Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը մտադիր է օրենքը փոխել, որպեսզի Սեւանից ավելի շատ ջուր բաց թողնվի

Մայիս 03,2017 21:26

2017 թվականին  շրջանում  Սեւանա լճից ջրառի չափաքանակ կսահմանվի մինչեւ 170 միլիոն խ/մ ջուր:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգից: Որոշման հիմնավորման մեջ նշված է, Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2017-ին ոռոգման շրջանում, մայիսի 2-ի դրությամբ ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը 39 հազար հեկտար է, ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում եւ Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչեւ Երեւանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի 531 մլն մ3:

«Տարիների փորձը ցույց է տալիս, որ լճից, 170 մլն մ3 ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացնելու համար անհրաժեշտ է լինում Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող հողատարածքները սնող պոմպակայաններով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրություն իրականացնել՝ ինչը բերում է բյուջեով չնախատեսված նոր ֆինանսական պարտավորություններ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար: Բացի նշվածից՝ լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի եւ ջրամատակարարման համակարգի նկատմամբ այլընտրանք չունի Սեւան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման ջրանցքների իշխման տակ ընկած Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի բարձրադիր գոտիների շուրջ 10 հազար հա հողատարածքների ոռոգումը, ինչը օրենքով սահմանված մինչեւ 170 մլն մ3 ծավալներով բացթողումների դեպքում թերոռոգվում է»,-գրված է նախագծի հիմնավորման մեջ:

Պահանջարկի եւ ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի տարբերությունը, ինչպես գրված է նախագծում, կազմում է 300 մլն մ3,  մինչդեռ օրենքով սահմանված չափաքանակը 170 մլն մ3  է:

Կառավարություն ներկայացրած փաստաթղթում մի ուշագրավ բան էլ կա, որոշման հեղինակները վստահեցնում են, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով եւ մեխանիկական ջրարտադրությամբ պայմանավորված, 01.01.17թ. դրությամբ ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների կրեդիտորական պարտքը կազմել է 3.66 մլրդ դրամ. «Լճից 2017թ. ոռոգման նպատակով  170,0 մլն մ3  չափաքանակ սահմանելու դեպքում, մեխանիկական ջրարտադրության պարագայում, ըստ կանխատեսումների տարեվերջին այն կավելանա եւս 1.2 մլրդ դրամով»:

Որոշման նախագծով նախատեսվում է մեկամսյա ժամկետում մշակել եւ սահմանված կարգով կառավարության հավանությանը ներկայացնել «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ:

«Համահայկական բնապահպանական ճակատի» ներկայցուցիչ Լեւոն Գալստյանն Aravot.am-ի զրույցում այս նախագծի վերաբերյալ ասաց. «Ակնհայտ է, որ ուզում են օրենքում փոփոխություն անել ու ավել ջուր բաց թողնելու նախագիծ անցկացնել ԱԺ-ում»։

Այս տարվա ապրիլին «Էկոլուր»-ը տեղեկացրել  էր, որ կառավարությունը ցանկանում է 3 տարվա ընթացքում Սեւանա լճից հավելյալ 1 միլիարդ մ3 ջուր վերցնել: Սա հարուցել է մասնագետների մտահոգությունը, որոնք վստահեցնում են՝ Սեւանա լճի նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է նախապես մանրամասն ուսումնասիրվի, հակառակ դեպքում լիճը վտանգի տակ կդնեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031