարդու իրավունքները Հայաստանում 2016» զեկույցում համապատասխան որի` ՀՀ-ն վերածվում է ոստիկանական պետության:

Նշենք, որ զեկույցում նշված է. «Թեև 2016 թվականը համապետական ընտրությունների տարի չէր, այնուամենայնիվ, այն զերծ չմնաց քաղաքաիրավական ցնցումներից և մարդու իրավունքների զանգվածային խախտումներից:  Ինչպես և նախորդ քաղաքական ճգնաժամերի ընթացքում, այնպես էլ 2016 թ. հուլիսյան դեպքերի ժամանակ, առանց օրենքով արտակարգ դրություն հայտարարելու, Հայաստանում դադարում են գործել տարրական իրավունքներն ու օրենքները, և Հայաստանը, կարծես, վերածվում է ոստիկանական պետության»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի պատրաստած զեկույցի ընտրական իրավունք բաժնում կան մի շարք մտահոգություններ հատկապես նոր Ընտրական օրենսգրքում ամրագրված դրույթների հետ կապված:

Զեկույցում նշված է. «Միաժամանակ նոր ԸՕ-ով սահմանափակումներ սահմանվեցին դիտորդների և զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) ներկայացուցիչների նկատմամբ, ամրագրվեց, որ ընտրական հանձնաժողովը ձայների 2/3-ով իրավասու է հանձնաժողովի նիստից կամ տեղամասային կենտրոնից հեռացնել դիտորդին, ԶԼՄ ներկայացուցիչներին, եթե համարում է, որ դիտորդը կամ ԶԼՄ ներկայացուցիչը խախտել է ԸՕ-ի պահանջները, ինչպես նաև սահմանափակել քվեարկության սենյակում միաժամանակ գտնվող դիտորդների և լրագրողների առավելագույն թիվը մինչև 15-ի 8, 9»: Մյուս մտահոգությունը վերաբերում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության քրեականացման հարցին:

Զեկույցում կա հետևյալ մտահոգությունը. «2016 թ. հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովում քննարկվեց ընտրակեղծիքի մասին սուտ մատնության քրեականացման հարցը, որի շուրջ ԱԺ հինգ խմբակցությունների (ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ԲՀԿ և ՀԱԿ) ձեռք բերված համաձայնությամբ նախատեսվում է սահմանել 200-800 հազար դրամ տուգանք կամ մինչև 2 տարի ազատազրկում ինչպես դիտավորյալ, այնպես էլ անփութությամբ կատարված արարքի համար: Սույն դրույթը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:

Ընտրակեղծիք նկատած անձը կամ դիտորդը կզգուշանա այդ մասին հայտնել, հաշվի առնելով Հայաստանի դատաիրավական համակարգի ոչ անկախ լինելը: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը գնում է ոչ թե ընտրական գործընթացները բարելավելու, այլ հանրությանը լռեցնելու ճանապարհով»:

Մեր այն հարցին` ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում զեկույցում ամրագրված մտահոգությունները քննարկվե՞լ են, լուծման ի՞նչ առաջարկներ կան, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց` հիշեցնելով, թե ժամանակին Ընտրական օրենսգիրքը միաձայն է ընդունվել. «ԸՕ-ն վերջնականապես ընդունվել է աշնանը և այն ընդունվել է կոնսենսուսով: Գրեթե բոլորը` մեկ-երկու հոգի է ձեռնպահ եղել, ամբողջ հանձնաժողովը կոնսենսուսով ընդունել է այդ փաստաթուղթը: Այնպես որ` այդ մտահոգություններն անտեղի են, որովհետև եթե նմանատիպ խնդիր լիներ, մեր ընդդիմադիր գործիչները հաստատ «դեմ» կքվեարկեին»:

Լրագրողների նկատմամբ բռնությունները, հատկապես վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ ևս տեղ են գտել զեկույցում: Մասնավորապես ամրագրված է. «ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրվել է (ըստ ԽԱՊԿ-ի) լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ աշխատանքի խոչընդոտման 4 դեպք, որից երկուսը զուգորդվել են ֆիզիկական բռնությամբ»:

Պարոն Մարտիրոսյանը հորդորեց դիտարկել և նշել կոնկրետ փաստեր: Տեղեկացրինք, որ զեկույցում ամեն ինչ փաստված է, ներկայացված են կոնկրետ փաստեր` անուն առ անուն: ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Եթե փաստեր կան, դա մտահոգիչ է: Եթե լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել, դա, անկասկած, մտահոգիչ է, բայց ամեն կոնկրետ դեպք պետք է առանձին-առանձին դիտարկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728