Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ վստահում են բանկերին

Հուլիս 07,2017 15:30

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը դրանում համոզված է

– Բանկային համակարգից կառավարություն եկած Տիգրան Սարգսյանը փորձում էր մեծ տեղ տալ բանկերին, անգամ համահայկական բանկ ստեղծվեց, որն առանձնապես ակտիվ չէ: Գործարարությունից կառավարություն եկած Կարեն Կարապետյանը փորձում է մեծ տեղ տալ գործարար տրամաբանությանը: Կառավարության մշակած 2017-2022 թվականների երկրի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության 122 էջանոց ծրագրում Կենտրոնական բանկի մասին ընդամենը երեք տող կա: Սա ի՞նչ է նշանակում:

– Կառավարության ներկայիս ծրագիրը, ինչպես եւ ցանկացած այլ ծրագիր, մեծապես պայմանավորված է նրանով, թե ինչ ֆինանսական ներարկումներ կլինեն տնտեսությունում: Կարեւոր է նաեւ տնտեսության եւ ֆինանսական հատվածների փոխներգործությունը: Ինչպես հայտնի է, մարդու ձեռքերով ստեղծված համակարգերը, ի տարբերություն բնականների, որպես կանոն, իդեալական չեն լինում եւ ունենում են երկու կողմ, երկու երես, ինչը չի նշանակում, որ մենք չպետք է անընդմեջ ձգտենք հասնել կատարելության: Ասածս վերաբերում է նաեւ բանկային համակարգին, որը վերջին տարիներին կանգնեց դեմ առ դեմ բազմաթիվ մարտահրավերների, բայց չնայած դրան՝ 2017թ.-ին թեւակոխեց որակապես նոր փուլ: Հասարակությանը հայտնի «բանկերի խոշորացման» գործընթացին տարբեր գնահատականներ են տրվել: Եղան մարդիկ, որ դրա հետ սկսեցին կապել անգամ ինչ-ինչ սոցիալական խնդիրներ… Կարծում եմ՝ բանկերն ու բանկային համակարգի պատասխանատուները պետք է փոքր-ինչ ավելի մատչելի լեզվով հանրությանը ներկայացնեին ինչպես դրա հնարավոր ռիսկերը, այնպես էլ ակնկալվող օգուտները:

Ինչպես հայտնի է, մարտահրավերների պարագայում, որպեսզի մեր բանկային համակարգը կարողանա շատ ավելի կայուն դիմակայել հնարավոր եւ պոտենցիալ ռիսկերին, դեռեւս 2014-ի վերջին կայացվել էր որոշում՝ մեծացնել բանկային համակարգի կապիտալի նվազագույն չափը։ 2015-16թթ. ունեցանք 175-180 մլրդ դրամի կապիտալի ներհոսք ֆինանսական համակարգ, որի գերակշիռ մասը՝ 150 մլրդ դրամ, տեղի ունեցավ 2016-ին, ինչն էականորեն բարձրացրեց տարածաշրջանում մեր բանկային համակարգի մրցունակությունը եւ երկարաժամկետ ժամանակահատվածում տնտեսությունը սպասարկելու ունակությունը։ 2015-2016թթ. Հայաստանի բանկային համակարգի կապիտալն աճել է 38,6 տոկոսով։ Դա տեղի է ունեցել բանկերի խոշորացման շնորհիվ։ 2015-16թթ. տեղի է ունեցել 4 միաձուլում, քանի որ մինչեւ 2017-ի սկիզբ բանկերը պետք է ընդհանուր կապիտալը 5-ից մինչեւ 30 մլրդ դրամ բարձրացնեին։ Բանկերը ոչ միայն միաձուլվել են, շատերը ինքնուրույն են համալրել իրենց կապիտալը։ Այստեղ-այնտեղ երբեմն խոսում են այն մասին, թե բանկերը կարող է «պայթեն», չդիմանան տարբեր անցանկալի զարգացումների: Իրականում կոնսոլիդացիան ստիպել է բանկերին ապաքինել նաեւ ֆինանսական ցուցանիշները։ Միաձուլման գործարքների ժամանակ բանկերը պետք է մաքրեին իրենց բալանսները, դուրս գրեին չաշխատող վարկերի բավականին մեծ մաս: Այդ ամբողջն ազդեց նաեւ բանկային համակարգի իրացվելիության վրա, ինչը բերեց նրան, որ ներկայումս ունենք բանկային համակարգ, որը տարածաշրջանում ամենաիրացվելիներից մեկն է։ Հայաստանում 2016թ. կապիտալի համարժեքության միջին ցուցանիշը կազմել է 20 տոկոս (2015թ.-ի վերջին՝ 16,2%, 2014թ.-ի վերջին՝ 14,5%), ինչը բանկային համակարգում նոր կապիտալ ներդրումների արդյունք է։ 2016թ. արձանագրվել է թե՛ վարկերի, թե՛ ավանդների բարձր աճ՝ նախորդ տարիների համեմատ։ Դա խոսում է բանկերի եւ ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացման մասին։

– Խոսում ենք թվերով, հանրության մեծ հատվածի համար անհասկանալի մասնագիտական տերմիններով, փաստեր հիշատակում, ու թեկուզ մեկ անգամ չնշեցիք պետական որեւէ կառույցի անուն. բանկերն ինչ-որ բան են արել, մարդիկ սկսել են վստահել բանկերին: Այս դեպքում մեր ինչի՞ն է պետք է այդքան մեծ աշխատակազմով ու շատ բարձր աշխատավարձերով Կենտրոնական բանկ:

– Միամտություն կլիներ կարծել, որ այս ամենը տեղի է ունեցել ինքնաբերաբար: Չհակադրվելով ֆինանսական շուկայի հիմնական թրենդներին՝ ՀՀ ԿԲ-ն, այնուամենայնիվ, կարողացել է վարել բավականին ճկուն, հավասարակշռված դրամավարկային քաղաքականություն: Բացի «բանկերի խոշորացումից», ԿԲ-ն շարունակել է տոկոսադրույքների նվազման դինամիկան։ Թե դրամային, թե արտարժութային վարկերի տոկոսադրույքները վերջին տասնամյակում շարունակել են կայուն կերպով նվազել։ Վերջին տարիներին Հայաստանում տոկոսադրույքները անշեղորեն նվազում են: Սա նշանակում է, որ բանկային ավանդներից գոյացող եւ հանրությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքներն էլ աստիճանաբար մատչելի են դառնում: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ 2015 թվականին դիտվել էր ավանդների տոկոսների աճ, հատկապես հայկական դրամով ավանդների դեպքում, սակայն 2016-ին նվազումը շարունակվել է՝ ի դեպ, ինչպես ավանդների, այնպես էլ վարկերի դեպքում: 2016 թվականին ֆինանսական գրեթե բոլոր գործիքների համար տոկոսադրույքները նվազել են առնվազն 1 տոկոսային կետով (100 բազային կետ): Մինչեւ մեկ տարի ժամկետայնության դրամային վարկերի միջին տոկոսադրույքը տնտեսական հատվածի համար առաջին եռամսյակի վերջին եղել է 14,2 տոկոս։ Նախորդ տարվա համեմատ այն էժանացել է 0,8 կետով։

Անհամեմատ թանկ են բնակչությանը տրամադրված դրամային վարկերը՝ միջինը 19,2 տոկոս։ Վերջին մեկ տարում դրանք էժանացել են 1,9 կետով։ Ազգային արժույթով տրամադրված՝ մեկ տարուց ավելի ժամկետայնությամբ վարկերի գինը նվազել է 1,5 տոկոսով։ Իջել են նաեւ տարադրամային վարկերի տոկոսադրույքները։ Բնակչությունը մինչեւ մեկ տարի ժամկետով վարկերը ներգրավել է 1,1, իսկ մեկ տարուց ավելիները՝ 2,4 տոկոսով ցածր գնով։ Տարադրամային վարկերը տատանվել են 13 տոկոսի սահմաններում։ Էժանացել են նաեւ հիփոթեքային դոլարային վարկերը։ Միջին տոկոսադրույքը այս շուկայում 11,8-ի սահմաններում է, ինչը 1,5 տոկոսով ցածր է նախորդ տարվա համեմատ։ Ի տարբերություն տարադրամայինի՝ դրամային հիփոթեքային վարկերը հիմնականում մնացել են անփոփոխ՝ միջինը 13 տոկոս։ Սպառողական վարկերի շուկայում նախորդ մեկ տարում տոկոսադրույքները նվազել են 1,7-1,8 կետով։ Ակնհայտ է, որ ինչպես ավանդային, այնպես էլ վարկային շուկայում տեղի են ունեցել գնային փոփոխություններ։ Այնուհանդերձ, վարկերի պարագայում ֆինանսական միջոցների էժանացման տեմպն ավելի ցածր է։ Սրան նպաստել է համակարգում ռիսկերի նվազումը…

– Շարունակում եք խոսել հանրության մեծ հատվածի համար անհասկանալի մասնագիտական տերմիններով:

– Բնական է, որ լայն հանրության համար դժվար մատչելի լինեն ֆինանսական, բանկային համակարգերին առնչվող մասնագիտական տերմինները, բանկային համակարգին առնչվող ցուցանիշները: Սակայն հենց դրանք են բնութագրում իրական պատկերը եւ շատ դեպքերում թույլ տալիս անգամ իրատեսական կանխատեսումներ անել: Հատկանշական է, որ նվազել է նաեւ ոչ ստանդարտ (ըստ հուսալիության) վարկերի տոկոսը: 2016-ի հունվարին այն կազմել է 7,95 տոկոս, իսկ 2017-ի մարտին՝ արդեն 6,2 տոկոս, եւ համակարգը տարին ամփոփել է շահույթով։ 2016-ին Հայաստանի բանկերը նաեւ կարողացել են բարձրացնել եկամտաբերությունը։ 2015-ին դրանց ակտիվների ու կապիտալի միջին եկամտաբերությունը (RoA, RoE) կազմել է 0,5 ու 3,5 տոկոս՝ համապատասխանաբար։ 2016-ին RoA-ն 1 տոկոսից քիչ էր (չնայած մի քիչ աճել էր), իսկ RoE-ն բարձրացել էր մինչեւ 5 տոկոսից քիչ ավելի։ Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ ֆինանսական կայունության 2016թ. տարեկան հաշվետվության մեջ, կապիտալի բարձր մակարդակի դեպքում բանկերը կկարողանան ավելի մեծ ռիսկեր ստանձնել: Կապիտալի մակարդակի ավելացումը ենթադրում է բանկերի կողմից վարկավորման հնարավորությունների ընդլայնում, մասնավորապես` երկարաժամկետ եւ խոշոր վարկերի ծավալների աճի առումով: Դրական կարելի է համարել նաեւ այն, որ բանկային համակարգի կանոնադրական կապիտալում ոչ ռեզիդենտների մասնակցության տեսակարար կշիռը 2014թ. նկատմամբ նվազել է 5.8 տոկոսային կետով եւ կազմել 62.0%: Բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման որոշումը, այլ հավասար պայմաններում, նպաստել է ֆինանսական կայունության ցուցանիշների բարելավմանը, վարկավորման ծավալների ավելացմանը եւ վարկերի տոկոսադրույքների որոշակի նվազմանը: 2016թ. ընթացքում ֆինանսական կայունությունը բնութագրող ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը աճել է 3.8 տոկոսային կետով (տարեվերջին կազմել է 20.0%), բանկերի ընդհանուր եւ ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները ավելացել են համապատասխանաբար 4.5 եւ 28.4 տոկոսային կետերով (տարեվերջին կազմել, համապատասխանաբար, 32.5% եւ 170.8%): Վարկավորման ծավալները ավելացել են շուրջ 15,4%-ով, վարկերի տոկոսադրույքները նվազել են 1-2 տոկոսային կետով:

– «Fitch Ratings» հեղինակավոր վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2017 թվականի համար: Ըստ կազմակերպության՝ կանխատեսվում է մինչեւ 3,4 տոկոս աճ` պետծախսերի ավելացման եւ արտահանման` սպասվածից ավելի արագ աճի շնորհիվ։ Սա ինչքանո՞վ է բանկային համակարգի վաստակը:

– «Fitch Ratings»-ը կանխատեսում է ՀՀ-ի բանկային համակարգի խոցելիության հետեւողական իջեցում: «Հայաստանի բանկային համակարգը մտավ 2017 թվական ավելի լավ վիճակում՝ ի հաշիվ վերականգնվող տնտեսության եւ հարաբերականորեն կայուն արժույթի, եւ լրացված կապիտալի ավելի ուժեղ բուֆերները ապահովում են բանկերի կայունությունն ակտիվների որակի վրա ցանկացած ճնշումների պարագայում»,- ասված է Fitch-ի օպերատիվ հաշվետվության մեջ: Fitch-ը նաեւ չի բացառում բանկերի հետագա կոնսոլիդացիան մրցակցային ճնշմանը զուգահեռ, ինչպես նաեւ վարկային պահանջի աճ: Հիշեցնենք, որ 2016թ.-ի դեկտեմբերին Fitch Ratings-ը վերանայել է «բացասական» կանխատեսումը ՀՀ բանկային համակարգի նկատմամբ «կայուն»-ի 2017թ.-ի համար: Ինձ համար պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ վերջին երկու տարիներին ՀՀ ԿԲ վարած արդյունավետ քաղաքականության արդյունքում ՀՀ դրամը միակ արժույթն է հետխորհրդային տարածքում, որ պահպանել է գրեթե բացարձակ կայունություն եւ կանխատեսելիություն՝ բազմաթիվ արժույթների ոչ միայն անկայուն վարքագծի, այլեւ երկնիշ թվերով գերարժեզրկման միտումների ֆոնի վրա: Սա, իմ համոզմամբ, կարեւորագույն գործոններից է, որ կարող է դրականորեն անդրադառնալ տնտեսության զարգացման վրա:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

07.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31