Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան Թուլսա-բալետի միակ պրեմիեր պարողը հայ է

Մայիս 24,2017 13:30

«Առավոտը» 26.05.2015թ. համարում ներկայացրել էր 2004-ից Շտուտգարդ-բալետի մենապարող Արման Զազյանին: Հիշեցնենք, որ արվեստագետին 2003թ. Շվեյցարիայում կայացած բալետի երիտասարդ արտիստների մրցույթում նկատել էր Շտուտգարդ-բալետի տնօրեն Ռիդ Անդերսը եւ հրավիրել Ջոն Կրանկոյի բալետի ակադեմիայում ուսանելու: Արմանը դեռեւս սովորում էր Երեւանի պարարվեստի ուսումնարանի վերջին կուրսում, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ:

Բալետի արտիստի արվեստին հայ հանդիսատեսը ծանոթացավ միայն վերջին տարիներին Ազգային օպերային թատրոնում կայացած Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով «Զույգ արեգակներ»-ից, որտեղ նա մարմնավորեց Նարեկացու կերպարը, հետո Արսեն Մեհրաբյանի բեմադրությամբ երկու՝ «Բարեկամություն» անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան) «Եկեք երգենք ու պարենք հանուն համերաշխության» եւ 2014թ. ջազմեն Տիգրան Համասյանի երաժշտությամբ «Հատվող ճանապարհներ» ժամանակակից բալետային մոդեռն ներկայացումներից:

Արման Զազյանը՝ Նարեկացու կերպարում:

Շուրջ 15 տարի Շտուտգարդ-բալետի դասական եւ ժամանակակից մի քանի տասնյակ ներկայացումներում իբրեւ մենապարող հանդես գալուց հետո 2015թ. Արման Զազյանը տեղափոխվել է ԱՄՆ՝ Թուլսա-բալետ (գեղարվեստական ղեկավար՝ Մարչելո Անջելինի) եւ համարվում է այդ խմբի միակ պրեմիեր պարողը:

«Առավոտը» արտիստից հետաքրքրվեց, թե ի՞նչն էր ԱՄՆ տեղափոխվելու պատճառը: «Շտուտգարդ-բալետում հանդես եմ եկել հնարավոր եւ անհնար բոլոր դերապարերով: Ցանկություն ունեի շփվել նաեւ ոչ թե եվրոպական, այլ հենց ամերիկյան բալետի արտիստների, խորեոգրաֆների հետ: Երազանքս էր հանդես գալ Չայկովսկու հայտնի օպերայի երաժշտությամբ ստեղծված «Օնեգին» բալետում՝ Օնեգինի դերապարով, որը աշխարհում բեմադրվել է մեկ անգամ՝ 1969թ., անվանի խորեոգրաֆ Ջոն Կրանկոյի կողմից եւ առայսօր Թուլսա-բալետի խաղացանկում է: Այս բալետը գտնվում է նաեւ Մոսկվայի, Փարիզի եւ այլ հեղինակավոր թատրոնների խաղացանկերում: Ի դեպ, ինձ եւ ապագա կնոջս՝ բալետի արտիստ Ժուլի Մարկեին, հրավիրեց Մարչելո Անջելինին, որը Շտուտգարդ-բալետում անցկացնում էր ՝վարպետության դասեր»,- հայտնեց արտիստը:

Արման Զազյանն ու կինը՝ «Դորթին եւ արքայազնը» բեմադրության մեջ:

Մեր զրուցակցին տեղեկացրինք, որ «Առավոտի» հետ հանդիպումներում արեւմտյան թատրոնների բալետի շատ դեմքեր հավաստիացնում են, որ ցանկացած պրեմիերա ներկայացվում է մի քանի անգամ, ապա, ինչպես ասում են՝ «ծալում-դնում են մի կողմ»՝ անցնելով նոր նախագծերի իրականացմանը: Հարցրինք՝ ինչպե՞ս է, որ «Օնեգին» բալետը մոտ կես դար ամերիկյան բալետի խաղացանկում է:

Արտիստը՝ Օնեգինի կերպարում:

Արման Զազյանը հաստատեց այն, որ իսկապես ցանկացած պրեմիերա, իր խոսքերով՝ պարում են շուրջ տասն անգամ, մեկ թատերաշրջանի ընթացքում բեմադրվում է 4-5 մեծակտավ ներկայացում եւ շուրջ 10 փոքր բեմադրություն: Ինչ վերաբերում է «Օնեգինին», արտիստն ասաց. «Մեկ թատերաշրջան այս կամ այն պրեմիերան, կոնկրետ՝ «Օնեգինը», ներկայացնելուց հետո այն կարող է կրկնվել միայն, ասենք՝ 2 տարի անց, հիմնականում հանդիսականի պահանջով: Այնպես որ, «Օնեգինին»՝ սկսած 1969-ից, պարբերաբար անդրադառնում է Թուլսա-բալետը»:

Զրույցի ընթացքում Արման Զազյանն ասաց նաեւ, որ այս տարի իր խորեոգրաֆիայով Թուլսա-բալետ-2-ում բեմադրվել է Ֆիլիպ Գլասի երաժշտությամբ «Սկանդալը» ներկայացումը: Նաեւ նշեց, որ մամուլի բնորոշմամբ՝ Գլասը համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ կոմպոզիտորներից մեկը, իսկ նրա 3 ֆիլմերի համար գրված երաժշտությունը ներկայացվել է «Օսկարի»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

23.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031