Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե ցցվել, այլ՝ ձուլվել

Օգոստոս 26,2017 10:00

Ամերիկացի հոգեբանները հետազոտություն են անցկացրել ամուսնական զույգերի միջեւ եւ խնդրել ամուսիններին նշել, թե ինչպիսի ներդրում ունեն նրանք «տան կառավարման» գործերում` սկսած աղբը դուրս տանելուց եւ վերջացրած երեխաների դաստիարակությամբ: Իրենց ներդրման չափը ամուսինները պետք է նշեին տոկոսներով: Չեք կասկածում, չէ՞, որ այդ տոկոսների գումարելին միշտ 100-ից ավելին էր կազմում:

Այսինքն` այնպես չէր, որ եթե, ենթադրենք, կինն իր ներդրումը գնահատում էր 55 տոկոս, ապա ամուսինն «իր վրա էր վերցնում» պատասխանատվության 45 տոկոսը: Ոչ, ամուսինն էլ իր հերթին կարծում էր, որ նա ունի 55 կամ նույնիսկ 60 տոկոս «լումա»: Հոգեբանները դա կոչում են կանխակալություն` պատասխանատվության հարցում:

Մենք չենք կարող օբյեկտիվորեն գնահատել մեր ներդրումը «տնային գործերում», աշխատավայրում, հասարակական, պետական կյանքում: Խոսում ես, օրինակ, նախկին պաշտոնյաների հետ, եւ նրանց ամեն երկրորդ բառն է` «ես որոշեցի», «ես հրամայեցի», «ես արգելեցի», «ինձ զեկուցեցին»: Ընդ որում, նա կարող է բարձրագույն էշելոնի պաշտոնյա էլ չլիներ, բայց հիշողությունների մեջ տպավորվել է սեփական «դերի եւ նշանակության» ուռճացված պատկերը:

Իհարկե, պատահում է, որ մարդիկ իրենց ներդրման մասին պարզապես ստում են՝ գիտեն, որ իրականում մատը մատին չեն խփել, բայց այս կամ այն պատճառով աջուձախ պատմում են իրենց «հերոսական ջանքերի» մասին (օրինակ, առնվազն 10 հազար հոգի «ազատագրել է Շուշին»): Բայց վերոհիշյալ հոգեբանական թեստը դրա մասին չէ. մենք դիտարկում ենք այն դեպքը, երբ ամուսինը, ընկերության աշխատակիցը կամ քաղաքական գործիչն իսկապես համոզված է, որ իր «լուման» այս կամ այն գործում  հսկայական է: Այս դեպքի համար առաջարկում եմ սեփական ինքնասիրությունը շոյող մտքերից հրաժարվելով, օրական հինգ րոպե առանձնանալ եւ խորհել՝ իսկապե՞ս իմ մասնակցությունն այս կամ գործին այդքան վճռական է: Եվ գուցե արժե՞ մտածել ոչ թե դափնիներ վայելելու, ոչ թե վերցնելու, այլ տալու եւ աննկատ մնալու մասին:

Բարոյական (ոչ իրավական) տեսակետից չկա որեւէ բանի «հեղինակային իրավունք», ինչ որ ստեղծվում է, ստեղծվում է համատեղ ջանքերով: Նրանք, ովքեր աշխատում են հեռուստատեսությունում, դա շատ լավ գիտեն. այն, որ իմ դեմքը հայտնվում է էկրանին, չի նշանակում, որ ես ավելի կարեւոր եմ, քան ռեժիսորը, խմբագիրը, օպերատորը, մոնտաժողը եւ մնացածները: Սա, ինձ թվում է, շատ լավ օրինակ է այն մասին, որ ցանկացած գործի հաջողության համար հաճախ անհրաժեշտ է ոչ թե ցցվել, այլ հակառակը՝ ձուլվել, լինել թիմի անդամ, նվիրվել ընդհանուր գործին: Դա ճիշտ է հատկապես պետական գործի դեպքում:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. samvel says:

    Ձեզ հետ լիովին համաձայն եմ.

  2. Կարո Մելիքյան says:

    Եթե ընտանիքում կինը ՀՀԿ-ական է եւ ունի պաշտոն,իսկ ամուսինը անկուսակցական է, ապա, բոլոր 100 տոկոս ու մի բան էլ ավել նրա «շնորհքն» է…հետեվությունը ընթերցողներին…

  3. Zaven says:

    Եթե Ձեզ հարցնեն ով է գրել այս հոդվածը Դուք կասեք,որ 100 տոկոսով Ես,քանի որ այն տեղադրված է Ձեր սյունյակում և եկամուտը այս հոդվածից, ինչքան հասկանում եմ, չեք պատրաստվում կիսել ամերկացի հոգեբանների հետ,առավել՝ Դուք նույնիսկ չեք էլ նշել նրանք ովքեր են,այսինքն հոդվածի հեղինակ դուք ամբողջովին Ձեզ եք համարում։
    Եթե այս նույն հարցը տայինք ամերիկացի հոգեբաններին, նրանք կասեին որ 80 տոկոսով հոդվածի հեղինակներն իրենք են,․քանի որ համ հետազոտությունն են իրենք արել, համ եզրակացությունը։Ձեզ բաժին կտային միայն խմբագրման և հայկական իրականության հետ համեմատելու մասը։
    Եզրակացություն՝ համ Դուք եք ճիշտ, քանի որ ինֆորմացիան ազատ է եղել և նրանք, քանի որ հոդվածը ստեղծված է իրանց հետազոտությունների և եզրակացությոըժւնների հիման վրա։

  4. Լավատես says:

    Մեծ մարդուն ոչ մի բան՝ փողը, իշխանությունը, ՝ցցունությունը՝ չի փչացնի, բայց փոքր մարդուն սկզբից պետք է դաստիարակել՝ Մեծ մարդ դարձնել ու հետո նոր վստահել փող, իշխանություն, իսկ ՝ձուլվելը՝, համեստությունը՝ դրանք լուսանցքային երեւույթներ են, դրա փոխարեն պետք է ՝ցցուն՝ լինել ու սեփական սիրտը հանել ու մթության մեջ խարխափող աշխատակիցների ու քաղաքացիների համար ճանապարհը լուսավորել:

  5. Ավելի լավատես says:

    Լավատեսի հետ լիովին համաձայն եմ:

  6. Araqel says:

    Ամերիկյան հոգեբանների փորձը էշություն է, այն առումով, որ եթե “ընտանիքում” սկսում են հաշվել ներդրումի տոկոսը, նշանակում է այդտեղ Ընտանիք գոյություն չունի:
    Նույնը վերաբերվում է թիմային աշխատանքին: Եթե հաշվում են, նշանակում է
    Թիմ չկա:

  7. մարդամեկ says:

    Հավասարակշռված ընտանիքներում ամեն մարդ գիտի իր անելիքը, իրենք փոխհամատեղում են եվ բոլորը խոսում են ընդհանուրի անունից. Եթե ընտանիքից որեվ է մեկը համենայն դեպս փորցում է ուռչացնել իր արածները դա միայն քմծիծաղ է առաջացնում ընտանիքի մյուս անդամների մոտ,

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031