Լրահոս
Օրվա լրահոսը

Մանր-մունր խնդիրները պատճառ չեն ստվեր նետելու ողջ գործընթացի վրա. «Հայոց Աշխարհ»

Մարտ 01,2017 11:28

Խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված նախընտրական իրողություններին եւ դրանց վերաբերյալ շրջանառվող տարաբնույթ մեկնաբանություններին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ

-«Ռեյտինգային» թեկնածուների միջեւ վերջին շրջանում սկսված «սրացումներն» առիթ դարձան, որ ընդդիմադիր ուժերը եւս մեկ անգամ բողոքեն Ընտրական օրենսգրքում ամրագրված համամասնական ընտրակարգից։

-Նոր Ընտրական օրենսգիրքն այն եզակի փաստաթուղթն է Հայաստանի նորագույն պատմության մեջ, որ ընդունվել է բացարձակ կոնսոլիդացիայի պայմաններում։ Այստեղ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը շատ մեծ լումա են ներդրել, եւ անշնորհակալ գործ է՝ առանձին բացասական դրսեւորումների պատճառով ստվեր նետել ընտրական ողջ գործընթացի վրա։

Մի գործընթացում, որտեղ ներգրավված է հազարից ավելի սուբյեկտ՝ տարբեր կուսակցությունների տարածքային թեկնածուներ, բնականաբար, միշտ կարող են առաջանալ մանր-մունր խնդիրներ։ Կա՞ որեւէ երկիր, որտեղ ընտրություններին 1000-ից ավելի թեկնածու է մասնակցում, եւ այնտեղ խնդիրներ չեն լինում։ Այդ հազարից ավելի թեկնածուներն ունեն հարյուր հազարավոր կողմնակիցներ, եւ չի բացառվում, որ մեկ-երկուսի միջեւ խոսքուզրույց լինի։ Չի՛ կարելի դա դարձնել դրոշ եւ փորձել արժեզրկել ամբողջ գործընթացը։

Մի մասը դա անում է ուղղորդված, որպեսզի միանգամից ջուրը նետի այն հսկայական աշխատանքը, որ արել ենք ընդդիմության մեր գործընկերների հետ համատեղ, մի մասն էլ՝ չգիտակցված, ընկնելով այդ հոսանքի տակ։

-Մտահոգիչ չէ՞, որ խնդիրներ են առաջանում ոչ միայն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, այլեւ հանրապետական թեկնածուների միջեւ։ Կուսակցությունը չի՞ «վերահսկում» իր թեկնածուներին։

-Շատ լավ վերահսկում ենք։ Մենք ազատ մրցապայքարի կողմնակից ենք, համարում ենք, որ կուսակցության ներսում եւս պետք է լինի ազատ ներքին մրցակցություն։ Ի՞նչ վատ բան կա դրանում։

-Այո, բայց այդ մրցակցությունը երբեմն չափից ավելի սուր դրսեւորումներ է ունենում. մամուլը հեղեղված է տարբեր ընտրատարածքներում հանրապետական թեկնածուների միջեւ ահագնացող հակասությունների, բախումների վերաբերյալ լուրերով։

-Ոչ մի բախում չի եղել։ Երկու թեկնածուների կողմնակիցներ՝ տաքգլուխ երիտասարդներ, իրար չեն հասկացել։ Մամուլը ուռճացնում է ամեն ինչ՝ սենսացիաներ փնտրելով։ Մենք 133 տարածքային թեկնածու ենք առաջադրել, այդ 133-ից երկուսի կողմնակիցների միջեւ խոսակցություն է եղել։ Արդյոք դա հի՞մք է տալիս ասելու, որ Ընտրական օրենսգիրքն իրեն չի արդարացնում, ընտրական համակարգում ներդրված ականները պայթում են եւ այլն։
Ի վերջո, բոլորիս նպատակը մեկն է՝ մեր բոլոր թեկնածուներն առաջադրվել են նրա համար, որ Հանրապետական կուսակցությանը հնարավորինս շատ ձայն բերեն։ Եթե մեկը շատ ձայն է հավաքում, այդ ձայները գնում են կուսակցությանը՝ բոլորս նույն գործն ենք անում։

-Համաձա՞յն եք, որ փողի գործոնն աննախադեպ մեծ դերակատարություն է ունենալու այս ընտրություններում։

-Դրանք հեքիաթներ են։ Եթե նկատի ունեք ընտրակաշառքների մասին խոսակցությունները, ապա այդ խոսակցությունները վերաբերում են ոչ միայն Հանրապետականին. բոլորի մասին էլ խոսում են, եթե ոչ բոլորի, ապա՝ մեծամասնության։
Երկրորդ՝ այս փուլում ընտրակաշառքների մասին խոսելն ընդհանրապես անլուրջ է. ով ընտրական գործընթացի մեջ եղել է, շատ լավ հասկանում է, որ ընտրություններից երկու ամիս առաջ կաշառք չեն բաժանում. դա ուղղակի անիմաստ է։

Երկրորդ՝ այնտեղ, որտեղ ընդդիմությունը հաղթում է, ասում են՝ մաքուր ընտրություններ են եղել, որտեղ իշխանությունն է հաղթում, ասում են՝ կաշառք են բաժանել։ Այդպես չի լինում։ Թող մի հատ կողմնորոշվեն։

Որ Վանաձորում Մարուքյանը շատ ձայն ստացավ, կամ երեք քաղաքական ուժերով 50 գումարած 1 տոկոս հավաքեցին, ընտրակաշառքը չի եղել, մնացած տեղերում եղե՞լ է։ Եթե Հանրապետականը վատն է, կաշառք է տալիս, ամեն տեղ պիտի տա, եթե չի տալիս՝ ուրեմն ոչ մի տեղ չի տալիս. կաշառքով լիներ՝ ամեն տեղ կտայինք, 90 տոկոս կհավաքեինք։ Իզուր չեն ասում՝ հաղթանակը բոլորինն է, պարտությունը որբ է։

Իհարկե, չեմ բացառում, որ տարբեր կուսակցություններում կարող են լինել մարդիկ, որոնք կփորձեն կաշառել ընտրողներին, բայց կաշառքը, կոռուպցիան կուսակցական պատկանելություն չունեն։ Դրա համար կան իրավապահ մարմիններ։
Ոստիկանապետը տարբեր մարզերում խորհրդակցություններ է իրականացնում, այսօր Լոռու մարզում էր։ Եթե կա կոնկրետ փաստ, ի՞նչ խնդիր է՝ արձանագրել այդ փաստը, նկարել՝ թեկուզ հեռախոսով, ներկայացնել իրավապահ մարմիններին, որպեսզի իրավապահ մարմինները դրանով կզբաղվեն։ Հո ասելով չի։ Ասելով լիներ՝ մենք էլ շատ բան կարող ենք ասել շատերի մասին։

-Լրատվամիջոցների տեսադաշտից չեն վրիպել նաեւ այս ընթացքում տեղի ունեցած «դիֆուզիոն գործընթացները»՝ ՀՀԿ-ից ԲՀԿ եւ հակառակ ուղղությամբ։ Դուք սա նորմա՞լ եք համարում։

-Քաղաքականությունը հնարավորի արվեստ է՝ այստեղ ամեն ինչ հնարավոր է։ ԲՀԿ-ից հեռացածները, որ այսօր ՀՀԿ-ի ցուցակով են առաջադրվել, այն մարդիկ են, որոնք երկու տարի առաջ են ԲՀԿ-ից դուրս եկել, այսինքն՝ այնպես չէ, թե մի գիշերում հանրապետական են դարձել. փետրվարյան հայտնի դեպքերից հետո դադարեցրել են անդամակցությունն այդ կուսակցությանը, դարձել անկուսակցական, խորհրդարանում համագործակցել են մեզ հետ եւ, համագործակցությունն արդյունավետ համարելով, ընդգրկվել մեր ցուցակում։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից հեռացածներին, եթե չեմ սխալվում, մի հոգի է առաջադրվել ԲՀԿ ցուցակով՝ Կարինե Պողոսյանը։ Հովիկ Աբրահամյանը ցուցակում չկա՝ իր որդին է ընդգրկվել ԲՀԿ ցուցակում։ Այնպես որ, խնդիր չեմ տեսնում. մենք որեւէ մեկի կամքի վրա չենք բռնացել եւ չենք բռնանում. իրենց իրավունքն է՝ իրենք են որոշում, ում ցուցակով եւ ինչպես մասնակցել ընտրություններին։

-Նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի կողմից «իր» ընտրատարածքում կիրառվող բիրտ մեթոդների մասին նախօրեին ահազանգեց նաեւ ձեր կոալիցիոն գործընկերը՝ ասելով, որ Բ.Առաքելյանը խնդիրներ է առաջացնում նաեւ իրենց թեկնածուի համար։

-Ես խոսել եմ Բազմասեր Առաքելյանի հետ, ինքն ասում է, որ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես ներկայացված է մամուլում։ Կարծում եմ՝ դա ընդամենը Էպիզոդիկ մի դրսեւորում է, որ պետք է փակենք եւ շարժվենք առաջ։

Ամեն դեպքում, մեր դիրքորոշումը հստակ է. բոլոր մասնակիցները, առաջին հերթին՝ մեր թեկնածուները, պետք է հնարավորինս պահպանեն կոռեկտությունը եւ օրենքի գերակայությունը։ Սա մեզ համար գերխնդիր է, որովհետեւ նախ եւ առաջ մենք ենք, որպես իշխանություն, պատասխանատվություն կրում ընտրությունների որակի համար։

 

 Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031