Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունեցել ենք երիտասարդ մի աղջիկ, որի մոտ 15 տարեկանում հայտնաբերվել է կոկորդի քաղցկեղ». Արամ Բադալյան

Հունիս 06,2017 14:00

Երիտասարդ բժիշկները դրական են գնահատում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի այն հայտարարությունը, թե այս տարի օրենսդրական խիստ փոփոխություններ են լինելու, ինչի արդյունքում արգելվելու է ծխելը հասարակական վայրերում:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը վիրաբույժ, ուռուցքաբան, բ. գ. թ., «Արթմեդ» բժշկական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արամ Բադալյանը նկատեց՝ հայկական մենթալիտետն այնպիսին է, որ ոչ մի խստություն իր ուժը չի ունենում, մինչև չես ազդում գրպանին. նույնն էլ կլինի ծխելու պարագայում:

Ըստ Արամ Բադալյանի՝ պետք է բարձրացնել ծխախոտի գինը: Նա փաստեց, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում հասարակական, աշխատանքի, մեծ թվով բնակչության կուտակման վայրերում ծխելն արգելված է: Վիրաբույժ, ուռուցքաբանն անկեղծացավ, թե ինքը չի հաճախում այնպիսի հասարակական վայրեր, որտեղ ծխելն արգելված չէ:

Արամ Բադալյանը զգուշացրեց, որ ծխելու բացասական հետևանքների թիրախը նաև երեխաներն ու երիտասարդներն են, որոնք պասիվ ծխողներ են:

Անդրադառնալով ծխելու վնասակար հետևանքներին՝ պարոն Բադալյանն ասաց. «Քաղցկեղն ախտահարում է ոչ միայն տարիքով մարդկանց, այլև երիտասարդներին: Ունեցել ենք երիտասարդ մի աղջիկ, որի մոտ 15 տարեկանում հայտնաբերվել է կոկորդի քաղցկեղ: Նա եղել է պասիվ ծխող: Այստեղ կա նաև մանկական գործոնը. երեխաները կամ պատանիները, որոնք նման խնդրի առաջ կարող են կանգնել՝ տուժելով մեծահասակների ծխելուց: Նշեմ նաև, որ ըստ վիճակագրության՝ կոկորդի քաղցկեղով հիվանդների 98 տոկոսը մոլեգին ծխողներն են»:

Արամ Բադալյանը վստահ է, որ այս հարցում համալիր գործողություններ պիտի լինեն, որ հասարակական վայրերում արգելվի ծխելը, նույնիսկ ծխախոտի գինը պետք է բարձրանա:

Հարցին՝ արդյոք ծխախոտի գնի բարձրացումը սթրեսային վիճակի մեջ չի՞ գցի ծխողների մի որոշ խմբի, պարոն Բադալյանը պատասխանեց. «Մտածում եմ, որ դա կլինի սթրեսային: Միջին ապահովվածության բնակչության մի հատված ծխում է, ուստի որ ծխախոտը թանկանա, նրանք ստիպված կլինեն կամ ծխախոտ գնել, կամ ավելի քիչ չակերտավոր հաց տանել տուն: Բնականաբար՝ ավելի քիչ կծխեն»:

Նյարդաբան «SIRMED» բժշկական կենտրոնում, Երիտասարդ  բժիշկների համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի» ծրագրի համակարգող, Նյարդաբանների հայկական ասոցիացիայի անդամ, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի անդամ Անուշ Գասպարյանի կարծիքով՝ սթրեսը կլինի ժամանակավոր, ու դա հաստատ ավելի վատ ազդեցություն չի ունենա, քան մարդիկ շարունակեն տարիներով ծխել:

Նյարդաբանը միանշանակ պնդում է, որ ծխախոտը արդեն խնդիրներ ու ցավ ունեցող անձի մոտ բարձրացնում է ցավային շեմը. «Եթե վերագրենք, որ նյարդաբանական ամենամեծ խնդիրը ցավն է, ապա այն անձը, որն ունի ցավ, իրավունք չունի ծխելու, քանի որ ծխախոտը բարձրացնելու է ցավային շեմը: Ցանկացած հիվանդության ռիսկի գործոններից մեկը համարվում է ծխախոտը: Միայն Պարկենսոնի հիվանդությունն է, որն ունեցողները, եթե ծխելով են մեզ մոտ գալիս, ապա միայն նրանց չենք հորդորում դադարեցնել ծխելը»:

Ուռուցքաբան, բ.գ.թ., «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանն աբսուրդ է համարում քննարկել ծխել, թե ծխելը: Ըստ նրա՝ դա նույնն է, ինչ քննարկել արժե օգտագործել թմրամիջոցներ, թե՝ ոչ. «Նույնիսկ թմրամիջոցներից քաղցկեղ չի առաջանում, բայց ծխելուց առաջանում է: Ցավոք, եթե ծխող մարդը գալիս է մեզ մոտ քաղցկեղ ախտորոշմամբ, մենք չենք կարող ծխախոտը հանել, արդեն ուշ է: Ցավոք, քաղցկեղի ախտորոշումից հետո ծխախոտից հրաժարվելը շատ ուշ է: Դա պետք է ժամանակին դադարեցնել»:

Լևոն Բադալյանը հատկապես շեշտեց տղամարդկանց մոտ մեծ տարածում ունեցող թոքի քաղցկեղը, որով ախտահարվում են հիմնականում ծխող տղամարդիկ: Ուռուցքաբանը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ. «Տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղը ամենատարածվածն է, քանի որ հիմնականում ծխողները տղամարդիկ են: Տարեկան միջինը թոքի քաղցկեղի 1400 նոր դեպք է գրանցվում, որից մոտ 90 տոկոսը ծխախոտ օգտագործելով է պայմանավորված: Ստացվում է, որ թոքի քաղցկեղ ախտորոշմամբ 10 հիվանդներից 9-ը մոլի ծխողներ են: Իսկ տարեկան միջինը 1400  նոր դեպքը բավականին մեծ թիվ է մեր բնակչության համար:  Նրանցից 80 տոկոսը չի բուժվում և մի քանի տարվա ընթացքում մահանում է»:

Լևոն Բադալյանի տեղեկացմամբ՝ բացի թոքի քաղցկեղից, ծխախոտի օգտագործումը հանգեցնում է կոկորդի, ստամոքսի, երիկամների, միզապարկի քաղցկեղի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930