Լրահոս
Օրվա լրահոսը

Մաթեմատիկայի դասագրքի խնդիրներում պիտի ոչ թե գրեն Երեւանից Մոսկվա այսքան կմ է, այլ՝ Երեւանից Վան այսքան է. ԿԳ նախարար

Օգոստոս 22,2017 19:21

«Մի հոգի կարող է պատահի մի խոսք ասի, օրինակ, հայրանունը պետք է փոխել, ամբողջ հասարակությունը մտնի քննարկման մեջ, կամ մի հոգի կարող է կանգնի, մի խոսք ասի, թե ռուսերենը արդեն դառնում է մեր պետական լեզուն, որովհետեւի ՌԴ-ում ինչ-որ մի պաշտոնյա ինչ-որ բան է ասել եւ մի ամբողջ հասարակություն վախով քննարկում է, թե ինչպես կարող ենք առնել դրա դեմը: Սա նշանակում է, որ մենք մեր կրթական համակարգով մեր նկատմամբ վստահության պակաս ենք առաջացրել: Ի վերջո ո՞վ պիտի այդ քայլը կատարի, եթե պիտի այդպիսի վատ քայլ կտարի»,- այսօր կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Խոսելով դաստիարակության եւ դասագրքերի մասին՝ նախարարն ասաց. «Շատ կարեւոր է, որ մեր մաթեմատիկայի գրքի մեջ խնդիրները գրված լինեն ոչ թե Երեւանից Մոսկվա այսքան կմ է, այլ՝ Երեւանից Վան այսքան է: Սա ազգայնականություն չի, ծայրահեղություն չի, պետության իրավունքն է իր տեսակի շարունակականությունն ապահովելու համար: Մենք ժամանակին մերժեցինք եվրոպական գրահրատարակության էժան օտար լեզվի դասագրքի մուտքը Հայաստան՝ 98-ին, եթե չեմ սխալվում, անգլերեն լեզու էր, որը պատրաստվել էր Թուրքիայի համար, որտեղ բոլոր աշխատանքային բաները թուրքական էպոսներից էին, Աթիլլա եւ այլն: Եթե մենք մեր դասագիրքը գրում ենք, մեր հեղինակների, մեր մենթալիտետի թարգմանություն պիտի դնենք: Եթե մենք այստեղ թերանում ենք, դրա համար վախենում ենք՝ ռուսերենը հաղթեց, անգլերեն ենք խոսում եւ այլն: Մենք չենք վախենա օտար լեզուների զարգացումից, միջազգային համալսարանների գոյությունից, վախենում ենք, որովհետեւ մերը ճիշտ չենք կառուցել»:

Քննարկման մասնակիցներից մեկը նախարարին հարցրեց, թե հնարավո՞ր է մի համակարգ ստեղծեն, որ թոշակի գնացած ուսուցիչն աշխատի իր փորձը փոխանցել, ոչ թե նրան միանգամից հաջողություն ասեն ու հեռացնեն: Նախարարը պատասխանեց, որ եթե կարողանան ձեւ գտնել՝ բավարար է. «Պետք է աշխատենք սոցիալականի մեջ երկու ուղղություն նախատեսել, մեկը երիտասարդների եւ տղամարդկանց ներգրավումը հանրակրթական համակարգում ուղղությունն է, երկրորդը՝ տարիքով եւ մասնագիտական մեծ հմտություն, փորձառություն ունեցող մարդկանց օգտակար ներկայությունն է համակարգում: Օրինակ, թերբեռնված դպրոցների ուսուցչության համակարգում այդ գաղափարն ուզում ենք կիրառել»:

Շիրակի մարզի դպրոցներից մեկի տնօրենը հարցրեց՝ համայնքների խոշորացման հետեւանքով դպրոցներ փակվելո՞ւ են՝ նախարարը պատասխանեց. «Եթե մի գյուղում կա 20-30 աշակերտ, ասում ենք՝ ինչպե՞ս ենք պահում այդ 30 աշակերտանոց դպրոցը: Եթե մենք գտնում են,ք որ այդ 30 աշակերտանոց դպրոցը պիտի մնա, ուրեմն այդ գյուղը պիտի ունենա իր շնչելու համակարգը: Դպրոցը գյուղի շնչելու համակարգ է: Եթե կողք կողքի դպրոցներ կան, 500 մետր հեռավորության վրա, կարող ենք վերանայել: Լոռու մարզում, Արագածոտնի մարզում փոքրաթիվ աշակերտություն ունեցող դպրոցներ կան, ինչպե՞ս անենք, որ որակ չկորցնենք: Օրինակ, դպրոցներ ունենք, ինձ ասում են, ես, որպես նախարար, չեմ կարողանում դրա պատասխանը տալ, որտեղ նոյեմբերին կողպեքը կախում են դպրոցի վրա, մարտին բացում են, որովհետեւ 7-8 երեխա է, մի աշակերտը դպրոցի վրա տարեկան նստում է 5 մլն դրամ: Ամենակարեւորը՝ նստելը դեռ ոչինչ, բայց ինքը չի գնում դպրոց, դպրոցը չի մատուցում իր ծառայությունը: Դրա համար մենք փոքր աշակերտություն ունեցող դպրոցների ապահովման ծրագիր ենք անում»:

Լեւոն Մկրտչյանն ասաց, որ արդեն 14 փոքր դպրոցի հարց են ներկայացրել կառավարությանը, դրանք իր խոսքերով՝ մարող դպրոցներ են եւ կողքը կա այլընտրանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031