Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք կա՞ «դռնփակ դատի» խնդիր. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 07,2017 11:29

Արդեն կարծես սովորական է դարձել, որ «Սասնա ծռեր» զինված խմբի, ինչպես նաեւ՝ «Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսներ» գործերով դատական նիստերի ընթացքում ընդամենը հրապարակվում են ամբաստանյալների կամ նրանց պաշտպանների նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին դատավորների որոշումները: Ի վերջո դատաքննություն, որպես այդպիսին, նշված գործերով չի էլ սկսվել:

Ասում ենք՝ «սովորական է դարձել», բայց իրականում դա ամենեւին էլ սովորական երեւույթ չէ:

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ին վերաբերող գործով երեկվա դատական նիստը չշեղվեց վերոնշյալ տաղտկալի ուղեգծից: Բանն այն է, որ այս գործով 18-ից 15 ամբաստանյալի նկատմամբ դատարանը արդեն սանկցիա էր կիրառել՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի (ըստ կարգի՝ ոտքի չկանգնելու) համար 6 ժամով հեռացնելով դատարանի դահլիճից:
Իսկ այս գործով մյուս երեք ամբաստանյալները՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը եւ Թաթուլ Թամրազյանը, երեկ հայտարարեցին դատարանի դահլիճը լքելու ցանկության մասին, ըստ էության, նույն մոտեցմամբ, թե՝ մինչեւ իրենց ընկերները ներկա չլինեն, իրենք չեն մնա դատարանի դահլիճում: Դատարանը, բնականաբար, նրանց նկատմամբ էլ սանկցիա կիրառեց:
Ու դժվար չէ կանխատեսել հաջորդ դատական նիստի ընթացքը: Օրինակ, հնարավոր է, որ այս անգամ էլ դահլիճ վերադարձած 15 ամբաստանյալները կամ նրանցից մի քանիսը հայտարարեն, թե մինչեւ դահլիճ չեն բերվել իրենց երեք ընկերները, իրենք չեն ցանկանում ներկա լինել…

Մի խոսքով, ակնհայտ է, որ այս դատավարությունները կարող են ընկղմվել կամ արդեն իսկ ընկղմվում են անիմաստ տեղապտույտի հորձանուտ:

Այս իրավիճակի առնչությամբ թե՛ «Սասնա ծռեր» զինված խմբի գործերով, թե՛ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործով պաշտպանական կողմի ներկայացուցիչները, այսպես ասած, համակիր մեկնաբանները շարունակ նշում են, թե իշխանությունները այդպիսով ձգտում են հասնել նրան, որ նշված գործերով դատավարությունները դռնփակ ընթանան: Ու այդ ամենը այնքան վստահ տոնով են ասում, որ ոչ մեկի մտքով չի էլ անցնում հարցնել՝ իշխանությունների ինչի՞ն է դա պետք կամ ի՞նչ կարող են տալ այդ դռնփակ դատերը: Կարճ ասած՝ արդյոք կա՞ «դռնփակ դատի» խնդիր:

Ենթադրենք թե կա: Ի՞նչ կարող է դա տալ իշխանություններին: Անգամ թռուցիկ դիտարկումը բավարար է համոզվելու համար, որ ավելորդ ու անտեղի խնդիրներից բացի՝ ուրիշ ոչինչ: Բայց չբավարարվենք «թռուցիկ դիտարկմամբ»:

Ամենից առաջ, «դռնփակ դատերը», որքան էլ որ դա օրենքի պահանջներին համապատասխան լինեն, կարող են խնդրահարույց դիտվել արեւմտյան գործընկերների կողմից: Ու մանավանդ այս փուլում իշխանություններին ստուգապես պետք չեն անտեղի խոսակցություններ նման թեմայով:

Երկրորդ. որքան էլ դատը դռնփակ լինի, այն ամեն դեպքում լուսաբանվելու է: Տվյալ դեպքում, «լուսաբանողները» կամ ենթադրյալ դռնփակ դատերի մասին պատմողներն ինքնաբերաբար կդառնան ամբաստանյալների պաշտպանները: Այսինքն՝ գործի բերումով իսկ կողմնակալ անձինք, որոնք վճարվում են կոնկրետ ամբաստանյալների պաշտպանելու համար:

Կարելի է պատկերացնել, թե ինչ միակողմանի պատկեր «կգծագրեն» նրանք՝ փակ դռների հետեւում տեղի ունեցողը ներկայացնելու մենաշնորհ ստանալով: Ինքնին հասկանալի է, որ դատարանը եւ մեղադրող կողմերը կաշկանդված են այդ առումով:

Երրորդ. դռնփակ դատական նիստերն ավելորդ են նաեւ այն առումով, որ, միեւնույն է, դրանց ընթացքն արձանագրվում է, ավելին՝ դրանք հաջորդ դատական ատյանում կարող են, ու շատ հնարավոր է, որ մեղադրական դատավճիռներ լինելու դեպքում, վիճարկվեն:
Չորրորդ. կա ենթադրություն, թե դռնփակ դատական նիստերի դեպքում զինված խմբի ներկայացուցիչները, առհասարակ զենքով «հարցեր լուծելու» եւ բռնության բացահայտ կողմնակիցները հնարավորություն չեն ունենա օգտագործել դատարանական հարթակը իրենց ծայրահեղական մոտեցումները քարոզելու համար:

Սա եւս համոզիչ չի հնչում, որովհետեւ դատարանը, այնուամենայնիվ, հանրահավաքի հարթակ չէ, իսկ սահմանված կարգի խախտումների համար էլ դատարանը պարտավոր է պատժամիջոցներ կիրառել: Մի բան, որին ականատես ենք լինում, օրինակ, այս ընթացքում:

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31