Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պատրաստել խնձորի քացախ

Փետրվար 27,2017 12:30

Ամերիկացի հայտնի բուսաբույժ Ս. Ջարվիսի գրած «Մեղրը եւ ուրիշ բնամթերքները» գրքում առանձնակի ուշադրություն է դարձվում նրա կողմից առաջարկվող մեղրի եւ խնձորի քացախի համադրությանը: Այն լայն ճանաչում է ունեցել Միացյալ Նահանգներում: Նա քացախով բուժել է բազում հիվանդություններ, ինչպիսիք են քրոնիկ գաստրիտը, լեղապարկի բորբոքումը, արյան բարձր ճնշումը, աղերի կուտակումը, հոդաբորբը եւ այլն:

Արտաքին բուժման համար օգտագործվել է թարախակալած վերքերի, երակների լայնացման, մաշկային բորբոքվածության, սնկային հիվանդության, եղունգների սնկային հիվանդության, ինչպես նաեւ գիշերային քրտնարտադրության կանխման եւ այլ խնդիրների դեպքում: Խնձորի քացախի բուժական ազդեցությունը կայանում է նրանում, որ այն փոխում է ալկալային հակազդումը օրգանիզմի վրա, դեպի թթու կողմը:
Տնային պայմաններում խնձորի քացախ պատրաստելու համար անհրաժեշտ է նախատեսված խնձորները լավ լվանալ, հեռացնել փտած կամ որդնած հատվածները, այնուհետեւ աղալ կամ անցկացնել խոշոր քերիչով, օգտագործելով նաեւ միջուկը ու կեղեւը:

Խնձորի այս հում խյուսը լցնել իր տարողությամբ խնձորի քանակին համապատասխանող լայն անոթի մեջ: Ավելացնում են նախապես եռացրած գոլ ջուր՝ 0,5 լիտր ջուր 0,4 կիլոգրամ խնձորի խյուսին: Ջրի յուրաքանչյուր լիտրին ավելացնել 100 գրամ մեղր կամ շաքար, ինչպես նաեւ 10-ական գրամ թթխմոր եւ 20-ական գրամ չոր սեւ հաց՝ քացախաթթվային խմորումը արագացնելու համար:
Այս խառնուրդով լցված անոթը պահել բաց՝ +20-+30 ջերմաստիճան ունեցող սենյակում: Քացախաթթվային խմորմանը նպաստում է աննշան քանակությամբ սպիրտ պարունակող հեղուկը՝ 20 տոկոսից պակաս շաքարային նյութեր, հնարավորին չափ կայուն ջերմաստիճան՝ +20 աստիճան:

Քացախ պատրաստելու համար տարան պետք է լինի ապակուց, փայտից, էմալապատ կամ կավից:

Տարան պահվում է մութ տեղում՝ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից հեռու, քանի որ դրանք արգելակում են խմորման պրոցեսը: Առաջին 10 օրն անոթը պահում են համեմատաբար տաք տեղում, օրական 2-3 անգամ փայտե գդալով խառնելով խյուսը: Այնուհետեւ խյուսը տեղափոխել մառլյայի տոպրակի մեջ եւ քամել: Ստացված հյութը նորից անցկացնել մառլյայով, որոշել քաշը եւ լցնել լայն բերանով անոթի մեջ: Կարելի է հյութի յուրաքանչյուր լիտրին ավելացնել 50-100 գրամ մեղր կամ շաքար՝ խառնելով մինչեւ լիակատար համասեռ զանգված դառնա:

Ֆերմենտացիայի երկրորդ շրջանում անոթի բերանը փակել մառլյայով եւ նորից տեղադրել որեւէ տաք տեղում՝ խմորման ընթացքը շարունակելու համար: Խմորումը կարելի է համարել ավարտված, երբ հեղուկը հանդարտվի եւ պարզվի:
Կախված հյութի համապատասխան պատրաստումից, ջերմաստիճանից, խնձորի քացախը պատրաստ կլինի 40-50 օր հետո: Այնուհետեւ այն տարայից կարելի է դատարկել շշերի մեջ, զտելու նպատակով նորից քամել եւ շշերն ամուր փակել խցաններով, պահել հով տեղում:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

25,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728