Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվինա Գյուլումյան. «Մենք, իհարկե, առաջատար ենք, մեծ թվով դիմումներ ենք ներկայացնում ՄԻԵԴ». «Հրապարակ»

Հուլիս 27,2017 12:21

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մի շարք գործերով ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն օրեր առաջ Ֆեյսբուքում մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանը ԵԽ անդամ 47 երկրների թվում 100 հազար բնակչի թվով ՄԻԵԴ-ում գտնվող դիմումների քանակով բացարձակ առաջատարն է՝ 70 դիմում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2003-2014թթ. Հայաստանի դատավոր, 2014-ից ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը նշում է, որ ՄԻԵԴ-ի տվյալներն ամեն ամիս պաշտոնապես թարմացվում են։ Դրանց համաձայն՝ 2017թ. հունիսի դրությամբ ՀՀ-ն ՄԻԵԴ մուտքագրվող դիմումների քանակով 9-րդն է։

– Այս փաստն ինքնըստինքյան ոչինչ չի ասում, մեզնից ավելի շատ դիմումներ ներկայացնում են Վրաստանը, Ադրբեջանը։

Մենք պետք է նայենք, թե որքան է կազմում 10 հազար բնակչին ընկնող դիմումների քանակը։ Կա երկիր, որը շատ բնակչություն ունի, դիմումները կարող են շատ լինել, կա երկիր, որի բնակչությունը փոքրաթիվ է, դիմումներն էլ կարող են քիչ լինել։ 10 հազար բնակչից 2,51-ն է դիմում ՄԻԵԴ, իսկ 100 հազար բնակչից 25-ն է դիմում։

Մենք, իհարկե, առաջատար ենք, մեծ թվով դիմումներ ենք ներկայացնում ՄԻԵԴ։ Սա բարձր է եվրոպական միջինից, այնտեղ միջինը 0,64 է։ Հարեւան Վրաստանը 0,16 է, Ադրբեջանը 0,34 է, Թուրքիան՝ 6, Ուկրաինան՝ 1,9։ Չեմ կարող ասել՝ այս ցուցանիշները դրակա՞ն են, թե՞ բացասական։ Դրական է, որ մեր ժողովրդի իրավագիտակցությունը բարձրացել է։

Եվ եթե Ադրբեջանից, օրինակ, քիչ են դիմում ՄԻԵԴ, ապա դա չի նշանակում, թե այնտեղ արդարադատության նկատմամբ վստահությունն ավելի մեծ է։ Կարող են ուղղակի լինել ստրկամիտ քաղաքացիներ, որոնց համար, օրինակ, խնդիր չէ, թե իրենց թույլ չեն տա ցույցի մասնակցել։ Ճիշտ է, խնդիր է, որ 100 հազար բնակչից 25-ն է դիմում, իսկ Վրաստանից՝ 0,16։

Կարող ենք ասել, որ այնտեղ դատարաններին ավելի շատ են վստահում կամ այնտեղ այնպիսի վերջնական վճիռներ են կայացնում, որ քաղաքացին բավարարված է լինում, բայց դատարանների նկատմամբ վստահության մասին խոսելուց առաջ պետք է ավելի լուրջ ուսումնասիրություն կատարել։

Ես, իհարկե, գիտեմ, թե որքան դժգոհություններ կան արդարադատության համակարգից։ Մենք՝ ինքներս, պետք է կատարենք ուսումնասիրություններ եւ դրանցից ելնելով էլ՝ անենք որոշակի հետեւություններ։

Ճիշտ չի լինի մարդու իրավունքների վիճակը գնահատել ՄԻԵԴ-ի կողմից որոշվող վնասի փոխհատուցման չափով։ Էականը վնասի փոխհատուցումը չէ, այլ այն՝ խախտումն արձանագրվե՞լ է, թե՞ ոչ։ Ի վերջո, քաղաքացին կարող է դիմել ՄԻԵԴ եւ չպահանջել վնասի հատուցում։ Նա կարող է ցույց տալ, որ իր իրավունքը խախտվել է, եւ պետական ատյանները թերացել են։ Կարեւորն այն է, թե ինչպիսի խախտումներ են գրանցվում, որոնք են այդ խախտումների պատճառները եւ ինչպես կարելի է դրանք վերացնել: Սրանք են այն հարցերը, որ լուրջ քննարկման առարկա են:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31