Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հայտնվել է առաջին հորիզոնականում. յուրաքանչյուր 100 հազար բնակչից 230-ը մահանում է օնկոլոգիական հիվանդություններից. «Հայոց աշխարհ»

Հունիս 06,2017 12:02

World Life Expectancy կայքը, որը մոլորակի բնակչության կյանքի տեւողության եւ մահացության վրա ազդող տարատեսակ գործոնների ու հիվանդությունների վերաբերյալ վիճակագրական քարտեզներ է պատրաստում ու հրապարակում, ներկայացրել է քաղցկեղային հիվանդություններից մահացության ցուցանիշը 172 երկրներում։ Հայաստանը հայտնվել է առաջին հորիզոնականում. մեզանում յուրաքանչյուր 100 հազար բնակչից 230-ը մահանում է օնկոլոգիական հիվանդություններից:

Մինչդեռ առողջապահության ոլորտի պատասխանատուները հավաստում են, որ World Life Expectancy-ի տվյալները չափազանցված են. Հայաստանը քաղցկեղային հիվանդությունների պատճառով մահացությունների ցուցանիշով այնքան էլ անհուսալի վիճակում չէ: Առողջապահության ազգային ինստիտուտի առողջապահության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն ԴԻԱՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ տեղեկացմամբ՝ թեպետ վերջին տարիներին չարորակ նորագոյացություններով հիվանդացության եւ մահացության ցուցանիշները մեզանում աճում են, սակայն դա անմիջականորեն Հայաստանի հետ կապված չէ. նման միտում գոյություն ունի ողջ աշխարհում։

Դիանա Անդրեասյանը օնկոլոգիական հիվանդությունների աճը պայմանավորում է նախեւառաջ դրանց ուշ փուլում հայտնաբերելու հանգամանքով՝ ասելով, որ մարդիկ ժամանակին չեն ստուգվում եւ հիվանդությունը վաղ փուլում չի ախտորոշվում, երբ հնարավոր կլիներ արդյունավետորեն պայքարել դրա դեմ: Հայաստանում քաղցկեղով հիվանդների մոտ 60-62%-ը ախտորոշվում է 3-րդ կամ 4-րդ փուլում, ինչը դժվարացնում կամ անհնար է դարձնում բուժումը:

Սակայն վերջին տարիներին մեզանում որոշ խոցելի ուղղություններով ծրագրեր են իրականացվում, որոնք կանանց հնարավորություն են տալիս անվճար ստուգվել մասնավորապես արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով: Այդ ծրագրի շնորհիվ, ըստ ԱՆ մասնագետի, մոտ 20 տոկոսով ավելացել է այն կանանց թիվը, ովքեր ժամանակին հետազոտվել են եւ նրանցից շատերին հաջողվել է կանխել հիվանդության հետագա զարգացումը:

Քաղցկեղային հիվանդությունների աճը մասնագետը պայմանավորում է նաեւ ծխախոտի ազդեցությամբ, ֆիզիկական թերակտիվությամբ, ճարպակալմամբ, սխալ սննդակարգով: Հիմնականում մեծ է թոքի քաղցկեղից տղամարդկանց հիվանդացությունն ու մահացությունը: Ըստ վիճակագրական տվյալների՝ թոքի քաղցկեղից մահանում է բոլոր հիվանդների 50-53 %-ը, ինչը պայմանավորված է մեզանում չափահաս տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործմամբ: Հայաստանում չափահաս տղամարդկանց ամեն երկրորդը ծխում է:

Տղամարդկանց մահացության տեսանկյունից երկրորդ տեղում են շագանակագեղձի, լյարդի, ստամոքսի, հաստ աղիքի քաղցկեղները: Կանանց շրջանում հիմնականում ի հայտ են գալիս կրծքագեղձի, արգանդի մարմնի, արգանդի պարանոցի, ստամոքսի, հաստ աղիքի չարորակ գոյացություններ:

Հատկապես վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում աճել են ստամոքսաղիքային քաղցկեղով հիվանդացության ու մահացության դեպքերը, ինչի պատճառը, Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԻ հավաստմամբ, վտանգավոր սնունդն ու ջուրն են, որոնց մեջ մետաղների եւ թունավոր նյութերի զգալի բարձր քանակությունը տարբեր հիվանդություններ են առաջացնում:

Թագուհի Ասլանյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930